Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-404-24.10.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 89-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 25.1-րդ կետով.

«25.1) սահմանում է դատավորների ներքին կարգապահական կանոնները.»:

Հոդված 2. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 44.1-րդ կետով.

«44.1) դատավորի դիմումի հիման վրա իրավական հարցերի վերաբերյալ տալիս է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.»:

Հոդված 3. Օրենքի 89-րդ հոդվածի 2-րդ մասում «25-րդ» բառը փոխարինել «25.1-րդ» բառով:

Հոդված 4. Օրենքի 89-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով.

«3. Բարձրագույն դատական խորհրդի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ, 8-9-րդ, 18-րդ եւ 24-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս ընդունվող որոշումները բողոքարկման ենթակա չեն:

Հոդված 5. Օրենքի 140-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով.

«5. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածի ուժով Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածով Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունները մանրամասնեցված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով, որի ուսումնասիրությունը վկայում է, որ  Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակը չի բացառում առանձին դեպքերում նաեւ որպես վարչական մարմին հանդես գալու եւ վարչական ակտ ընդունելու իրավական հնարավորությունը: Սակայն, այդ մարմնի արտաքին ազդեցության ամբողջ գործունեությունն անվերապահորեն որպես վարչական մարմնին բնորոշ հատկանիշ գնահատելն առնվազն անհիմն է, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող գործունեության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի որոշումների՝ բոլոր դեպքերում բողոքարկելիության հնարավորությունը եւ, ըստ այդմ, դատարաններին վերահսկողական լիազորություն վերապահելը կիմաստազրկեն վերջինիս, որպես դատական իշխանության համակարգում ինքնուրույն ու սահմանադրորեն բացառապես իրեն վերապահված իրավասություն իրականացնող անկախ պետական մարմնի, գոյությունն ընդհանրապես՝ խաթարելով այդ մարմնի բնականոն գործունեության երաշխիքները:

Սահմանադրական բարեփոխումների փուլում Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բոլոր դեպքերում վիճարկման հարցադրումը եւս լայն քննարկումների առարկա է եղել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում, ինչի արդյունքում Վենետիկի հանձնաժողովի միջազգային փորձագետների հետ խորհրդակցության արդյունքում նախապատվությունը տրվել է բացառապես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների բողոքարկմանը, այն էլ՝ Սահմանադրական դատարանում: Այսպես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա»: Ըստ այդմ էլ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այնպես էլ որեւէ ներպետական օրենսդրական ակտով չի նախատեսվել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վիճարկման դատական այլ ընթացակարգ:

2. Առաջարկվող կարգավորումները.

Նախագծով սահմանված իրավակարգավորումների նպատակն  է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Բարձրագույն դատական խորհրդին վերապահված մի շարք լիազորությունների իրականացման կապակցությամբ ընդունվող որոշումների բողոքարկման հնարավորության բացակայությունն օրենքով ուղղակիորեն ամրագրելը, որի արդյունքում սահմանադրի կամքը կստանա հստակ օրենսդրական ամրագրում եւ կհապատասխանեցվի իրավական որոշակիության պահանջներին:

Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ օրենսգրքերում փոփոխություն կամ լրացում կատարվում է օրենքով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:

3. Ակնկալվող արդյունքները.

Իրավական ակտի նախագծի ընդունմամբ Բարձրագույն դատական խորհրդի մի շարք որոշումների բողոքարկման հնարավորությունն օրենքով ուղղակիորեն կբացառվի, որի արդյունքում կամրապնդվեն Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության երաշխիքները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ իրացնել վերջինիս սահմանադրական առաքելությունը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ



Հարգելի՜ պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի /այսուհետ՝ օրենք/ նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կից ներկայացնում եմ.

1) օրենքի նախագիծը.

2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
 
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ`    ՌՈւՍՏԱՄ ՄԱԽՄՈւԴՅԱՆ