Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1167-17.05.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մարտի 24-ի ՀՕ-40 օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է հարկատեսակների նշված օրենքով եւ ՀՀ այլ օրենքներով սահմանված դրույքաչափերի հետ կապված թյուր ըմբռնումները եւ մեկնաբանությունները բացառելու  անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) սահմանում է հաստատագրված վճարների հաշվարկման եւ վճարման կարգը, որտեղ ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 15, մաքսատուրքի հաշվարկային մեծությունը` 8.5 տոկոս (Հոդված 3, կետ 2), իսկ  Հայաստանում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 20 տոկոս (Հոդված 3, կետ 3):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ տոկոսային դրույքաչափերի թվերը պարզապես հաշվարկային մեծություններ են եւ նախատեսված են այդ գումարները բյուջետային համապատասխան դասակարգման համար, ապա վերջիններս չեն արտացոլում դրանց գործնականում հարկման իրական թվային չափերը: Օրենքում նշված հաշվարկային մեծությունների ամրագրումը որեւէ բովանդակային  եւ կարգավորող իմաստ չի պարունակում եւ առաջացնում է որոշակի թյուր ըմբռնումներ ու մեկնաբանություններ` կապված ծխախոտի արտադրանքի նկատմամբ ներմուծողների եւ արտադրողների նկատմամբ հաստատագրված վճարի գումարներում ԱԱՀ-ի տարբերակված հաշվարկային մեծությունների հետ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հաշվի առնելով, որ նշյալ դրույթները որեւէ բովանդակային իմաստ չեն պարունակում, առաջարկվող կարգավորումը հիմք կհանդիսանա խուսափելու Օրենքի հետագա հնարավոր թյուր մեկնաբանություններից եւ տարակարծություններից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Օրենքի նախագծի մշակումը իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, ներկայացվել է ՀՀ ֆինանսների եւ ՀՀ արդարադատության նախարարությունների քննարկմանը:

5. Ակնկալվող արդյունքը

«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը կբացառի օրենքի դրույքների տարաբնույթ մեկնաբանումը: