Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-009-31.01.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքը լրացնել նոր 121 -ին հոդվածով.

«Հոդված 121 . Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովի լիազորությունները

Բացի Կանոնակարգի 12-րդ հոդվածով նախատեսված լիազորություններից, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովը նաեւ՝

1) օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, նրանց առաջադրվելուց հետո՝ մինչեւ նշանակվելը, կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների հետ,

2) իր գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատար-մագրված դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ կազմակերպում է համատեղ հանդիպումներ:

Սույն հոդվածով նախատեսված հանդիպումներն իրականացվում են դռնբաց ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովն իր անդամների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում հանդիպումը դռնփակ ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ: Հանդիպումը դռնփակ անցկացնելու մասին առաջարկություն կարող է ներկայացնել հանձնաժողովի անդամը:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանդիպումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը կազմում է համապատասխանության վերաբերյալ եզրակացություն, որն ունի խորհրդատվական նշանակություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը, համաձայն նոր Սահմանադրության, խորհրդարանական պետություն է: Մինչդեռ, խորհրդարանի դերի էական բարձրացման ո՜չ արտաքին, ո՜չ ներքին քաղաքականության բնագավառում այդպես էլ ականատես չեղանք: Ներկայացված նախագիծը որոշակի մասով փորձում է շտկել այդ խնդիրը:

Օրենքի սույն նախագծով առաջարկվող կարգավորումների կարիքը զգացվում է բավականին վաղուց. այս բովանդակությամբ նախագիծ ներկայացվել է դեռեւս 5-րդ գումարման Ազգային ժողում, երբ դեռ գործում էր Ազգային ժողովի նախկին կանոնակարգը։ Վերջինս արդեն 2 տարի է, ինչ փոփոխվել է, սակայն հարցը դեռ բաց է։ Մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝

- պարբերաբար տեղեկություններ ստանա օտարերկրյա պետություն-ներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների գործունեության վերաբերյալ,

- ծանոթանա տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերություններին առնչվող ընթացիկ իրավիճակին, ինչը կնպաստի արտաքին հարաբերությունների ոլորտում երկրի անվտանգության հաստատման ուղղությամբ օպերատիվ եւ ճշգրիտ քայլեր ձեռնարկելուն՝ ինչպես երկրից դուրս, այնպես էլ երկրի ներսում:

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ դիվանագիտական ներկայացուցչին նշանակում եւ հետ է կանչում Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Այսինքն, խորհրդարանը դեսպանի, հյուպատոսի կամ միջազգային կազմակերպությունում Հանրապետության ներկայացուցչին նշանակելու հարցում որեւէ լիազորություն չունի, ինչը չի կարող ընդունելի համարվել խորհրդարանական պետությունում: Մինչդեռ, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ մշտական հանձնաժողովն իր իրավասության շրջանակում իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն: Հանձնաժողովների կողմից իրականացվող խորհրդարանական վերահսկողությունը չի կարող կրել վերացական բնույթ. այն պետք է նյութականանա հանձնաժողովին որոշակի լիազորությունների վերապահմամբ, ինչը եւ արտաքին հարաբերությունների ոլորտում որոշակիորեն ապահովվում է ներկայացված նախագծի ընդունմամբ:

Ի վերջո, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ համատեղ հանդիպումները կնպաստեն Հանրապետության արտաքին քաղաքականության ոլորտում միասնական պետական քաղաքականության վարմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 2019 թվականի հունվարի 30-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը։



30 հունվարի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը։

Նախագծին կից ներկայացվում են՝

- դրա ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումը,

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին։

Նախագծի հիմնական զեկուցողն է Արման Բաբաջանյանը։

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 06 թերթ։

Հարգանքով՝
ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ