Armenian ARMSCII Armenian
Կ-025-26.02.2019-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի փետրվարի 2-ին ստորագրված «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում: Այն հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր եւ կազմում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները՝ հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված դրույթների վրա, հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով մշակել են «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Համաձայնագրով կազմակերպությանը իրավունք է վերապահվում իրականացնել իրավատերերի որոշ գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարումը, նրանց ստեղծագործությունների օգտագործման հսկողությունը, իրավատերերի կողմից ստացված լիազորությունների շրջանակում որպես իրենց ներկայացուցիչ բանակցել ստեղծագործություններն օգտագործողների հետ, նրանց անունից օգտագործման թույլտվություն տալ համապատասխան վարձատրության դիմաց, ինչպես նաեւ հավաքել այդ վարձատրությունն ու վճարել իրավատերերին:

Կոլեկտիվ կառավարումը չափազանց կարեւոր դեր ունի երկրի մշակութային արժեքների փոխանակման, մշակույթի զարգացման եւ իրավատերերի կենսապայմաններն ապահովելու գործում՝ ընձեռելով նրանց ազատ ստեղծագործելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով, կարեւորվում է կոլեկտիվ հիմունքներով կառավարող նոր կազմակերպությունների ստեղծումը, որոնք կապահովեն իրավատերերի իրավունքների պահպանությունն ու վարձատրության հավաքումը:

Համաձայնագիրը նախատեսում է նաեւ կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունների պարտավորությունները կարգավորող միասնական դրույթներ:

Համաձայնագրով սահմանվում են անդամ պետությունների լիազոր մարմինների համագործակցության հնարավոր ձեւաչափերը, այդ թվում՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ միմյանց անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ այլ շահագրգիռ մարմինների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Համաձայնագիրը սահմանում է իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների գործունեության հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության, արդարության սկզբունքների վերաբերյալ համապատասխան դրույթներ, ինչպես նաեւ պատասխանատվություն պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:



ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի վավերացման առնչությամբ առաջանում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:



ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում: Այն հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր եւ կազմում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները՝ հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված դրույթների վրա, հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով մշակել են «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագրով կազմակերպությանը իրավունք է վերապահվում իրականացնել իրավատերերի որոշ գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարումը, նրանց ստեղծագործությունների օգտագործման հսկողությունը, իրավատերերի կողմից ստացված լիազորությունների շրջանակում որպես իրենց ներկայացուցիչ բանակցել ստեղծագործություններն օգտագործողների հետ, նրանց անունից օգտագործման թույլտվություն տալ համապատասխան վարձատրության դիմաց, ինչպես նաեւ հավաքել այդ վարձատրությունն ու վճարել իրավատերերին:

Համաձայնագիրը սահմանում է իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների գործունեության հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության, արդարության սկզբունքների վերաբերյալ համապատասխան դրույթներ, ինչպես նաեւ պատասխանատվություն պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Կոլեկտիվ կառավարումը չափազանց կարեւոր դեր ունի երկրի մշակութային արժեքների փոխանակման, մշակույթի զարգացման եւ իրավատերերի կենսապայմաններն ապահովելու գործում՝ ընձեռելով նրանց ազատ ստեղծագործելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով, կարեւորվում է կոլեկտիվ հիմունքներով կառավարող նոր կազմակերպությունների ստեղծումը, որոնք կապահովեն իրավատերերի իրավունքների պահպանությունն ու վարձատրության հավաքումը:

Համաձայնագիրը նախատեսում է նաեւ կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունների պարտավորությունները կարգավորող միասնական դրույթներ:

Համաձայնագրով սահմանվում են անդամ պետությունների լիազոր մարմինների համագործակցության հնարավոր ձեւաչափերը, այդ թվում՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ միմյանց անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:

Ելնելով վերոգրյալից՝ «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ



Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 883-Ա որոշումը, օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (23 հոկտեմբերի 2018 թվականի ՍԴՈ-1428):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

9 օգոստոսի 2018 թվականի N 883 - Ա

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ 2017 թվականի դեկտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրված «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Համաձայնագրով ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ համաձայնագրով ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. օգոստոսի 13
Երեւան