Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1245-26.09.2011-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 54-րդ հոդվածը  լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 19-րդ մասով`

«19. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններն իրենց կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրավճարների 2011 թվականի համար նախատեսված մասի 15 տոկոսը 2012 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետք է փոխանցեն երաշխավորման ֆոնդ: »:

Հոդված 2. Սույն օրենքի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանություն» հավելվածի 2.2 կետի 6) ենթակետում «գործակից» բառից հետո ավելացնել «, ընդ որում, բեռնվածության գործակիցը առնվազն երեք անգամ պետք է փոքր լինի զուտ (նետտո) սակագնից»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

2011 թվականի համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության բյուրոյի կողմից հաշվարկված սակագնի կառուցվածքում պատահարների դիմաց հատուցումների համար նախատեսված էր հավաքագրված գումարների 75%-ը, իսկ բեռնվածության համար` 25%: Ընդ որում, բեռնվածության բաղադրիչներն են` ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերության կողմից կարտարվելիք բոլոր ծախսերը (այդ թվում` ապահովագրական գործակալներին վճարվող միջնորդավճարները), ապահովագրավճարներից Բյուրո կարատրվող մասհանումները եւ ապահովագրական ընկերության կողմից ակնկալվող շահույթի մեծությունը:

Բյուրոն 2011 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական ապահովագրավճարների նվազագույն եւ առավելագույն չափերը սահմանելիս հաշվի առնելով ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվական համակարգի թերի լինելը, նպատակ ունենալով ապահովել մեծ կայունություն նոր ներդրվող ԱՊՊԱ համակարգի համար, սահմանել էր հիմնական ապահովագրավճարների նվազագույն եւ առավելագույն հետեւյալ չափերը` նվազագույն` 31.848 ՀՀ դրամ, առավելագույն` 33.122 ՀՀ դրամ:

2011 թվականի առաջին ութ ամիսների արդյունքներով պատահարների դիմաց հատուցումների (վնասաբերության) մակարդակը կազմել է 47.93%: Կարելի է կանխատեսել, որ այս մակարդակը մինչեւ տարեվերջ էական փոփոխությունների չի ենթարկվի:

Հաշվի առնելով ընթացիկ տարում ապահովագրական ընկերություններում ֆինանսական հսքերի առումով ստեղծված իրավիճակը առաջարկվում է 2011 թվականի  համար հավաքագրված ապահովագրական վճարների 15 %-ը փոխանցել երաշխավորման ֆոնդ:

Առաջարկության արդյունքում էապես կմեծանան երաշխավորման ֆոնդի միջոցները` ապահովելով համակարգի առավել մեծ կայունություն, իսկ ապահովագրական ընկերությունները կազատվեն առաջիկա տարիների ընթացքում երաշխավորման ֆոնդ համապատասխան պարբերական վճարներ կատարելու անհրաժեշտությունից:

Միաժամանակ ապահովագրական ընկերությունները կունենան բավականաչափ միջոցներ համակարգի ներդրման առաջին տարով պայմանավորված լրացուցիչ ծախսերը կատարելու համար:

Օրենքի հավելվածում առաջարկվող լրացումը նպատակ ունի օրենսդրորեն սահմանել

սակագնի հաշվարկման փուլում բեռնվածության առավելագույն մակարդակը:

Առաջարկվում է հավաքագրված միջոցների առնվազն 75%-ն ուղղել ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում անհրաժեշտ հատուցումներին, իսկ   25 %-ը` այդ գործընթացի կազմակերպմանը: Անհրաժեշտ է նշել, որ միջազգային փորձը եւս` մասնավորապես ԱՄՆ-ի եւ  Եվրոմիության երկրների համար, նման համամասնության օգտին է խոսում:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այն համակարգը, որ ընկերությունները հավաքագրված միջոցները ծախսում են ոչ միաժամանակ եւ հնարավորութոյւն ունեն դրանց ազատ մնացորդները որպես ավանդ ներդնել առեւտրային բանկերում, ինչի արդյունքում տարվա ընթացքում ստանալ հավաքագրված միջոցների շուրջ 5 %-ի չափով լրացուցիչ միջոցներ իրենց գործունեությունը կազմակերպելու համար: