Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1204-27.06.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈԻՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում պետական մատնադրոշմային գրանցում իրականացնելու նպատակները, սկզբունքները եւ տեսակները, ինչպես նաեւ կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պետական մատնադրոշմային գրանցում իրականացնելու, գրանցման արդյունքում ստացված տեղեկատվությունն օգտագործելու, պահպանելու եւ ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն  օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) պետական մատնադրոշմային գրանցում /այսուհետ` մատնադրոշմային գրանցում/` սույն օրենքով նախատեսված մարմինների կողմից իրականացվող գործունեություն` ուղղված մատնադրոշմային տեղեկատվություն ստանալուն, հաշվառելուն, պահպանելուն, օգտագործելուն, հաշվառումից հանելուն եւ ոչնչացնելուն,

2) մատնադրոշմային տեղեկատվություն` տեղեկատվություն մարդու ձեռքերի մատների պտուտագծերի (պապիլյար գծերի) կառուցվածքի եւ նրա անձի մասին,

3) մատնադրոշմային քարտ` մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող  ձեւաթուղթ,

4) նյութական կրիչներ` մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող մատնադրոշմային քարտեր, ինչպես նաեւ էլեկտրոնային  կամ  այլ  կրիչներ:

Հոդված 3. Մատնադրոշմային գրանցման եւ մատնադրոշմային տեղեկատվության օգտագործման նպատակները

Մատնադրոշմային գրանցումն իրականացվում եւ մատնադրոշմային տեղեկատվությունն օգտագործվում է անձի ինքնությունը նույնացնելու նպատակով:

Հոդված 4. Պետական մատնադրոշմային գրանցման իրավական հիմքերը

1. Մատնադրոշմային գրանցում իրականացնելուն ուղղված գործունեությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, այն կարգավորվում է սույն օրենքով, այլ oրենքներով ու իրավական ակտերով:

2. Մատնադրոշմային տեղեկատվության մշակման` հավաքման, մուտքագրման, համակարգման, վերափոխման, փոխանցման, պահպանման, ուղղման, ուղեփակման, ոչնչացման եւ oգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված  5. Մատնադրոշմային գրանցման սկզբունքները

1. Մատնադրոշմային գրանցումն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, օրինականության, խորհրդապահության (կոնֆիդենցիալության) սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ կամավորության եւ պարտադիրության  սկզբունքների  զուգակցմամբ:

2. Մատնադրոշմային գրանցումը չպետք է վտանգի անձի առողջությունը, նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը:

Հոդված 6. Մատնադրոշմային գրանցման տեսակները

Սույն օրենքին համապատասխան իրականացվում է կամավոր եւ պարտադիր մատնադրոշմային գրանցում:

Հոդված 7. Կամավոր մատնադրոշմային  գրանցումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստացած անձինք ունեն կամավոր մատնադրոշմային գրանցման իրավունք, որն իրականացվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հոդված 8. Պարտադիր մատնադրոշմային գրանցումը

1. Պարտադիր մատնադրոշմային գրանցման ենթակա են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ օտարերկրացիները, որոնք  կասկածվում կամ մեղադրվում են հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են հանցագործություն կատարելու համար,

2) օտարերկրացիները, որոնք ենթակա են արտաքսման Հայաստանի Հանրապետությունից,

3) չճանաչված դիակները, բացառությամբ այն դեպքերի, երբ դիակային փոփոխությունների պատճառով մատնադրոշմ վերցնելն անհնարին է, ինչի վերաբերյալ դատական բժշկի կողմից տրվել է համապատասխան եզրակացություն,

4) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մեկնող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ավիացիոն անվտանգության հսկողությունից ազատված անձանց: 

ԳԼՈՒԽ 2

ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ  ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

Հոդված  9. Կամավոր մատնադրոշմային գրանցում իրականացնելը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստացած անձանց կամավոր մատնադրոշմային գրանցումն իրականացվում է նրանց գրավոր դիմումի համաձայն նրանց բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմինների կողմից:

2.  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ անչափահաս քաղաքացիների մատնադրոշմային գրանցումն իրականացվում է նրանց օրինական ներկայացուցիչների գրավոր դիմումի համաձայն:

Հոդված 10. Պարտադիր մատնադրոշմային գրանցում  իրականացնելը

1. Պարտադիր մատնադրոշմային գրանցումն իրականացնում են հետեւյալ  մարմինները`

1) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (բացառությամբ դատապարտված անձանց) կետով նախատեսված անձանց` հետաքննության եւ նախաքննության մարմինները` օրենքով իրենց իրավասությանը հանձնված գործերով, իսկ այդ մարմինների գրավոր դիմումի համաձայն`  նաեւ  ոստիկանությունը,

2)  սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատապարտված անձանց` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունը,

3) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված անձանց` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,

4)  սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված անձանց` Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված մարմինները մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող նյութական կրիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուղարկում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

3. Նյութական կրիչը պետք է պարունակի հետեւյալ տվյալները`

1) մատնադրոշմային գրանցում անցած անձի անունը, ազգանունը, հայրանունը, քաղաքացիությունը, սեռը, ծննդյան թիվը, ամսաթիվը եւ վայրը, անձի բնակության վայրը,  անձի  ձեռքի  մատնադրոշմները,

2)   մատնադրոշմային գրանցում իրականացնող մարմնի անվանումը,

3)  մատնադրոշմային գրանցում իրականացնելու իրավական հիմքը եւ ամսաթիվը:

Հոդված 11. Մատնադրոշմային տեղեկատվության պահպանմանն ու օգտագործմանը  ներկայացվող  հիմնական պահանջները

1. Մատնադրոշմային տեղեկատվության  պահպանման եւ օգտագործման պայմանները պետք է բացառեն դրանց կորստի, փոփոխման եւ չթույլատրված օգտագործման հնարավորությունը:

2. Նյութական կրիչների վրա պարունակվող մատնադրոշմային տեղեկատվության պահպանությունը, համակարգումը եւ օգտագործումն իրականացնում է ոստիկանությունը:

3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված ծառայությունները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված անձանց վերաբերյալ մատնադրոշմային տեղեկատվության պահպանումը եւ օգտագործումն իրականացնում են ինքնուրույն` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

4. Սույն օրենքի 10-րդ եւ 13-րդ հոդվածներով նախատեսված մարմինները ապահովում են մատնադրոշմային տեղեկատվության պահպանությունը անհատական տվյալների պաշտպանության համար օրենքով սահմանված կարգով, իսկ այդ մարմինների պաշտոնատար անձինք մատնադրոշմային տեղեկատվությունն անօրինական օգտագործելու կամ պահպանելու կարգը խախտելու դեպքերում կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հոդված 12. Նյութական կրիչները պահպանելու ժամկետները

1. Ոստիկանությունը պահպանում է նյութական կրիչները`

1)  սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձանց վերաբերյալ` մինչեւ այդ անձանց 80 տարին լրանալը, իսկ արդարացման դատավճիռ կայացնելու կամ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում` մինչեւ այդ որոշումներն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելը:

4) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված չճանաչված դիակների վերաբերյալ` մինչեւ մահացած անձանց ինքնությունը պարզելը, բայց ոչ ավել,  քան 10  տարին լրանալը:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձանց վերաբերյալ նյութական կրիչները Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի եւ Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայության կողմից պահվում են մինչեւ այդ անձանց 80 տարին լրանալը կամ մինչեւ այդ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը կամ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալը, որից հետո մեկամսյա ժամկետում այդ անձանց վերաբերյալ մատնադրոշմային տեղեկատվությունը հանվում է հաշվառումից եւ ոչնչացվում:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված անձանց վերաբերյալ նյութական կրիչները Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պահվում են մինչեւ համապատասխան չվերթի ավարտը, որից հետո անմիջապես ոչնչացվում են:

Հոդված  13. Մատնադրոշմային տեղեկատվությունն օգտագործելը

Մատնադրոշմային տեղեկությունն օգտագործելու իրավունք ունեն դատարանները,  դատախազության, նախաքննության եւ հետաքննության մարմինները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս:

Հոդված 14. Մատնադրոշմային տեղեկատվությունը հաշվառելը եւ հաշվառումից հանելը

Ոստիկանությունը մատնադրոշմային տեղեկատվությունը հաշվառում եւ հաշվառումից հանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Հոդված 15. Մատնադրոշմային տեղեկատվության ոչնչացումը

1. Կամավոր մատնադրոշմային գրանցման արդյունքում ստացված մատնադրոշմային տեղեկատվությունը ոչնչացվում է սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անձանց կողմից իրենց բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմիններ ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

2. Ոստիկանության տարածքային մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում մատնադրոշմային տեղեկատվությունը հանում է հաշվառումից եւ ոչնչացնում`  այդ մասին տեղյակ պահելով սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անձանց:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձանց վերաբերյալ մատնադրոշմային տեղեկատվության պահպանությունն իրականացնող ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաuի 1-3-րդ կետերով եւ 2-րդ մաuով նախատեuված որեւէ հիմքով այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելուց կամ քրեական գործով վարույթը կարճվելուց, կամ այդ անձանց նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո մեկամսյա ժամկետում այդ անձանց վերաբերյալ մատնադրոշմային տեղեկատվությունը հանում է հաշվառումից եւ ոչնչացնում` այդ մասին տեղյակ պահելով համապատասխան անձանց:

5. Սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված նյութական կրիչները պահպանելու ժամկետները լրանալուց հետո մեկամսյա ժամկետում ոստիկանությունը մատնադրոշմային տեղեկատվությունը հանում է հաշվառումից եւ ոչնչացնում:

6. Մատնադրոշմային տեղեկատվության ոչնչացումը համապատասխան մարմնի կողմից իրականացվող ցանկացած գործողությունն է` ուղղված մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող նյութական կրիչների  (կրիչի) վերացմանը, վնասմանը կամ փոփոխմանը, ինչի արդյունքում որեւէ կերպ հնարավոր չէ վերականգնել ոչնչացման ենթակա մատնադրոշմային տեղեկատվության բովանդակությունը:

ԳԼՈՒԽ 3

ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված  16. Գերատեսչական վերահսկողությունը

 Սույն օրենքին համապատասխան մատնադրոշմային գրանցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված մարմինների եւ  ծառայությունների պետական կառավարումն իրականացնող լիազոր մարմինների ղեկավարները օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը

 Մատնադրոշմային գրանցում իրականացնելու հետ կապված սույն օրենքով նախատեսված մարմինների եւ պաշտոնատար անձանց` մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները խախտող որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով:

ԳԼՈՒԽ 4

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Մատնադրոշմային գրանցման ֆինանսավորումը

Մատնադրոշմային գրանցում իրականացնելու հետ կապված գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 19. Օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2009թ. թիվ 1523-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 134-րդ կետի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 27.03.08թ. թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի 17-րդ կետի պահանջներից եւ պայմանավորված է հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Նախագծի նպատակն է մատնադրոշմային տեղեկատվության օգտագործմամբ անձի ինքնության պարզումը կամ նույնականացումը, ինչպես նաեւ հանցագործությունների կանխման եւ խափանման, հայտնաբերման, բացահայտման եւ քննության աշխատանքներում մատնադրոշմային տեղեկատվության օգտագործմամբ այդ աշխատանքների արդյունավետության  բարձրացումը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները,   դրանց առաջարկվող լուծումները

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ոuտիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիu եւ բացահայտելիu իրավունք ունի uտանալու հանցագործության կատարման կաuկածանքով բերման ենթարկված, ձերբակալված,  հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց մատնադրոշմային նմուշները նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով:

Վերոնշյալ անձանց մատնադրոշմային նմուշների ստացումը ներկայումս իրականացվում է ՀՀ ոստիկանության պետի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի «Իրավախախտում կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ բերման ենթարկված անձանց մատնադրոշմավորման մասին» թիվ 2119-Ա հրամանով, որի համաձայն պարտադիր կարգով մատնադրոշմման են ենթարկվում իրավախախտում կատարելու կասկածանքով բերման ենթարկված անձինք:

Անձի ինքնությունը պարզելու կամ նույնացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաեւ իրավախախտումների հետ չկապված դեպքերում, մասնավորապես բնական աղետների, վթարների, ռազմական գործողությունների եւ փրկարարական աշխատանքների ժամանակ զոհվածների, մահացածների, անհայտ կորածների ինքնությունը պարզելու կամ նույնացնելու, ինչպես նաեւ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով սեփական անձի մասին տեղեկություններ հաղորդելուն ոչ ունակ անձանց ինքնությունը պարզելու դեպքերում:

«Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմաններ կստեղծվեն հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ անձի նույնականացումը ապահովելու համար:

3. Կարգավորման առարկան

«Պետական մատնադրոշմային գրանցման մասին»  ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են  Հայաստանի Հանրապետությունում պետական մատնադրոշմային գրանցում իրականացնելու նպատակները, սկզբունքները եւ տեսակները, ինչպես նաեւ կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պետական մատնադրոշմային գրանցում իրականացնելու, գրանցման արդյունքում ստացված տեղեկատվությունը պահպանելու, օգտագործելու, տրամադրելու, հաշվառելու, հաշվառումից հանելու եւ ոչնչացնելու հետ կապված հիմնական պահանջները:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման եւ կիրառման դեպքում կերաշխավորվի օրենքով սահմանված կարգով անձանց նույնականացումը (այդ թվում` քրեագիտական եւ օպերատիվ-հետախուզական), ինչպես նաեւ կբարձրանա հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: