Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12203-20.08.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.20, 169.21 եւ 244.15 հոդվածներով.

«Հոդված 169.20. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը չորակավորված անձի կողմից ստորագրելը

1. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը ստորագրելը օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատողի որակավորում չստացած անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 169.21. Չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելը

1. Չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի  երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Հոդված 244.15 Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը

Սույն օրենսգրքի 169.20 եւ 169.21 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: