Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-374-27.09.2018-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմաբգրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձինք եւ օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ:

Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք:»:

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածը լրացնել նոր 3.2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.2. Բացառություն են կազմում սահմանամերձ համայնքները, որոնց վրա չի տարածվում սույն հոդվածի 3.1-րդ մասը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 102 հոդվածը լրացնել նոր 10-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`

«10) հողերի օգտագործումը վտանգում է պետության ու հասարակության անվտանգության եւ սահմանամերձ բնակավայրերի զարգացման համապետական կամ համայնքային կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովմանը:» :

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Առկա վիճակը, խնդիրները, կարգավորման անհրաժեշտությունը

Թեեւ գործող օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ առկա են սահմանափակումներ օտարերկրյա քաղաքացիների հողի սեփականության իրավունքի ձեռք բերման մասով, սակայն կան բացառություններ, որոնք վտանգում են, հատկապես, սահմանամերձ համայնքները՝ ազգային անվտանգության տեսանկյունից: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված խնդիրները բացառելու նպատակով:

Որոշ երկրներում, օրինակ ՌԴ-ում, Ղրղստանում եւ եվրոպական մի շարք երկրներում՝ Հունաստանում, Էստոնիայում եւ այլն, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք եւ օտարերկրյա իրավաբանակն անձինք սահմանամերձ տարածքներում չեն կարող ունենալ հողի սեփականության իրավունք:

1. ՌԴ-ի Հողային օրեսգրքի 15-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք եւ օտարերկրյա իրավաբանակն անձինք սահմանամերձ տարածքներում եւ նավահանգստներում չեն կարող ունենալ հողի սեփականության իրավունք: Սույն սահմանամերձ տարածքները հաստատված են ՌԴ նախագահի 26 Որոշմամբ (09.01.2011թ.)` 379 համայնք: Եթե օտարերկրյա քաղաքացին արդեն ուներ հողի սեպականության իրավունք սահմանամերձ տարածքում, ապա այդ իրավունքից նա կարող է օգտվել 1 տարի, մեկ տարի հետո նա պարտավոր է այդ հողատարածքը կամ վաճառել, կամ նվիրատվություն անել: Այլապես, այն կամ կվաճառվի աճուրդով, կամ կփոխացվի որպես պետական կամ համայնքային սեփականություն:

2. Ղրղստանի Հանրապետությունում՝ 2017 թ. առաջարկվել է սահմանել քրեական պատասխանատվություն այն պաշտոնատար անձանց համար, ովքեր օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց եւ օտարերկրյա իրավաբանակն անձաց կվաճառեն սահմանամերձ տարածքներում գտնվող հողատարածքներ:

3. Մի շարք եվրոպական երկրներում՝

Ա) Հունաստանում՝ ԵՄ-ի քաքաքացիություն չունեցող օտարերկրացիները չեն կարող գնել հողատարածքներ ռազմակայանների եւ սահմանամերձ տարածքներում, Էգեյան կղզիներում, Դոդենեկես արշիպելագում, Հյուսիսայի Հւնաստանի որոշ տարածքներում, Ռոդոս եւ Կրետե կղզիներում:

Բ) Սերբիայի Հանրապետությունում` օտարերկրացիներին արգելվում է գնել գյուղատնտեսական նշանակության հողեր, անտառներ եւ ռազմակայանների տարածքներում գտնվող հողեր:

Գ) Էստոնիայի Հանրապետությունում՝ ԵՄ-ի քաքաքացիություն չունեցող օտարերկրացիները չեն կարող գնել հողատարածքներ ռազմակայանների մոտ: Այս տիպի հողատարածքներ կարող են գնել միայն Էստոնիայի, ԵՄ-ի քաղաքացիները, ինչպես նաեւ իրավաբանակն անձինք՝ միայն կառավարության թուլտվությամբ:

2. Կարգավորման նպատակը

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» (ՀՕ-185, 2 մայիսի 2001) 4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրված նոր խմբագրությամբ, լրացված 3.2.-րդ մասը եւ հոդված 102-ի ավելացված 10-րդ կետը նպատակ ունի կարգավորելու ՀՀ հողի սեփականության իրավունքի խնդիրը: Առաջարկվող փոփոխությունը եւ լրացումները նաեւ միտված են սահմանամերձ համայնքները պաշտպանելու արտաքին հնարավոր վտանգներից:

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքի լրացումը կբարձրացնի երկրի անվտանգության եւ պաշտպանունակության մակարդակը եւ կապահովի հողային հարաբերությունների նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն:

Հատկապես այս օրերին, երբ խրախուսվում են ներդրումները, եւ հենց այս համատեքստում կարեւոր է նկատի ունենալ նաեւ տնտեսական անվտանգության խնդիրները:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Առաջարկվող ՀՀ օրենքի նախագծին կից ներկայացվում են`

1) Հիմնական զեկուցող՝ Ռուզան Առաքելյան,

2) օրենսգրքի ընդունման հիմնավորումը,

3) օրենսգրքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

4) օրենսգրքում փոփոխվող հոդվածները:

Խնդրում ենք սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:

Առդիր` էջ:

Պատգամավորներ`