Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1184-02.06.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է աղբահանության եւ սանիտարական մաքրման սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները եւ պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը` աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:

2. Բացառությամբ սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, սույն օրենքը չի կարգավորում վտանգավոր թափոնների հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման իրավական կարգավորումը

1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Թափոնների մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

1) աղբահանություն` բնակավայրերում գոյացող աղբի հավաքում, պահում, փոխադրում եւ աղբավայրում տեղադրում.

2 ) աղբ` կենցաղային աղբ, ոչ կենցաղային աղբ եւ խոշոր եզրաչափերի աղբ.

ա. կենցաղային աղբ` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` մարդու կենսագործունեության ծագմամբ առաջացող սպառման թափոնները.

բ. ոչ կենցաղային աղբ`

-արտադրական աղբ` արտադրության եւ սպառման թափոններ, որոնք առաջանում են իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում.

-շինարարական աղբ` քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող, շինարարական վերանորոգման, շենքերի վերակառուցումից եւ քանդումից առաջացող թափոններ.

գ. խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության ծագմամբ կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող արտադրության եւ սպառման թափոններ, որոնք, հաշվի առնելով իրենց ֆիզիական հատկությունները, ներառյալ չափը, ծավալը կամ քաշը, անհնար է հավաքել, պահել կամ փոխադել կենցաղային աղբի համար նախատեսված սովորաբար կիրառվող տեխնիկական միջոցների կիրառմամբ:

3) սանիտարական մաքրում` համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցներ, այգիներ, պուրակներ, հրապարակներ, բակեր, մայթեր, անցումներ, կամուրջներ, սիզամարգեր, լողափեր եւ  ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) մաքրումը աղբից, տերեւակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից եւ փողոցների երթեւեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների եւ մայթերի` ձյունից եւ սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների սպասարկումը.

4) օպերատոր` համայնքին աղբահանության եւ/կամ սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր),

2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:

Հոդված 4. Աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնական նպատակները եւ սկզբունքները

1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնական նպատակները եւ սկզբունքներն են`

1) մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կոմունալ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը եւ չեզոքացումը,

2) բնակության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը,

3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը եւ տարածքների մաքրումը աղբից,

4) աղբահանության եւ սանիտարական մաքրման պարտադիր եւ մշտապես իրականացումը սույն օրենքով նախատեսված սանիտարական մաքրման սխեմային համապատասխան,

5) աղբահանության վճարովի լինելը,

6) օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծումը եւ աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցումը,

7) աղբահանության եւ սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության եւ հանրային իրազեկվածության ապահովումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,

8) աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը,

9) ոլորտում միջհամայնքային համագործակցությունը,

10) համայնքային բյուջեի հաշվին սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը:

Հոդված 5. Աղբահանության վճարը

1. Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ վճարվող վճարն է:

Հոդված 6. Աղբահանության վճար վճարողների շրջանակը

1. Աղբահանության վճար վճարողներ են հանդիսանում համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի կամ բնակելի այլ շինության սեփականատեր հանդիսացող, կամ որեւէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող ֆիզիկական անձինք (ներառյալ անհատ ձեռնարկատեր), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը:

Եթե միեւնույն գույքի նկատմամբ սույն օրենքի իմաստով աղբահանության վճար վճարող են հանդիսանում մեկից ավելի անձինք, ապա աղբահանության վճարի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

2. Ոչ կենցաղային աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե նշված աղբը փոխադրվում եւ տեղադրվում է սեփական միջոցներով սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված թույլտվության հիման վրա, կամ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

3. Համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է:

Հոդված 7. Աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների ֆինանսավորումը

1. Համայնքի տարածքում իրականացված աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքի բյուջեից` առանձին ծախսային ծրագրով (ծրագրերով) կամ արտաբյուջետային հաշվից կամ իրավաբանական անձանց՝ պայմանագրի հիման վրա կատարված վճարներով:

Հոդված 8. Աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողը

1. Համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացվում են անմիջականորեն համայնքային հիմնարկների կողմից, կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորի կողմից:

2. Սույն հոդվածի 1–ին մասով նախատեսված անձը պարտավոր է իրականացնել խոշոր եզրաչափերի աղբի հավաքումը եւ փոխադրումը տվյալ համայնքի ավագանու կողմից հաստատված  դրույքաչափերին համապատասխան:

3. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համայնքի ավագանու կողմից սահմանված պահանջներին համապատասխաան կարող է իրականացնել ոչ կենցաղային աղբի հավաքումը եւ փոխադրումը սույն հոդվածով նախատեսված աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվության հիման վրա:

4. Աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաեւ ոչ կենցաղային աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու եւ փոխադրելու համար:

5. Աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվությունը տրամադրում է հայմայնքի ղեկավարը, հայմանքի ավագանու կողմից հաստատված պայմաններով եւ կարգով:

6. Աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները եւ կարգը պետք է  ուղղված լինեն սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան աղբահանության կայուն իրականացման ապահովմանը:

7. Աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանում է ավագանին, ինչը սակայն չի կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:

ԳԼՈՒԽ 2

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 9. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպմանը ներկայացվող պահանջները

1. Աղբահանությունը եւ սանիտարական մաքրումը մշտապես եւ պարտադիր իրականացվող աշխատանք է, որն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված սանիտարա-հիգիենիկ կանոնների եւ նորմերի պահանջների պահպանմամբ:

Հոդված 10. Աղբի հավաքմանը եւ պահմանը ներկայացվող պահանջները

1. Կենցաղային աղբը, հավաքվում եւ/կամ պահվում է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների` այդ նպատակով հատուկ սահմանված կամ նախատեսված տեղերում  եւ համայնքի կամ օպերատորի կողմից տրամադրված տարողություններում` աղբամաններում, կոնտեյներներում, աղբախցերում` սահմանված  սանիտարա-հիգիենիկ կանոնների եւ նորմերի պահանջների պահպանմամբ:

2. Համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում առաջացող աղբի համար համայնքի կամ օպերատորի կողմից տեղադրվում են աղբամաններ կամ կոնտեյներներ` սանիտարա-հիգիենիկ կանոններին եւ նորմերին, ինչպես նաեւ  սանիտարական սխեմային համապատասխան:

3. Ոչ կենցաղային աղբը, ինչպես նաեւ խոշոր եզրաչափերով աղբը հավաքվում եւ պահվում է աղբահանության վճար վճարողների կողմից ձեռք բերված կամ համայնքի կամ օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից տրամադրած եւ դրանց համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում, որոնք տեղադրվում են աղբահանության  վճար վճարողների համապատասխան տարածքներում, եթե այլ բան սահմանված չէ համայնքի ավագանու կողմից: Ընդ որում, համայնքի կամ օպերատորի կողմից աղբամանները կամ կոնտեյներները աղբահանության համար վճարողների պահանջով կարող են տրամադրվել վարձակալության հիմունքներով:

4.Աղբահանության իրականացման կարգը, այդ թվում նաեւ` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների (կոնտեյներների) տեղադրման վայրերը, դրանց տեսակները եւ քանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարա-հիգիենիկ կանոնները եւ նորմերի պահանջները: Աղբը պետք է փոխադրվի առնվազն մինչեւ կոնտեյներների ամբողջությամբ լցվելը:

5. Արգելվում է աղբը պահել եւ թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում:

Հոդված 11. Աղբի փոխադրմանը ներկայացվող պահանջները

1. Աղբի փոխադրման իրականացումը պետք է կազմակերպվի` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը:

Հոդված 12. Աղբի տեղադրմանը ներկայացվող պահանջները

1. Աղբը տեղադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված աղբավայրերում կամ ենթարկվում է վերամշակման:

2. Աղբավայրերում աղբի տեղադրումը իրականացվում է աղբավայրերի շահագործման եւ սանիտարա-հիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ:

3. Արգելվում է աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում:

Հոդված 13. Սանիտարական մաքրման սխեմային (ծրագրին) ներկայացվող պահանջները

1. Սանիտարական մաքրման սխեման (ծրագիրը) պարունակում է հետեւյալ հիմնական տարրերը` համայնքում առաջացող աղբի ծավալների մոտավոր հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման, փոխադրման, տեղադրման, տեսակավորման եւ վնասազերծման ձեւերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը:

2. Սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին: 

ԳԼՈՒԽ 3

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԸ, ԴՐԱ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը

1. Աղբահանության վճարը սահմանվում է`

1) կենցաղային աղբի համար՝

ա. ըստ հաշվառված անձանց թվաքանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի համար՝ առավելագույնը ամսական 400 դրամ, ընդ որում, եթե տվյալ հասցեում որեւէ անձ հաշվառված չէ, ապա տվյալ բնակելի շինության կամ բնակարանի համար կարող է հաշվարկվել աղբահանության վճար մեկ բնակչի համար սահմանված դրույքաչափով, կամ

բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար առավելագույնը 25 դրամ.

2) ոչ կենցաղային աղբի համար՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ առավելագույնը 1700 դրամ, կամ

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ առավելագույնը 5000 դրամ, կամ

գ. ըստ ոչ բնակելի շինության զբաղեցրած մակերեսի՝ 1 քմ մակերեսի հաշվով առավելագույնը 250 դրամ.

3) խոշոր եզրաչափի աղբի համար՝ ըստ խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման համար նախատեսված հատուկ կոնտեյներների քանակի՝ յուրաքանչյուր կոնտեյների համար առավելագույնը 10000 դրամ:

2. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները եւ աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում է համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի սահմաններում:

3. Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր: Ընդ որում, տարբեր դրուքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաեւ անշարժ գույքի չափերը, նպատակային կամ գործառնական նշանակությունը, հարկայնությունը, հեռավորությունը աղբավայրից, աղբահանության վճար վճարողների եւ նրանց գործունեության առանձնահատկությունները:

Հոդված 15. Աղբահանության վճարի հաշվարկման կարգը

1. Աղբահանության վճարի հաշվարկման հաշվետու ժամանակահատված է հանդիսանում օրացուցային ամիսը:

2. Անշարժ գույքի սեփականատիրոջ ցանկացած հիմքով փոփոխության դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում աղբահանության վճարի գծով նախկին սեփականատիրոջ չկատարած պարտավորությունը կամ գերավճարի իրավունքը:

3. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալի կամ անհատույց օգտագործողի աղբահանության վճարի գծով պարտավորությունները փոխանցվում են համապատասխանաբար պետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին, եթե այլ բան նախատեսված չէ նոր վարձակալի կամ անհատույց օգտագործողի հետ կնքված գործարքով:

4. Աղբահանության վճար վճարողի պարտավորությունը դադարում է դրամական միջոցների վճարմամբ կամ ֆիզիկական անձ հանդիսացող վճարողի մահվամբ, եթե`

1)  վճարողի անշարժ գույքն անժառանգ ճանաչվելու հիմքով փոխանցվել է համայնքին ի սեփականություն.

2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման մահացածի իրավունքը այլ անձի չի փոխանցվել:

Հոդված 16. Աղբահանության վճարի հաշվարկողի կողմից սխալ հաշվարկելու արդյունքում պակաս վճարված աղբահանության վճարի գումարների վերահաշվարկումն ու վճարումը

1. Աղբահանության վճարի հաշվարկողի կողմից սխալ հաշվարկելու արդյունքում պակաս վճարված աղբահանության վճարի` գրավոր տեղեկացնելու օրվա դրությամբ հաշվարկված

1) գումարները, վճարում է աղբահանության վճար վճարողը` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի քան երեք տարվա համար:

2) գումարների վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը վճարում է հաշվարկող մարմինը, բացառությամբ սույն մասի 3-րդ կետում նշված դեպքերի:

3) գումարների վճարումն ուշացնելու տույժեր չեն հաշվարկվում, եթե հաշվարկող մարմինը տեղական ինքնակառավարման մարմինն է:

4) սույն մասին 1-ին եւ 2-րդ կետերում նշված գումարները ներառվում են եւ ենթակա են վճարման ընթացիկ ամսվա վճարի հետ: Աղբահանության վճար վճարողի կամ հաշվարկող մարմնի դիմումի առկայությամբ դիմումատուի  հետ համայնքի ղեկավարը կարող է 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմել վճարման ժամանակացույց, որով սույն կետում նշված գումարների մարման ժամկետը կարող է սահմանվել ժամանակացույցի կնքման օրվանից առավելագույնը 6 ամիս: Սահմանված ժամանակացույցի` աղբահանության վճար վճարողի կողմից առաջին իսկ խախտման դեպքում կիրառվում են սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տույժերը:

Հոդված 17. Աղբահանության վճարի գերավճարները

1. Աղբահանության վճարի ավել մուծված գումարները (ներառյալ աղբահանության վճարի հաշվարկողի կողմից սխալ հաշվարկելու արդյունքում ավել վճարված գումարները) հաշվարկվում են որպես կանխավճար կամ, այդ վճարը վճարողի դիմումի հիման վրա, ենթակա են համայնքի կողմից վերադարձման` դիմումը տալուն հաջորդող 30 օրվա ընթացքում, անկախ օպերատորի հետ պայմանագրի լուծման հանգամանքից:

Հոդված 18. Աղբահանության վճարի վճարման կարգը

1. Աղբահանության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ անկանխիկ յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ հաջորդող ամսվա 15 -ը:

2. Աղբահանության վճարի դրույքաչափի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում աղբահանության վճար հաշվարկողը մինչեւ հաջորդող ամսվա 10-ը աղբահանության վճարվճարողներին իրազեկում է հաշվարկված վճարի չափի մասին:

Հոդված 19. Աղբահանության վճար վճարողներին հաշվառողները, աղբահանության վճարը հաշվարկողները եւ աղբահանության վճարի գանձումը

1. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաեւ այդ վճարի գանձումը եւ համայնքի բյուջե փոխանցումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաեւ այդ վճարի գանձումը (մուտքագրումը) համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ համայնքի ղեկավարի ներկայացմամբ եւ համայնքի ավագանու կողմից կարող են վերապահվել օպերատորին կամ այլ կազմակերպությանը (կազմակերպություններին):

3. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարի հաշվարկումը, ինչպես նաեւ այդ վճարի գանձումը օպերատորի կամ այլ կազմակերպության կողմից իրականացվելու դեպքում օպերատորը կամ տվյալ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնին է ներկայացնում ամսական տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաեւ այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների (հաշվետվություն) վերաբերյալ:

4.  Աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը սահմանում է համայնքի ավագանին:

5. Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաեւ այդ վճարի գանձման կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը: 

ԳԼՈՒԽ 4

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքները եւ պարտականությունները

1. Աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքներն են`

1) ինքնուրույն հաշվարկել իրենց կողմից կատարվող վճարի չափը եւ uտուգել դրա համապատաuխանությունը կատարված հաշվարկների հետ,

2) ծանոթանալ իրենց կողմից կատարվող վճարի չափի եւ հաշվարկների հետ, ինչպեu նաեւ տեղեկություններ uտանալ իրենց կողմից կատարված վճարումների մաuին,

3) oրենքով uահմանված կարգով բողոքարկել աղբահանության վճար  վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաեւ այդ վճարի գանձման` իրեն վերաբերող գործողությունները:

4) համայնքից կամ օպերատորից պահանջել աղբահանությունը կազմակերպողի պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու հետեւանքով իրենց կողմից սեփական միջոցների հաշվին կատարած աղբահանության ծախսերի հատուցում:

2. Աղբահանության վճար վճարողները պարտավոր են`

1) սույն օրենքով սահմանված ժամկետում եւ սահմանված դրույքաչափով վճարել աղբահանության վճարը.

2) խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում պատվիրել նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրումը:

3) աղբը պահել եւ թափել դրա համար սահմանված կամ նախատեսված վայրերում

Հոդված 21. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

1. Աղբահանության վճարի վճարումը սույն օրենքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը, իսկ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում` աղբահանության վճար հաշվարկողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի քան 180 օրվա համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերը հաշվարկվում, հաշվառվում եւ գանձվում են աղբահանության վճարի համար սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Օպերատորի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պատասխանատվությունը, ինչպես նաեւ աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու վերաբերյալ համայնքի եւ օպերատորի միջեւ կնքած պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը սույն օրենքով չսահմանված մասով կարգավորվում է պայմանագրով:

5. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված անձինք համայնքի ղեկավարի որոշմամբ կարող են զրկվել աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվությունից սույն օրենքով նախատեսված` աղբի հավաքմանը կամ փոխադրմանը ներկայացվող պահանջները մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ խախտելու դեպքում:

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ու աղբահանություն եւ/կամ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջեւ կնքված պայմանագրերը գործում են կամ դրանց գործողությունը կարող է երկարացվել, ինչպես նաեւ համանման պայմանագրեր կարող են կնքվել մինչեւ սույն օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին համապատասխան օպերատորի հետ կնքված պայմանագրով նախատեսաված օպերատորի կողմից պարտավորությունների կատարման ժամկետի սկիզբը:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում համայնքի ավագանին սահմանում է աղբահանության դրույքաչափերը, ընդ որում` աղբահանության վճարը հաշվարկվում է աղբահանության դրույքաչափը սահմանելուն հաջորդող ամսվանից եւ գանձվում է սույն օրենքով սահմանված կարգով:

4. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտավորություն: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, որի հետեւանքով էլ առկա է անարդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ։ Հայաստանի Հանրապետությունում աղբահանության իրականացման հետ կապված հարաբերությունների լիարժեք եւ համապարփակ իրավական կարգավորումը հանդիսանում է առաջնահերթ հիմնախնդիրներից մեկը: Աղբահանության գործող համակարգը խիստ ոչ արդյունավետ է ռեսուրսների օգտագործման եւ ծախսերի արդյունավետության տեսակետից, միեւնույն ժամանակ մատուցվող ծառայությունների որակը չի համապատասխանում միջազգային ընդունված չափանիշներին: Հետեւաբար վերոգրյալ օրենսդրական փաթեթը նպատակաուղղված է իրավական կարգավորման ենթարկել վերոնշյալ ոլորտը, ինչը միաժամանակ կհանգեցնի աղբահանության իրականացման հետ կապված ծառայությունների արդյունավետության բարձրացմանը եւ ոլորտի կատարելագործմանը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաստանի Հանրապետության համայնքները ներկայումս չունեն ինստիտուցիոնալ կարողություններ աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների իրականացման, ինչպես նաեւ մասնավոր հատվածից ներգրավված ծառայություններ մատուցողներին արդյունավետ կերպով կառավարելու համար: Այդ է վկայում Երեւան քաղաքում մի շարք փոքր պետական եւ մասնավոր ընկերությունների միջոցով աղբահանության ծառայությունների մատուցման ներկայիս ապակենտրոնացված համակարգի առկայությունը, որը բնութագրվում է ծառայության որակական մեծ տարբերություններով եւ անարդյունավետությամբ։ Անհրաժեշտություն է առաջանում համապատասխան որակյալ եւ փորձառու ընկերություն (ընկերություններ) ներգրավել նշված ոլորտում ծառայություններ մատուցելու համար: Սակայն  ներկայիս իրավական կարգավորման բացակայությունը բացասաբար է անդրադառնում ոլորտի զարգացման վրա: Այսպես` վերջին տասը տարիների ընթացքում աղբահանող մեքենաների նորացման ուղղությամբ ներդրումներ գրեթե չեն կատարվել, ինչը հանգեցրել է նրան, որ մեքենաների մոտ 70%-ը արդեն պիտանի չեն օգտագործման: Իրավական բացը հանգեցնում է նաեւ պետական եւ մասնավոր հատվածների փոխգործակցության նվազեցմանը: Վերոգրյալ ոլորտի կատարելագործումը հնարավոր կլինի միայն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների եւ սարքավորումների ներգրավման դեպքում, որոնք մեծ ներդրումներ են պահանջում եւ իրականանալի են միայն մասնավոր հատվածի ներգրավման պարագայում:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելով իրավական դաշտը` հստակեցնել պետական ռազմավարությունը, ?ստեղծել ներդրումների եւ արդյունավետ գործունեության խթաններ, որոնց արդյունքում էլ համապատասխան պայմաններ կստեղծվեն մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կոմունալ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործությունը նվազեցնելու եւ չեզոքացնելու, բնակչության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ հնարավորություններ ապահովելու համար։

Միեւնույն ժամանակ սույն օրենքի ընդունման արդյունքում լուծվում է միայն թափոնների մի մասի՝ այն է աղբի հավաքման եւ տեղափոխման հետ կապված հարաբերությունները: Օրենքի նախագիծը չի կարգավորում վտանգավոր թափոնների (բացառությամբ վտանգավորության IV դասին պատկանող կոմունալ թափոնների որոշ տեսակների, օրինակ, շենքերի խախտումից առաջացած շինարարական աղբը եւ այլն) հետ կապված հարաբերությունները: Նշված հարաբերությունները՝ ներառյալ ՀՀ ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանանակներում քննարկվող դիրեկտիվներով նախատեսված հարաբերությունները, պետք է կարգավորվեն առանձին օրենքներով, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան փոփոխություններով եւ այլ օրենսդրական ակտերով:

Նշյալ օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ կկանոնակարգվեն սակագները, կսահմանվեն վճարների դրույքաչափերը եւ հավաքագրման մեխանիզմները, կամրագրվեն վճարողների եւ ծառայություններ մատուցողների իրավունքներն ու պարտականությունները: Սահմանված ծառայությունների մատուցման համար կներդրվեն պայմանագրային հարաբերություններ: Օրենքի նախագիծը հստակ ամրագրում է այն հիմնական նպատակները եւ սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն սանիտարական մաքրման եւ աղբահանության իրականացման հիմքում: Նախագիծը արտացոլում է մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կոմունալ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման եւ չեզոքացման, բնակության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, եւ նշված խնդիրների կապակցությամբ միջհամայնքային համագործակցության կարեւորությունը:

Նշյալ նախագծերի ընդունումը նպատակ է հետապնդում սահմանել աղբահանության վճարը՝ որպես համայնքային վճար (պարտադիր գանձույթ), ինչպես նաեւ հստակորեն սահմանել աղբահանության վճար վճարողների շրջանակը: Աղբահանության վճար վճարելու պարտականությունը կրում է համայնքների վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաեւ անշարժ գույք չհամարվող այլ շինությունների (օրինակ շարժական կրպակներ եւ այլն) նկատմամբ տիրապետման իրավունք ունեցող անձը: Ընդ որում, ամրագրվել է համապատասխան վճարի «փոխանցման սկզբունքը»՝ գույքահարկի համար նախատեսված կարգավորմանը համահունչ: Նաեւ հաստատվել է, որ եթե որեւէ գույքի նկատմամբ աղբահանության վճար վճարող է համարվում մի քանի անձ, ապա տվյալ անձիք կրում են համապարտ պատասխանատվություն: Միեւնույն ժամանակ, եթե որեւէ անշարժ գույքի նկատմամբ մի քանի անձինք ունեն բաժնային սեփականության իրավունք, ապա սույն օրենքի իմաստով որոշ դեպքերում (երբ ավագանին տվյալ անշարժ գույքի նկատմամբ սահմանում է ըստ մակերեսի հաշվարկման սկզբունք) յուրաքանչյուր սեփականատեր (տիրապետող) աղբահանության վճար վճարելու պարտականություն է կրում զուտ իր տիրապետման ներքո գտվնող հատվածի համար, իսկ մնացած դեպքերում (օրինակ, երբ ավագանին սահմանվում է ըստ հաշվառված անձանց քանակի սկզբունք) նախատեսվում է համապարտ պարտականություն: Նախագծում նաեւ նախատեսվել է արտոնությունների տրամադրման հնարավորություն առանձին կատեգորիայի անձանց համար, միեւնույն ժամանակ՝ արգելելով կոնկրետ անհատի համար արտոնություն սահմանելը, այն է՝ կոնկրետ անձի կամ անձանց համար մյուսների համեմատ առավել բարենպաստ պայմանների սահմանումը (տրամադրումը): Անձը կարող է օգտվել սահմանված արտոնությունից, եթե բավարարում է կոնկրետ կատեգորիային ներկայացվող պահանջներին: Քանի որ «արտոնություն» հասկացությունը գնահատողական հասկացություն է եւ ենթադրում է սույն օրենքով սահմանված պայմաններից առավել բարենպաստ պայմանների նախատեսում, այս առումով ավագանուն վերապահվել է իրավասություն՝ յուրաքանչյուր դեպքում ինքնուրույն որոշելու տրամադրվող արտոնության տեսակը եւ ծավալը:

Նախագիծը հստակ կարգավորում է նաեւ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողների շրջանակը եւ նրանց պարտականությունները՝ աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցի հաստատման իրավասությունը վերապահելով համայնքի ավագանուն: Միեւնույն ժամանակ օրենքով լրացուցիչ անգամ ամրագրվում է՝ մինչեւ կոնտեյներների ամբողջությամբ լցվելը աղբահանության իրականացման անհրաժեշտությունը: Համապատասխան կարգավորումները հնարավորություն են ընձեռում որոշ համայնքներում, հիմնվելով գնումների համապատասխան ընթացակարգի վրա, աղբահանության եւ սանիտարական մաքրման գործունեություն իրականացնելու նպատակով ներգրավել համապատասխան ներդրոդների / օպերատորների: Սույն օրենսդրական փոփոխութունները նախեւառաջ նպատակ են հետապնդում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը, ինչը կխթանի ծառայությունների որակի բարձրացումը: Միեւնույն ժամանակ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծմանը, ուստիեւ աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցմանը:

Նախագիծը նպատակ է հետապնդում նաեւ հստակորեն կարգավորել աղբահանության վճար կատարելու հիմքերը, դրա դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը: Սահմանելով աղբահանության հաշվարկման եղանակները, նախագիծը ամրագրել է, որ յուրաքանչյուր համայնքի համար ավագանին ինքն է որոշում վճարի դրույքաչափը նախագծով սահմանված դրույքաչափերի սահմաններում: Յուրաքանչյուր համայնքում ավագանին կարող է նշված սահմանային դրույքաչափերի շրջանակներում տարբեր տեսակի աղբի համար, հաշվի առնելով այդ թվում նաեւ անշարժ գույքի չափերը, նպատակային կամ գործառնական նշանակությունը, հարկայնությունը, աղբավայրից հեռավորությունը, աղբահանության վճար վճարողների գործունեության առանձնահատկությունները,  կոնկրետ դրույքաչափեր սահմանել: Ինչ վերաբերում է ամրագրված սահմանային դրույքաչափերին ապա դրանց հաշվարկումը կատարվել է՝ հիմք ընդունելով աղբվայրերի համար վճարների, փոխադրման վճարների, տեխնիկական միջոցների կիրառման հետ կապված ծախսերի հանրագումարը, ինչպես նաեւ ներդրումներից ակնկալվող ողջամիտ շահութաբերության մակարդակը ապահովելու համար անհրաժեշտ գումարը: Նշված սահմանային դրույքաչափերը ընդհանուր առմամբ համապատասխանում են նաեւ միջազգային փորձագետի (Fichtner) կողմից իրականացված «Երեւան քաղաքի կոշտ թափոնների կառավարման խորհրդատավական ուսումնասիրության» արդյունքներում արտացոլված սահմանային դրույքաչափերին՝ ուղղված գումարների հավաքելիության եւ եվրո/ՀՀ դրամ փոխարժեքի առկա հնարավոր փոփոխությունների հիման վրա:

Ակնկալվում է որ առաջակրով օրենքի ընդունումը կխթանի պետական եւ մասնավոր հատվածի համագործակցությունը, կնպաստեն աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, կնպաստեն վճարների հավաքագրման համակարգի բարելավմանը, աղբավայրերի բարեկարգմանը, աղբահանության ամբողջական մեքենայացմանը եւ ոլորտի կատարելագործմանը:

Oրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող կառավարության որոշումը կընդունվի մեկ ամսվա ընթացքում: