Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-324-31.05.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-134-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունուց հետո ավելացնել նոր պարբերություն հետեւյալ խմբագրությամբ՝

«առեւտրային ցանց` ընդհանուր կառավարման ներքո կամ միեւնույն առեւտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը.»:

Հոդված 2.  Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «առեւտրի օբյեկտների տեսակներն են» բառերից հետո լրացնել «առեւտրային ցանցերը» բառերով:

Հոդված 3.  Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ

«2. Առեւտրի օբյեկտներում մանրածախ առեւտուր չեն կարող իրականացնել ներմուծող եւ մեծածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:»

Հոդված 4.  Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«8. Առեւտրային ցանցում մանրածախ առեւտրի իրականացումը դադարեցվում է շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 20:00-ից մինչեւ ժամը 22:00-ն ընկած ժամանակահատվածը:»

Հոդված 5.  Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «Մանրածախ առեւտուրն իրականացվում է» բառերից հետո լրացնել «առեւտրային ցանցերում» բառերով:

Հոդված 6.  Օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի ա կետի «հացի եւ հացաբուլկեղենի մանրածախ առեւտուրն իրականացվում է» բառերից հետո լրացնել «առեւտրային ցանցերում» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

Վերջին տարիներին մանրածախ առեւտրի շրջանառության մեջ անշեղորեն աճել է խոշոր խանութների տեսակարար կշիռը՝ կազմելով ավելի քան 60 տոկոս: Դրան զուգահեռ՝ անընդհատ կրճատվում է փոքր առեւտրի օբյեկտների թիվը՝ նպաստելով առեւտրի շրջանառության կենտրոնացմանը խոշոր խանութների ձեռքում:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող հազարավոր փոքր եւ միջին ձեռնարկությունների համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձեւավորման, աշխատատեղերի պահպանման եւ առողջ մրցակցային հարաբերությունների ձեւավորման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, ներկայացվող օրենքի նախագծում առաջարկվում է տարանջատել մեծածախ ներկրումներն ու մեծածախ առեւտուրը մանրածախ առեւտրից, որը կնպաստի ինչպես հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մրցակցային հարաբերությունների որակի բարելավմանը վերոնշյալ ոլորտում:
 


ՏԵՂԵԿԱՆՔ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքի իմաստով առեւտրի հիմնական հասկացություններն են`

վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

(պարբերությունն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

առեւտրի օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար.

առեւտրային ցանց` ընդհանուր կառավարման ներքո կամ միեւնույն առեւտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը.

սպառողական ապրանքների շուկա` առեւտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների առուվաճառք.

ոչ պարենային ապրանքներ` բնակչության նյութական եւ կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր-կենցաղային եւ տնտեսական նշանակության, թեթեւ արդյունաբերության եւ այլ արտադրանք.

արտադրատեխնիկական նշանակության ապրանքներ` տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործման նպատակով նախատեսված ապրանքներ, որոնք հիմնականում ներկայացվում են տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների, վառելիքահումքային ապրանքների տեսքով.

գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առեւտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) եւ սննդամթերքի առուվաճառք.

կենդանիների շուկա` առեւտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանի կենդանիների առուվաճառք.

շրջիկ առեւտրի կետեր` ապրանքների պահման եւ մանրածախ առեւտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ավտոցիստեռններ եւ այլն.

հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական եւ տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայան.
շրջիկ առեւտուր` առեւտրի օբյեկտներից դուրս` շրջիկ առեւտրի կետերի միջոցով իրականացվող վաճառք.

շրջածախ առեւտուր` առեւտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առեւտուր.

բացօթյա առեւտուր` առեւտրի օբյեկտներից, այդ թվում` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերից եւ առեւտրի իրականացման վայրերից դուրս` օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առեւտուր.

դիլեր` կազմակերպության արտադրանքի իրացման ցանցի մեջ մտնող եւ նրա գործակալը հանդիսացող` արտադրանքի մանրածախ առեւտրով զբաղվող վաճառող.

դիստրիբյուտոր` արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն:

առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ` սույն օրենքով սահմանված դեպքերում համապատասխան լիցենզիայի հիման վրա առեւտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

առեւտրի կենտրոն` առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող եւ կառավարվող առեւտրի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաեւ հանրային սննդի, զվարճանքի, կենցաղային ծառայությունների համար առանձնացված մասեր.

ցուցահանդես-վաճառք` իրավաբանական անձի եւ (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալված տարածքում կամ իրավասու մարմնի կողմից սահմանված վայրում առուվաճառքի պայմանագրերի կնքման եւ տարածաշրջանային, միջտարածաշրջանային եւ միջպետական տնտեսական կապերի ձեւավորման նպատակով կազմակերպվող միջոցառում.

տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի եւ օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական եւ ֆիզիկական անձինք:

Հոդված 3. Առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրի տեսակները

1. Առեւտրի օբյեկտների տեսակներն են` առեւտրային ցանցերը,  խանութները, կրպակները, տաղավարները, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը:

2. Առեւտրի իրականացման վայրի տեսակներն են` առեւտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) եւ ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

Հոդված 4. Առեւտրի օբյեկտներին ներկայացվող պահանջները

1. Առեւտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Առեւտրի օբյեկտներում մանրածախ առեւտուր չեն կարող իրականացնել ներմուծող եւ մեծածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

3. Առեւտրի օբյեկտներում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում:

4. Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից` առեւտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով:

5. Առեւտրի օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

6. Առեւտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առեւտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առեւտրի օբյեկտների ցուցափեղկերը եւ մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:

7. Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից` առեւտրի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով:

8. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաեւ գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով:

9. Առեւտրային ցանցում մանրածախ առեւտրի իրականացումը դադարեցվում է շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 20:00-ից մինչեւ ժամը 22:00-ն ընկած ժամանակահատվածը:

Հոդված 9. Առեւտրի կազմակերպման կանոնները

1. Առեւտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացվում է օրենքով սահմանված տեսակներով:

2. Մանրածախ առեւտուրն իրականացվում է առեւտրային ցանցերում, խանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի առեւտրի կետերում, առեւտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման եւ բացօթյա առեւտրի վայրերում, շրջիկ առեւտրի կետերի, շրջածախ առեւտրի, էլեկտրոնային կապի, դիլերների միջոցով եւ ավտոմատներով:

3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը եւ գնապիտակի լրացման թվականը: Գնապիտակը ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:

4. Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) եւ ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առեւտրի օբյեկտների):

5. Գնված պատշաճ եւ ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը եւ վերահաշվարկն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

6. (մասն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

7. Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից պատրաստված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի եւ կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաեւ պիտանիության ժամկետը:

8. Ցուցահանդես-վաճառքները կազմակերպվում եւ անցկացվում են իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից:

Ցուցահանդես-վաճառքներում ապրանքների առուվաճառքն իրականացվում է նաեւ նմուշներով, կատալոգներով, ուրվանկարներով, տեղեկագրերով եւ էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով:

9. Տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի եւ օրենքով սահմանված տոնական օրերին:

10. Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող է իրականացվել առեւտրի օբյեկտներից:

Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդներին) ապահովել մատուցվող ծառայությունների ցանկի, պատվերների ընդունման եւ ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու եւ գների վերաբերյալ մատչելի եւ ստույգ տեղեկատվությամբ:

Պատվերների ընդունման եւ ապրանքների հանձնման ժամկետները սահմանում է վաճառողը:

Պատվերի ընդունման եւ մատուցվող ծառայության գինը հաշվարկվում է վաճառողի եւ վճարվում գնորդի կողմից` ապրանքի հաշվի վճարման հետ միաժամանակ:

11. Դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով:

Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման եւ (կամ) վերադարձման:

12. Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի եւ անասնաբուժական դեղամիջոցների վաճառքն իրականացվում է միայն առանձնացված առեւտրի օբյեկտներում:

Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի եւ անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Կրպակներում վաճառքի են թույլատրվում միայն արտադրական կշռափաթեթավորում ունեցող եւ հատային ապրանքները:

14. Կրպակներում արգելվում է վաճառել`

ա) պարտադիր ջերմային ռեժիմով տեղափոխում եւ պահում պահանջող սննդամթերքը, բացառությամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի եւ գարեջրի, որոնց տեղափոխումը եւ պահումը պետք է կատարվի դրանց տեղափոխման եւ պահման համար նախատեսված հատուկ սառնարաններում.

բ) չափափորձարկում պահանջող ապրանքները:

15. Հացի եւ հացաբուլկեղենի մանրածախ առեւտրի առանձնահատկություններն են`

ա) հացի եւ հացաբուլկեղենի մանրածախ առեւտուրն իրականացվում է առեւտրային ցանցերում, հացի եւ հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված տաղավարներում եւ կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձնացված առեւտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաեւ շրջիկ առեւտրի կետերի միջոցով.

բ) առաքվող ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինեն վառարանից արտադրանքի հանման ժամը եւ քաշը.

գ) վաճառվող փաթեթավորված եւ ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա, բացի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվող պահանջներից, նշվում են նաեւ մեկ միավոր հացի քաշը եւ դրա շեղումների թույլատրելի չափը:

16. Արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքն ուսումնական հաստատություններում, մանկական եւ բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առեւտրի օբյեկտներում:

17. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով եւ գործարանային արտադրության ավտոցիստեռններով:

18. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքն արգելվում է:

19. Կենդանի կենդանիների վաճառքն իրականացվում է միայն կենդանիների շուկաներում եւ առանձնացված առեւտրի օբյեկտներում:

Առեւտրի օբյեկտներում արգելվում է վաճառել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0101-0105 ծածկագրերին դասվող կենդանի կենդանիներ (ձիեր, ավանակներ, ջորիներ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ոչխարներ, այծեր, տնային հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր եւ խայտահավեր):

20. Արտադրողները, մատակարարները, այդ թվում` դիստրիբյուտորները մատակարարման պայմանագրերով ապրանքների (այդ թվում` արտադրատեխնիկական նշանակության) վաճառքն իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:

21. (մասն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

22. Դիստրիբյուտորի եւ դիլերի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում:

23. Դիստրիբյուտորը եւ դիլերը պարտավոր են ապահովել սույն օրենքով սահմանված` վաճառողին եւ կատարողին ներկայացվող պահանջների կատարումը:

24. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում եւ գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող եւ Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը:
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝  ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ