Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1158-02.05.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է այն կազմակերպությունների  եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք  2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ապառքներ ու դրանց նկատմամբ հաշվարկված տույժեր, տուգանքներ (այսուհետ` հարկային պարտավորություն):

Հոդված 2. Այն հարկ վճարողները, որոնք մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը  ունեն շահութահարկի, եկամտահարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, պարզեցված հարկի, հաստատագրված վճարի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով հարկային պարտավորություններ, կարող են  մինչեւ 2011 թվականի օգոստոսի 20-ը դիմել իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` սույն օրենքին համապատասխան հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման համար:

Հոդված 3. Հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողի դիմումի հիման վրա վերջինիս հետ կազմվում է ժամանակացույց, որով հարկ վճարողը պարտավորվում է վճարել մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ  ունեցած հարկային ապառքները  հետեւյալ կարգով.

1) Մինչեւ 50 միլիոն ՀՀ դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողները ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն մեկ տասներորդ մասը:

2) 50 միլիոն եւ ավելի ՀՀ դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողները ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2013 թվականի հուլիսի 31-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն մեկ քսաներկուերորդ մասը:

Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված  հարկ վճարողները, որոնք սահմանված ժամանակացույցով փաստացի կմարեն ունեցած հարկային ապառքները,  կազատվեն հարկային օրենսդրությամբ հաշվարկված տույժերից, տուգանքներից:

Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը պարտավորությունների բռնագանձման հայց է ներկայացնում դատարան:

Հարկ վճարողները, որոնց նկատմամբ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային պարտավորություններ ունենալու համար ներկայացվել են բռնագանձման հայցեր,  հարկային մարմնի հետ կնքում են հաշտության համաձայնություն:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ եւ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ   ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ

Ներկայումս բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր տարիներ շարունակ կուտակել են հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ապառքներ: Մասնավորապես, 2010թ. հարկ վճարողներն ունեին ավելի քան 210,0 մլրդ. դրամ չմարված հարկային պարտավորություններ, որոնցից ապառքների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 104,0 մլրդ. դրամ,  հաշվարկված տույժերը` 72,0 մլրդ. դրամ, տուգանքները` 34,0 մլդ դրամ:

Ներկայացված ՀՀ օրենքի նախագիծը կարգավորում է հարկ վճարողների վերոնշյալ կուտակած հարկային պարտավորությունների աստիճանական մարման գործընթացը` հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման միջոցով:

Նշենք, որ ժամանակացույցով հաստաված գումարների  մարման ժամկետը կախված է հարկ վճարողի հարկային պարտավորության գումարից, որի փաստացի մարման դեպքում հարկ վճարողը կազատվի օրենքով սահմանված տույժերի, տուգանքների վճարման պարտավորությունից:

Այն հարկ վճարողները, որոնք 01.01.2010թ. ունեն հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով պարտավորություններ, կարող են  մինչեւ 20.08.2011թ. դիմել իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` օրենքին համապատասխան հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման համար:

Հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ժամանակացույց`
 

  • մինչեւ 50 մլն. դրամ պարտավորություն ունեցող հարկ վճարողները ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 01.09.2011թ.-ից մինչեւ 30.06.2012թ. յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն 1/10 մասը,
     
  • 50 մլն. եւ ավելի դրամ պարտավորություն ունեցող հարկ վճարողները ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 01.09.2011թ.-ից մինչեւ 31.07.2013թ.` յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն 1/22 մասը:

    Ժամանակացույցի պայմանների խախտման դեպքում հարկային մարմինը հայց է ներկայացնում դատարան: