Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-339-14.06.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետի «արտադրողի» բառից հետո լրացնել «կամ իրացնողի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետի, շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բավարարող շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի օտարումը ազատվում է ԱԱՀ-ից:

Ելնելով վերը նշված հոդվածի պահանջից, ստացվում է, որ առեւտրային գործունեությամբ (մանրածախ եւ մեծածախ) զբաղվող կազմակերպությունների կողմից շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի օտարումը չի ազատվում ԱԱՀ-ից:

Այսինքն՝ առեւտրային գործունեությամբ (մանրածախ եւ մեծածախ) զբաղվող կազմակերպությունները, եթե համապատասխան հարկային հաշիվներով, արտադրողներից ձեռք բերեն շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանքներ եւ օտարեն, ապա օտարված շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի արժեքից պետք է հաշվարկեն եւ վճարեն ԱԱՀ եւ դա այն պայմաններում, երբ նույն ձեռք բերված շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի արժեքից ԱԱՀ չեն կարող հաշվանցել, քանի որ շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողը, համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետի, դուրս գրված հարկային հաշվում տարայի արժեքից ԱԱՀ չի հաշվարկում: Ստացվում է, որ երկու ԱԱՀ վճարող կազմակերպություններից մեկը նույն ապրանքի իրացման արժեքից ԱԱՀ հաշվարկում է, իսկ մյուսը ոչ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթի պահանջին՝ այն է՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է հավասարապես կիրառվեն բոլոր հարկ վճարողների նկատմամբ եւ, որ ամենակարեւորն է, շրջանառելի՝ բազմակի օգտագործման նույն տարան ԱԱՀ-ով կրկնակի հարկվում է իր օգտագործման բոլոր փուլերում:

Նախագծի ընդունմամբ կբացառվի տնտեսվարող սուբյեկտների կողմից կրկնակի ԱԱՀ գանձումը եւ որի արդյունքում կապահովվի շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանքների գների կայունություն:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԲԱԲԼՈՅԱՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Հակոբ Հակոբյան),

բ) օրենքի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Պատգամավորներ՝
Խոսրով Հարությունյան
Հակոբ Հակոբյան
Վահան Հարությունյան
Արկադի Համբարձումյան