Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-321-18.05.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 59-րդ հոդվածում

1) 1-ին մասի 5-րդ կետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով

2) 2-րդ մասի 1-ին կետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով

3) 2-րդ մասի 2-րդ կետում «58.35» թվերը փոխարինել «115.0» թվերով

4) 2-րդ մասի 3-րդ կետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով:

Հոդված 2. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 7-րդ մասում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով

Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի

1) 2-րդ մասում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով

2) 3-րդ մասի 6-րդ կետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով:

Հոդված 4. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով:

Հոդված 5. Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Նախագծի նպատակը ՀՀ-ում մեծ թվով փոքր տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ հարկային միջավայրի սահմանումն է՝ շրջանառության հարկի գործող շեմի պահպանման միջոցով:

Նոր հարկային օրենսգրքով նախատեսված շրջանառության հարկի 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության շեմը, որը գործելու է 2019 թվականից, չի ընդգրկում նույնիսկ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գերփոքր առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին: Բացի այդ՝ 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության շեմի սահմանման ժամանակաշրջանում ՀՀ-ում տնտեսության վիճակն այլ էր: Տարբեր էին ինչպես իրացման շրջանառությունները, այնպես էլ արտարժույթի փոխարժեքը. այդ ժամանակաշրջանում 58.35 մլն դրամը համարժեք էր շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին, որի ներկայիս արժեքը տատանվում է 100 մլն դրամի շուրջ: Ներկայումս 58.35 մլն դրամը համարժեք է շուրջ 120 հազար ԱՄՆ դոլարին:

Հարկ է նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկման կառուցակարգերում կատարվել են մի շարք փոփոխություններ՝ սկսած շրջանառության հարկի դրույքաչափից, մինչեւ շրջանառության հարկի շեմի փոփոխություն: Այդ փոփոխությունները կարող են դրական ազդեցություն ունենալ երկար ժամանակահատվածում, երբ տեւական ժամանակ ձեռնարկատիրական միջավայրում խաղի կանոնները չեն փոխվում, իսկ տնտեսվարող սուբյեկտը կարող է հստակ պլանավորել իր քայլերը: Այս առումով եւս՝ ՀՀ փոքր ձեռնարկատիրության ոլորտում արդեն հայտնի եւ ընդունելի համարվող շրջանառության հարկի 115 մլն դրամ շեմի իջեցումը 58.35 մլն դրամի կարող է բացասական ազդեցություն ունենալ այս ոլորտում տնտեսական ակտիվության վրա:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ