Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-419-04.12.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել 5.1-ին մասով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«5.1. Վարչապետի որոշումները ստորագրում է վարչապետը: Վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը հանդիսանում է վարչապետի կողմից ընդունված տարբերակը:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 4.1-ին մասով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«4.1. Փոխվարչապետի որոշումները, ինչպես նաեւ դրանց հավելվածները ստորագրում է փոխվարչապետը:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 15-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15. Կառավարության նիստերը դռնբաց են: Վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:»,

2) 16-րդ մասի երկրորդ նախադասությունում «մասը» բառից հետո լրացնել «(վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը դռնփակ անցկացված լինելու դեպքում)» բառերով,

3) 18-րդ մասում «մասին» բառից հետո լրացնել «, եթե տվյալ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը վարչապետի որոշմամբ անց է կացվել դռնփակ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Կառավարության որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը հանդիսանում է Կառավարության նիստում ընդունված տարբերակը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը

Գործող կարգավորումների պահանջներին համապատասխան՝ ինչպես Կառավարության եւ վարչապետի որոշումները, այնպես էլ դրանց հավելվածները ներկայումս ստորագրվում են վարչապետի կողմից:

2. Առաջարկվող լուծումները

Հատկանշական է այն հանգամանքը, որ որոշումների՝ հատկապես Կառավարության, ընդունմանը նախորդում է դրանց քննարկման մի քանի փուլ (այն է՝ նախանիստ, նախարարական կոմիտե, Կառավարության նիստ) եւ այդ փուլերից յուրաքանչյուրում վարչապետին զեկուցվում է այդ որոշումների բովանդակությունը եւ քննարկման արդյունքները: Ավելին՝ Կառավարության նիստի օրակարգի ձեւավորման փուլում եւս որոշումներն ամբողջությամբ եւ հանգամանալից զեկուցվում են վարչապետին, իսկ Կառավարության նիստում տեղի ունեցող քննարկումն իր հերթին եւս մեկ փուլ է՝ տվյալ որոշման բովանդակությանը ծանոթանալու եւ դրա արդյունքում որոշման ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելու համար: Թեեւ վարչապետի որոշումները, որպես կանոն, չեն քննարկվում վերը հիշատակված հաջորդայնությամբ, այդուհանդերձ, դրանք նույնպես դեռեւս նախագծային փուլում պարբերաբար զեկուցվում են վարչապետին:

Հետեւաբար, Կառավարության նիստում որոշումներն ընդունվելուց հետո՝ դրանց հավելվածների ստորագրումն ըստ էության կրում է սիմվոլիկ բնույթ: Այդ առումով՝ մշակված օրինագծով առաջարկվում է վարչապետի ստորագրմանը ներկայացնել միայն իրավական ակտ հանդիսացող որոշումը, իսկ օրենքի իմաստով որոշման անբաժանելի մաս համարվող հավելվածը ստորագրելու իրավասությունը վերապահել վարչապետի աշխատակազմի ղեկավարին (ի հաստատումն այն հանգամանքի, որ տվյալ հավելվածը հանդիսանում է Կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված տարբերակը)՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ տվյալ փուլում եւս վարչապետին ներկայացվում է ամբողջ որոշման, այդ թվում՝ հավելվածների կարգավորման առարկան եւ բովանդակությունը:

Միաժամանակ, տարընթերցումներից խուսափելու նպատակով, առանձին դրույթով շեշտվում է, որ փոխվարչապետի որոշումների հավելվածները ստորագրվում են հենց փոխվարչապետի կողմից:

Վերոգրյալից զատ՝ Կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ի տարբերություն գործող կարգավորումների, օրինագծով սահմանվում է, որ Կառավարության նիստերը դռնբաց են՝ զուգահեռաբար ամրագրելով, որ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Ըստ այդմ՝ համարժեքորեն վերանայվում են նաեւ այս կարգավորումից ածանցվող մյուս դրույթները:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման պարագայում՝ Կառավարության նիստերն այլեւս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, իսկ Կառավարության եւ վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի Կառավարության եւ վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ եւ արդյունավետ կազմակերպումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1302-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարգանքով`
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ