Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1256-11.10.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն, այսուհետ` Օրենք) Օրենքի 16-րդ հոդվածի`

1) երկրորդ մասից հանել «, ինչպես նաեւ որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հիմքերը» բառերը.

2)  երկրորդ մասը լրացնել 1)-ին, 2)-րդ, 3)-րդ, 4)-րդ, 5)-րդ, 6)-րդ եւ 7)-րդ ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ`

«1) Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության որակավորման վկայականի(այսուհետ` վկայական) գործողության կասեցման համար հիմք են`

ա. վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը.

բ. կառավարության որոշմամբ սահմանված քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը:

2) Վկայականի գործողությունը կասեցնելու մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանը` այն կայացնելու օրվանը հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում, տրվում կամ պատշաճ ձեւով ուղարկվում է որակավորում ստացած անձին: Վկայականի գործողությունը կասեցվում է մինչեւ դրանց պատճառների վերացումը:

3) Վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնել քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեություն` բացառությամբ այն դեպքերի, երբ այն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն:

4) Վկայականի գործողության դադարեցման համար հիմք են`

ա) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելը.

բ) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.

գ)  վկայականի գործողության դադարեցման վերաբերյալ որակավորված անձի դիմումը.

դ) վկայականի գործողության կասեցման ժամկետում գործունեություն իրականացնելը.

ե)  մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը:

զ)  որակավորված անձի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատական ակտը:

5) Վկայականի գործողությունը դադարեցման մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանը` այն կայացնելու օրվանը հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն կետի զ) կետի), տրվում կամ պատշաճ ձեւով  ուղարկվում է որակավորում ստացած անձին:

6) Վկայականի գործողության կասեցումը եւ դադարեցումը կատարվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով:

7) Վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը կարող է դիմել դրա գործողության դադարեցման օրվանից վեց ամիս հետո:»:

Հոդված 2. Օրենքի  72-րդ հոդվածի`

1) առաջին մասում լրացնել 4)-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ`

«4) խրախուսման ֆոնդ:»

2) հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

 «5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի աշխատակիցների խրախուսման ֆոնդի չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդը:»:

Հոդված 3.  Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետում «14-րդ եւ 21-րդ» բառերը փոխարինել «16-րդ եւ 18-րդ» բառերով:

Հոդված 4. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն) Օրենքի «Հոդված 2. Անցումային դրույթներ» բաժնում` Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության աշխատանքների իրականացման համար անձանց որակավորումը Հոդվածի 3-ի առաջին մասի 1)-ին կետից հանել «, ինչպես նաեւ որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հիմքերը.» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1.  Անհրաժեշտությունը

Նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 11.11.2010թN 44 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման» հայեցակարգի (այսուհետ` Բարեփոխումների հայեցակարգ) հիման վրա անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգում համալիր բարեփոխումների ծրագրի արդյունավետ իրականացման տեսանկյունից չափազանց կարեւոր ՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգում աշխատանքի վարձատրության մակարդակի վերանայման եւ որպես դրա արդյունք` համակարգում առկա մասնագիտական ներուժի պահպանման, զարգացման եւ համակարգի աշխատակազմը նոր` որակյալ մասնագետներով համալրելու խնդիրների լուծման, ինչպես նաեւ համապատասխան որոկավորում ունեցող անձանց կողմից անշարժ գույքի չափագրման աշխատանքների իրականացման հնարավորության ընձեռնման պայմաններում որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու օրենսդրական բավարար հիմքերի սահմանման անհրաժեշտությունը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգը, հանրային ծառայություններ մատուցող այլ պետական մարմիններից,  առաջին հերթին առանձնանում է համակարգի կողմից սպասարկվող դիմողների անհամեմատ մեծ քանակությամբ: Այսպես, համակարգի կողմից տարեկան կատարվում է շուրջ 420 հազար գործառնություն, այսինքն` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից տրվում է այդքան դիմում, որոնց հիման վրա կատարվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցումներ, շարժական գույքի գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալությունների գրանցումներ եւ տեղեկատվության տրամադրում: Եվ յուրաքանչյուր ընտանիքի անդամների միջին քանակը ընդունելով 4 անձ, եթե նշված 420 հազար թիվը  բազմապատկենք 4-ով, ապա կստացվի, որ համակարգի ծառայություններից անմիջականորեն եւ անուղղակի կարգով օգտվում է հանրապետության ազգաբնակչության ավելի քան 1/2-ը: Պետք է նկատել նաեւ, որ շփման ոլորտը ՀՀ քաղաքացիներից բացի ընդգրկում է նաեւ սեփականության իրավունքի այլ սուբյեկտներին, որոնց թվին են դասվում նաեւ պետությունը, համայնքները, իրավաբանական անձինք, այդ թվում բոլոր բանկերը, այլ ֆինանսական հաստատությունները, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներն ու իրավաբանական անձինք:

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական բանկը, հանդիսանալով հանրապետության կարեւորագույն հանրային ռեեստրներից մեկը, ոչ միայն իրականացնում է անշարժ գույքի, դրա նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների, հանրապետության հողային ֆոնդի եւ քարտեզագրագեոդեզիական տվյալների վերաբերյալ տեղեկատվությամբ հանրությանը ապահովելու գործառույթները, այլ նաեւ կարեւոր եւ անհրաժեշտ տեղեկատվական հիմք է հանդիսանում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման գրեթե բոլոր մակարդակներում բազմաթիվ տնտեսական եւ կառավարչական նշանակության որոշումների ընդունման համար, ուստի եւ կադաստրային տվյալների օբյեկտիվությունը, ճշգրտությունն ու անընդհատությունը, որոնց ապահովումը հանդիսանում է համակարգի հիմնական խնդիրներից մեկը, ուղղակիորեն ազդում է նաեւ բազմաթիվ այլ ոլորտներում ընդունվող որոշումների որակի եւ օբյեկտիվության վրա: Հարկ է նշել նաեւ, որ անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի տվյալները օգտագործվում են պետական այնպիսի կարեւորագույն սոցիալական գործառույթների իրականացման ընթացքում որոշումներ կայացնելիս, ինչպիսիք են բնակչության անապահով  խավերի սոցիալական օժանդակության տրամադրումը, աղետի գոտու բնակիչների բնակարանային ապահովումը եւ այլ նմանատիպ գործառույթներում, որտեղ տեղեկատվական ապահովման առումով ցանկացած թերություն կարող է անբարենպաստ անդրադառնալ խնդրի կարգավորման վրա:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հանդիսանում է գույքային շրջանառության գրեթե բոլոր ընթացակարգերի ավարտը ամրագրող գործառույթ: Այս առումով,  անշարժ գույքի կադաստր վարող մարմինը եւս առանձնանում է գույքային շրջանառության մեջ  ներգրավված` պետական կամ հանրային գործառույթներ իրականացնող այլ մարմիններից /նոտարներ, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ/: Մասնավորապես, եթե նոտարները այդ ընթացակարգերին ներգրավվում են հիմնականում անշարժ գույքի գործարքների կամ ժառանգության իրավունքի ձեւակերպման առումով, տեղական ինքնակառավարման մարմինները` հողհատկացման, քաղաքաշինական գործունեության կարգավորման կամ գույքային իրավունքների վերականգնման գործառույթների սահմաններում, ապա անշարժ գույքի կադաստրը ներգրավված է բոլոր այս ընթացակարգերում եւ հանդիսանալով նման ընթացակարգերի ավարտի իրավական ձեւակերպումը իրականացնող մարմին, պետք է ապահովի բոլոր այդ ընթացակարգերում ներգրավված կառույցների գործառույթներին վերաբերող թե իրավական եւ թե մասնագիտական գիտելիքների պատշաճ մակարդակ: Բացի այդ, նշված ընթացակարգերի ավարտական փուլի հիմնական պատասխանատու անշարժ գույքի կադաստր վարող մարմինը անխուսափելիորեն կատարում է նաեւ յուրօրինակ «զտիչի» դեր,  քանի որ պետության կողմից իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, որը կատարվում է իրավունքի պետական գրանցման ակտի ընդունման միջոցով, ինքնին արդեն իսկ ենթադրում է այդ իրավունքի ձեռքբերման ընթացակարգերի ընթացքում ՀՀ օրենսդրության պահանջները պահպանված լինելու հանգամանքի հաստատում:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 23.06.2011թ. կատարված փոփոխությունների արդյունքում վերացվել է անշարժ գույքի գործարքների գրեթե բոլոր տեսակներով նոտարական պարտադիր վավերացման պահանջը, որպես այլընտրանք 2012 թվականի հունվարի 1-ից նախատեսելով ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերին համապատասխանող գործարքներով նաեւ   ստորագրությունների իսկության ճանաչմամբ քաղաքացիաիրավական գործարքների կնքման հնարավորությունը: Ստորագրությունների իսկության ճանաչման լիազորությունները վերը նշված օրենքի պահանջների համաձայն` 2012 թվականի հունվարի 1-ից վերապահվել են անշարժ գույքի պետական ռեգիստրին:

Համակարգի առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացումը, այդ գործառույթների իրականացման ընթացքում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառելիության մակարդակի բարձրացման խնդիրը, ինչպես նաեւ բարեփոխումների արդյունքում համակարգին վերապահվող նոր գործառույթների, մասնավորապես` նոտարական վավերացման պարտադիր պահանջը վերացված գործարքների տեսակներով ստորագրությունների իսկության ճանաչման ինստիտուտի ներդրումն ու արդյունավետ իրականացումը պահանջում են անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների անընդհատ կատարելագործում, համակարգում նոր` որակյալ կադրերի ներգրավում: Այս տեսանկյունից չափազանց կարեւոր է համակարգում աշխատանքի վարձատրության մակարդակը, որի բարձրացումը նախ որոշակիորեն կկանխի համակարգում մասնագիտական գիտելիքներ եւ փորձառություն ստացող որակյալ կադրերի արտահոսքը դեպի աշխատանքի վարձատրության ավելի բարենպաստ պայմաններ առաջարկող  մասնավոր հատված, եւ, որն ամենակարեւորն է, կնվազեցնի համակարգում կոռուպցիոն ռիսկերի առաջացման վտանգը, քանի որ ինչպես արդեն նշվեց, համակարգի ծառայություններից օգտվող քաղաքացիների բավականին մեծ թվաքանակի առկայության պայմաններում, այդ ծառայությունների մատուցման գործառույթները իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության պատշաճ մակարդակ չապահովվելու դեպքում, չափազանց դժվար է ապահովել նման ծառայությունների մատուցման պատշաճ որակ` միաժամանակ զերծ մնալով կոռուպցիոն ռիսկերի  առաջացման վտանգից:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի բնագավառում ներկայումս   նախաձեռնվել են համակարգային բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակներն են հանդիսանում համակարգի գործառույթների իրականացման ընթացքում վարչարարության  բարելավումը, այդ թվում` այդ գործառույթներից օգտվող անձանց սպասարկման որակի բարձրացումը, գործառույթների իրականացման թափանցիկության եւ վերահսկելիության մակարդակի բարձրացումը, բյուրոկրատական քաշքշուկի առավելագույնս բացառումը,  կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, առկա աշխատանքային եւ նյութական ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը  եւ արդյունավետության բարձրացումը:

Իրավունքների պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի իրականացման էլեկտրոնային համակարգերի ներդրումը, ինչը նաեւ թույլ կտա այդ գործառույթների իրականացման նկատմամբ կիրառել առցանց վերահսկողության մեխանիզմներ, այդ գործառույթների իրավական կարգավորման բաղադրիչների ներկայումս ընթացող վերանայումը` դրանց առավել մանրակրկիտ կանոնակարգման եւ տարաբնույթ ընկալումների վտանգ առաջացնող դրույթների վերացման ուղղությամբ, միտված են քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց ծառայությունների  մատուցման ընթացքում կամայական մոտեցումների դրսեւորման վտանգ առաջացնող ընթացակարգերի վերացմանը, ծառայությունների մատուցման ժամկետների խստագույնս պահպանման եւ անհարկի բյուրոկրատական քաշքշուկների վերացման ապահովմանը: Սակայն միայն վարչական վերահսկողության ճկուն մեխանիզմների ներդրումը եւ գործառույթների իրավական կանոնակարգման հստակեցումը ամբողջությամբ բավարար չէ ակնկալվող արդյունքներին հասնելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է նաեւ նշված գործառույթների իրականացման մասնագիտական ապահովումը, ինչին հասնելու համար անհրաժեշտ է ձեռնամուխ լինել նման մասնագետների գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործմանը, համակարգի անձնակազմը նոր` բանիմաց եւ ունակ մասնագետներով համալրմանը, ինչի համար նախ անհրաժեշտ է ապահովել նման մասնագետների աշխատանքի վարձատրության պատշաճ եւ մրցունակ մակարդակ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի կարգավորման  հիմնական նպատակը քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հիմքերի, ինչպես նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգում աշխատանքի վարձատրության առանձնահատկությունների օրենսդրական ամրագրումն է:

Նախագծի 2-րդ հոդվածի կարգավորման նպատակը 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետում տեղ գտած տեխնիկական վրիպակի ուղղումն է, քանի որ նշված ենթակետի հղումները պետք կատարվեն նույն մասի 16-րդ եւ 18-րդ, այլ ոչ թե 14-րդ եւ 21-րդ ենթակետերին:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

 Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրինագծի ընդունմամբ օրենսդրորեն կամրագրվեն  անշարժ գույքի պետական ռեգիստրում աշխատանքի վարձատրության հետ կապված հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները, որը թույլ կտա հետեւողականորեն զարգացնել համակարգում առկա մասնագիտական ներուժը, համակարգը համալրել նոր`  բանիմաց եւ ունակ մասնագետներով, ինչը անհրաժեշտ է Բարեփոխումների հայեցակարգով նախատեսված բոլոր միջոցառումների արդյունավետ իրականացման եւ համակարգի առջեւ դրված խնդիրների լուծման կադրային ապահովման համար:

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1  հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական www.cadastre.am կայքում:

2  Հասարակության մասնակցությունը նախագծմանը եւ /կամ/ քննարկումներին-հասարակությունը Նախագծերի քննարկմանը մասնակցություն չի ունեցել

3  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) -