Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4081-07.11.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-253-Ն օրենքի 3-րդ հոդվածի լրացնել նոր՝ 1.1-րդ մասով.

«1.1. Կառավարությունը կազմավորվում է Ազգային ժողովում, ընտրության արդյունքով կայուն խորհրդարանական մեծամասնություն ձեւավորած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորների կազմից, իսկ կայուն մեծամասնությունը կոլացիա կազմելու միջոցով ձեւավորվելու դեպքում կոալիցիայի մեջ մտնող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորների կազմից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Առկա խնդիրները:

Ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցություն հանդես է գալիս նախընտրական ծրագրով եւ խոստումներով՝ փորձելով վստահեցնել ընտրողներին, որ հաղթանակի դեպքում (իշխանության գալու պարագայում) կուսակցությունը կիրականացնի իր նախընտրական խոստումները՝ դրանով արդարացնելով ընտրողների սպասելիքները իր գործունեությունից:

Իսկ ինչպե՞ս է կուսակցությունը իրականացնելու իր նախընտրական խոստումները կամ Ազգային Ժողովում մեծամասնություն կազմած քաղաքական ուժը պետական ո՞ր կառույցի միջոցով է իրականացնելու իր նախընտրական ծրագիրը: Ակնհայտ է, որ այդ կառույցը Կառավարությունն է, որին Սահմանադրությամբ վերապահված է հանրային կյանքի տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման եւ իրականացման պատասխանատվությունը, ընդ որում՝ այն քաղաքականության, որը բխում է ընտրությունների արդյուքով Ազգային Ժողովում քաղաքական մեծամասնություն ձեւավորած կուսակցության նախընտրական ծրագրից եւ խոստումներից:

Հետեւաբար՝ չի կարող որեւէ կուսակցություն ընտրությունների ընթացքում հանրությանը խոստումներ տալ եւ ստանձնել սեփական քաղաքական պատասխանատվությամբ այդ խոստումները կատարելու հրապարակային պարտավորություն՝ առանց այդ պատասխանատվությունը իրականացնելու իրական կարողություններ ունենալու: Այլ կերպ ասած, չի կարող որեւէ կուսակցություն իր նախընտրական խոստումներն իրականացնել, եթե իր կազմում չունի դրանց իրականացնողներին, այսինքն՝ իր Կառավարության պոտենցյալ անդամներին:

Ուստի, հարկ է առաջնորդվել այն պարզ քաղաքական թեզով, որ Կառավարությունն Օրենսդիր իշխանության (Ազգային Ժողովում քաղաքական մեծամասնության) տրամաբանական շարունակությունն է Գործադիր իշխանությունում եւ պետք է ձեւավորվի քաղաքական մեծամասննության կազմից: Ընդ որում՝ մեծամասնության կազմից, այլ ոչ թե մեծամասնության հավանությամբ:

Առաջարկվող կարգավորումները:

Այսպիսով, եթե ամրագրվում է այն դրույթը, որ Կառավարությունը ձեւավորվում է քաղաքական մեծամասնության կազմից, ապա կառավարության ենթադրյալ անդամները պետք է ընդգրկվեն տվյալ կուսակցության նախընտրական ցուցակում, ընդ որում՝ ցուցակի անցողիկ մասում, եւ հետեւաբար՝ կստանձնեն ամենաակտիվ մասնակցային դերակատարումը նախընտրական մրցապայքարում՝ ներկայացնելով եւ պաշտպանելով իրենց կուսակցության առաջարկվող քաղաքականությունը համապատասխան ոլորտներում: Արդյունքում՝ այդ թեկնածուները հենց իրենք անձամբ հանրության առջեւ կուսակցության անունից կստանձնեն իրենց վերապահված ոլորտում ընտրողների սպասելիքները բավարարելով քաղաքական պատասխանատվությունը: Հետեւաբար՝ նման համակարգի պարագայում Կառավարությունը դառնում է դե ֆակտո ընտրված, քանի որ ընտրողները իրենց քվեն տվյալ կուսակցությանը տալով, միաժամանակ իրենց վստահությունն են հայտնում հաղթանակի դեպքում այդ կուսակցության ձեւավորած Կառավարությանը:

Առաջարկվող համակարգը նոր որակ եւ բովանդակություն կհաղորդի նախընտրական բանավեճերին: Եթե հայտնի են կուսակցությունների ապագա կառավարությունների կազմերը, այսինքն՝ ապագա հնարավոր վարչապետների, փոխվարչապետների, պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ նախարարների կուսակցական թեկնածուները, ապա լրատվամիջոցները ստանում են կատարյալ հնարավորություն կազմակերպել եթերում համապատասխան նախարարների թեկնածուների կոնկրետ եւ շատ առարկայական հեռուստաբանավեճեր, օգտագործելով սոցցանցերի հնարավորությունները եւս, եւ ընտրողին գործնականում հնարավորություն տալ գնահատել յուրաքանչյուր թեկանծուի մասնագիտական կարողությունները՝ տվյալ ոլորտում իր սպասելիքները բավարարելու տեսանկյունից եւ ըստ այդմ ձեւավորել սեփական քաղաքացիական դիրքորոշումը այս կամ այն կուսակցության հանդեպ:

Առաջարկվող համակարգը ենթադրում է, որ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներով ձեւավորված քաղաքական մեծամասնությունն իր ցուցակից կձեւավորի Կառավարությունը, իսկ նրանց թափուր մանդատները կլրացվեն ցուցակի հաջորդ համարներում գրանցված պատգամավորի թեկնածուները:

Այս առաջարկը կգործի նաեւ հետընտրական կոալիցիայի ձեւավորման դեպքում եւ կնպաստի, որպեսզի կոալիցիոն գործընկերները կառավարության պորտֆելները բաշխելիս առաջնորդվեն նախարարի այս կամ այն թեկնածուի վերաբերյալ նախընտրական փուլում ձեւավորված հանրային կարծիքը հաշվի առնելով:

Կառավարությանը անվստահություն հայտնելու դեպքում, քաղաքական մեծամասնությունը (կոալիցիան) նոր կառավարության կազմում կարող է թողնել նախկին կազմից այն անդամներին, որոնք արդարացրել են իրենց, ինչպես նաեւ իր կազմից համալրել Կառավարության նոր անդամներով՝ նշանակելով Վարչապետին:

Առաջարկվող համակարգի պայմաններում ընդիմությունը ներկայացնող յուրաքանչյուր կուսակցություն հնարավորություն է ունենում ձեւավորել այսպես կոչված իր ՛՛ստվերային ոչ ֆորմալ կառավարությունը՛՛, որի կազմում կընդգրկվեն այդ կուսակցության կողմից հայտարարված անձինք, որոնց մի մասը, լինելով նախընտրական ցուցակի անցողիկ մասում, կստանան պատգամավորական մանդատ, իսկ մի մասն էլ չի լինի պատգամավոր: Բայց բոլոր դեպքերում այդ կազմում հայտարարված յուրաքանչյուր քաղաքական գործիչ ակտիվորեն կհետեւի եւ կվերլուծի գործող կառավարությունում իր օպպոնենտ նախարարի գործունեությունը, հանդես կգա հրապարակային քննադատությամբ, օգտագործելով ԶԼՄ-ների բոլոր հնարավորությունները, կփորձի ազդել հանրային կարծիքի ձեւավորման վրա եւ նպաստել ընդիմություն հանդիսացող իր կուսակից գործընկերների արդյունավետ գործունեությանը Խորհրդարանում, այդ թվում՝ հիմնավորված օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալուն :

Ավելին, քաղաքական իրողությունների փոփոխության դեպքում ընդիմությունը անմիջապես պատրաստ կլինի հանրությանը սեփական Կառավարությամբ ներկայանալուն: Եվ քանի որ այդ Կառավարությունը հանրությանը հայտնի կլինի դեռեւս նախորդ նախընտրական մրցապայքարից եւ Կառավարության գործունեության վերաբերյալ մասնագիտական քնննադատական վերլուծություններերից, ապա այդ քայլը չի որակվի որպես քաղաքական անակընկալ, հնարավորինս բացառելով վերջինից բխող բոլոր ոչ ցանկալի հետեւանքները:

Իսկ կարո՞ղ է որեւէ կուսակցություն չհրապարակել Կառավարության իր կազմը: Իհարկե կարող է, բայց ակնհայտ է, որ նման քաղաքական ուժը չի կարող որեւէ կերպ հավակնել ազդեցիկ կամ հիմնական քաղաքական խաղացողի կարգավիճակին եւ կունենա դրան համապատասխան հանրային հեղինակություն: Կառավարության կազմի չհրապարակելը չի կարող ընտրություններին մասնակցելու խոչնդոտ դիտվել:

Ակնկալվող արդյունքները:

1.Առաջարկվող համակարգը էապես փոխում է կուսակցությունների նախընտրական ցուցակները կազմելու տրամաբանությունը եւ կուսակցական ղեկավարների մոտիվացիան: Ցանկացած կուսակցություն պետք է ձգտի ընտրություններում ընտրողին ներկայանալ հանրային կյանքի բոլոր ոլորտներից քաջատեղյակ եւ բանիմաց քաղաքական թիմ: Հետեւաբար նա առանձնակի ջանքեր կգործադրի իր նախընտրական ցուցակի անցողիկ մասերում ընդգրկել պրոֆեսիոնալների: Իսկ այս հանգամանքը ենթադրում է, որ կուսակցությունները ստիպված կլինեն մինչ ընտրությունները իրենց կազմեերում ընդգրկել բանիմաց եւ մասնագիտական կարողություններ ունեցող այնպիսի անհատների,որոնք կիսում են հանրային կյանքի կազմակերպման տվյալ կուսակցության գաղափարաբանական հայեցակարգը: Իսկ իրական պրոֆեսիոնալները առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն այդ հանգա,մանքին, որպեսզի գնահատեն իրենց անձնական ընկալումների ու կուսակցության քաղաքական պլատֆորմի համատեղելիությունը: Այս հանգամանքը, ըստ էության կարող է ազդակ դառնալ կուսակցությունների համար ձեւավորել սեփական քաղաքական գաղափփարաբանական պլատֆորմը՝ աջ, ձախ, աջակենտրոն, ձախակենտրոն եւ այլն: Այսինքն, մի կողմից ձեւավորվում են իրական իրավաքաղաքական խթաններ կուսակցությունների անհատական կազմը պրոֆեսիոնալներով համալրելու համար, հետեւաբար կուսակցութունների քաղաքական որակները բարելավելու, որոկյալ քաղաքական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ներկուսակցական կարողություններ ձեւավորելու համար, մյուս կողմից այս պարագան կուսակցույուններին կանգնեցնում է սեփական քաղաքական պլատֆորմը հանրային կյանքի արդյուավետ կազմակերպման պահանջներին համապատասխանեցնելուհրամայականի առջեւ, ինչն, անշուշտ, որակ եւ բովանդակություն կհաղորդի քաղաքականությանը: Կասկածից վեր է, որ այս ամենը բխում է հանրային կյանքի ժողովրդավարացման գործընթացն անշրջելի դարձնելու հրամայականից:

2. Առաջարկվող համակարգը խթանում է հասարակության առողջ ոււժերի հոսքը դեպի կուսակցություններ՝ նպաստելով վերջիններիս քաղաքական կարողությունների զարգացմանը: Քաղաքացիական եւ քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող, հոգեւոր եւ մտավոր արժեքնեեր կրող, մասնագիտական կարողություններ ունցող մեր ոչ բոլոր քաղաքացիներն են ընդգրկված կուսակցություններում եւ ուղղակի ներգրավված պետականաշինության գործընթացում: Մինչ դեռ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք շատ ավելի պատշաճ եւ պատասխանատու կարող էին իրականացնել պատգամավորի կամ համապատասխան նախարարի գործառույթները:Ուստի, հաշվի առնելով, որ կուսակցություններին է վերապահված հանրային կյանքի կազմակերպման քաղաքական պատասխանատվությունը, առաջանում է վերջինիս արդյունավետ իրականացումը երաշխավորող իրավական համակարգերի ձեւավորման անհրաժեշտություն: Ներկայացվող առաջարկությունը երաշխավորում է, որ ցանկացած ոք քաղաքական կարիերա ձեւավորելու իր առողջ ձգտումը կարող է իրականացնել իր քաղաքական ընկալումներին համախպատասխանող գաղափարախոսություն դավանող կուսակցության միջոցով՝ նրա կազմում: Այս համակարգը խթանում է հասարակության առողջ ոււժերի հոսքը դեպի կուսակցություններ՝ նպաստելով վերջիններիս քաղաքական կարողությունների զարգացմանը եւ միջկուսակցական մրցակցության ձեւավորմանը:

3.Կուսակցությունները կարող են վերածվել փորձառու եւ հմուտ քաղաքական գործիչների ձեւավորման իրական դարբնոցների:

Մասնագիտական կարողություններ ունենալը որակյալ քաղաքական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Հմուտ քաղաքական գործիչ դառնալու համար անհրաժեշտ է քաղաքական պայքարի փորձ, բանավիճելու եւ բանակցելու հմտություն եւ այլն: Այս որակները հաջողությամբ կարող են ձեռք բերվել ներկուսակցական կյանքում ակտիվ մասնակցությամբ, ինչպես նաեւ միջկուսակցական պայքարի ընթացքում: Նման փորձառությամբ կուսակցականները որեւէ կուսակցության քաղաքական ամեենալուրջ կապիտալն է եւ ամենագլխավոր հաղթաթուղթը:

4. Առաջարկվող համակարգը խթանում է ներկուսակցական ժողովրդավարությունը եւ նախադրյալներ ստեղծում մրցունակ կուսակցություններ ձեւավորելու համար: Ներկուսակցական կյանքում իրական պրոֆեսիոնալների հայտնվելը կխթանի ներկուսակցական դիսկուրսի ծավալմանը , կնպաստի քաղաքական որոշումների նախապատրաստման գործընթացի որակների բարելավմանը եւ նախադրյալներ կստեղծի աստիճանաբար քաղաքական պրոցեսից ագրեսիվ միջակին դուրս մղելու համար՝ նպաստելով կուսակցության մրցակցայյին կարողությունների բարելավմանը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1) օրենքների նախագծերը.

2) օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ` ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (016)


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ