Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1181-24.05.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) ԱՏԳ ԱԱ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի եւ մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմացուների եւ տնկանյութի իրացումը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը ՝ Գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացած խնդիրներից է ճյուղում օգտագործվող հիմնական ռեսուրսների դժվարամատչելիությունը: Դա հիմնականում վերաբերում է ներմուծվող ռեսուրսներին, մասնավորապես՝ գյուղատնտեսական տեխնիկային, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերին, պարարտանյութերին, թունաքիմիկատներին: Գյուղատնտեսությունում օգտագործվող նշված ռեսուրսների բարձր գների պատճառով այն մատչելի չէ գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների համար, որը բացասաբար է անդրադառնում ճյուղի մրցունակության վրա: Օրենքների ընդունումը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական տրակտորների, առանձին մեքենաների եւ դրանց մասերի, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների ներմուծումն, ինչպես նաեւ ներքին շուկայում իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելով՝ նպաստել այդ ռեսուրսների ձեռքբերման մատչելիությանը, դրանց ներմուծման եւ օգտագործման ծավալների ընդլայնմանը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ՝ Գյուղատնտեսության ոլորտի առջեւ ներկայումս ծառացած խնդիրներից է ոլորտի տրակտորային հավաքակազմի եւ գյուղատնտեսական տեխնիկական այլ միջոցների մաշվածությունը: Սակայն, գյուղատնտեսական տեխնիկական միջոցների բարձր գների պատճառով այն մատչելի չէ գյուղատնտեսական բնագավառի տնտեսավարողների համար, արդյունքում ցածր է ճյուղի մեքենայացման մակարդակը եւ արդյունավետությունը:

Հանրապետության բուսաբուծության ճյուղի զարգացման եւ արդյունավետության բարձրացման հիմնական նախադրյալներից է բարձրորակ սերմերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների օգտագործումը: Վերջինս պահանջում է տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների մեծածավալ ներկրումներ, որոնց իրացումից գանձվում է ավելացված արժեքի հարկ: Վերջինս զգալիորեն բարձրացնում է նշված ռեսուրսների գները:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ՝ Ագրարային ոլորտում՝ մասնավորապես տեխնիկական միջոցների եւ սերմերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի ներկրման եւ գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատակարարման, գյուղատնտեսության մեքենայական հավաքակազմի նորացման գործում որդեգրված է պետական աջակցության քաղաքականություն եւ նշված օրենսդրական փոփոխությունները համահունչ են կիրառվող քաղաքականությանը:

Կարգավորման նպատակը եւ բնույթը ՝ Տվյալ օրենսդրական կարգավորման նպատակը գյուղատնտեսությունում օգտագործվող ներմուծվող ռեսուրսների մատչելիության եւ արտադրական գործընթացների մեքենայացման մակարդակի բարձրացումն է, արդյունքում՝ ճյուղի արդյունավետության բարձրացման համար նախադրյալների ստեղծումն է:

Առաջարկվող օրենքների նախագծերով գյուղատնտեսության մեջ օգտագործվող 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի եւ դրանց մասերի, 31 ապրանքային ծածկագրին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93,  3808 94, 3808 99 ապրանքային ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի չգանձումը, ինչպես նաեւ նշված ռեսուրսների ներքին շրջանառությունը ավելացված արժեքի հարկից ազատումը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից դրանց ձեռք բերման մատչելիության բարձրացմանը եւ օգտագործման ծավալների ավելացմանը, արդյունքում՝ գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածության, մեքենայացման մակարդակի բարձրացմանը, ագրոտեխնիկական պահանջների կատարմանն ու ճյուղի արդյունավետության բարձրացմանը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք ՝ Նախագծի մշակման գործընթացում ներգրավվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

Ակնկալվող արդյունքը ՝ Օրենսդրական փոփոխություններից ակնկալվող արդյունքներն են՝ գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրորակ սերմերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների օգտագործման ծավալների աճը, ագրոտեխնիկական պահանջների պահպանումը, տեխնիկական հագեցվածության մակարդակի եւ ճյուղի արդյունավետության բարձրացումը:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) ` Նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: