Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-338-14.06.2018-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ կետով՝

«3.1) Պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

Սույն փոփոխությունն անհրաժեշտ է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տվյալ դրույթի անհապատասխանությունը վերացնելու նպատակով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքում հստակ ձեւակերպվում է ավագանու անդամի պարտականությունը «պարբերաբար հանդիպելու համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնելու համայնքի ավագանու աշխատանքների մասին», այնինչ` «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նշվում է միայն «մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երեւանի բնակիչների ընդունելություններին» դրույթը, իսկ նախագծով առաջարկվող դրույթը առհասարակ դուրս է մնացել նշված օրենքից:

Ներկայիս կարգավորման հետեւանքով վերջերս վեճ էր առաջացել հանրության շրջանակում այն մասին, թե ինչու են Երեւանի ավագանիում ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչները հրապարակել Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովներից մեկի քննարկմանը ներկայացված նախագծերից մեկի փաստթղթերը: Նշված դրույթի ավելացումը թույլ կտա ապագայում խուսափել նման խնդիրներից, ինչպես նաեւ ավագանու գործունեությունը էլ ավելի հասանելի եւ թափանցիկ կդառնա հանրության համար:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) տեղեկանք:

Խնդրում եմ նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:



ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Լենա Նազարյան