Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-160-12.11.2003,21.01.2004-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՈՒՍՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ուսուցչի (դաստիարակի) (այսուհետ՝ ուսուցիչ) մասնագիտական գործունեության հետ կապված հարաբերությունները եւ ուղղված է նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական դաստիարակության ուսումնական հաստատությունների ուսուցիչների իրավական դրության բարելավմանը, նրանց սոցիալական պաշտպանության երաշխիքների իրականացմանը:

ԳԼՈւԽ 1

ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ

Հոդված 1. Ուսուցչի կարգավիճակի բնորոշումը

Ուսուցչի կարգավիճակը բնորոշվում է մանկավարժական աշխատանքի պայմաններով եւ բնույթով, ինչը ներառում է նրա իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, ինչպես նաեւ դրանց իրականացման երաշխիքները:

Հոդված 2. Ուսուցչի կարգավիճակ ունեցող անձինք

Ուսուցչի կարգավիճակ ունեն մանկավարժական կրթություն ունեցող եւ համապատասխան որակավորում ստացած, անկախ սեփականության ձեւից, նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական դաստիարակության ուսումնական հաստատություններում աշխատող անձինք:

Մանկավարժական կրթություն եւ համապատասխան որակավորում չունեցող անձանց մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունք վերապահվում է հանրակրթական ծրագրերի յուրացման նպատակով համապատասխան վերապատրաստում եւ ատեստավորում անցնելուց հետո:

Ուսումնադաստիարակչական գործունեության սկզբունքներին անհամապատասխանության, ոչ պարկեշտ պահվածքի, ուսուցչի անբասիր վարքի արատավորման եւ համապահասխան որակավորման բացակայության հետեւանքով ուսուցչի կարգավիճակից զրկումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 3. Ոուսուցչի կարգավիճակի իրավական ապահովման հիմքը

Ոսուցչի կարգավիճակի իրավական ապահովման հիմքն են ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին» ՀՀ օրենքը, սույն օրենքը եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքները:

Հոդված 4. Ուսուցչի մանկավարժական գործունեության սկզբունքները

Ուսուցչի մանկավարժական գործունեության հիմնական սկզբունքներն են.

ա) սովորողի ուսուցման, դաստիարակության եւ զարգացման նկատմամբ անհատական նպատակաուղղված մոտեցումը.

բ) ուսուցման եւ դաստիարակության մարդասիրական բնույթը, սովորողի իրավունքների եւ ազատությունների, ազգային ավանդույթների, սովորույթների, ֆիզիկական վիճակի նկատմամբ հարգալի վերաբերմունքը.

գ) համամարդկային բարոյական սկզբունքներին եւ արժեքներին հավատարմությունը.

դ) ուղղակի, քողարկված եւ (կամ) անուղղակի խտրականության, անձնական կամ հասարակական բնույթի հանգամանքներով կամ այլ պայմաններով պայմանավորված սովորողների իրավունքների սահմանափակման կամ արտոնությունների տրամադրման անթույլատրելիությունը.

ե) սովորողների դաստիարակությունը հայրենիքի նկատմամբ սիրո եւ քաղաքացու բարձր կոչման հենքով.

զ) կրթության հաջորդայնության ապահովումը.

է) ուսուցման եւ դաստիարակության սկզբունքների միասնությունը.

ը) մատչելիությունը, գիտականությունը, գիտակցականությունը, ակտիվությունը, դիտողականությունը, գիտելիքների կայունությունը, միջառարկայական կապերի ապահովումը.

թ) գիտության, տեխնիկայի եւ մշակույթի նորագույն նվաճումների հիման վրա սեփական գիտելիքների անընդհատ կատարելագործումը.

ժ) սովորողների եւ նրանց ընտանիքների հետ սերտ համագործակցությունը.

ժա) համագործակցությունը մանկական եւ երիտասարդական միավորումների, աշխատանքային կոլեկտիվների, ինչպես նաեւ շահագրգիռ պետական եւ ոչ պետական կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արգելված չէ:

ԳԼՈւԽ 2

ՈւՍՈւՑՉԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ

Հոդված 5. Ուսուցչի իրավունքները մասնագիտական գործունեության բնագավառում

Ուսուցիչն իրավունք ունի.

ա) ուսումնական ծրագրերի, դասավանդման ձեւերի եւ մեթոդների, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ կրթության բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից հաստատված դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների ազատ ընտրության.

բ) մասնակցել նոր հեղինակային ծրագրերի, դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների մշակման աշխատանքներին.

գ) մշակել եւ օգտագործել կրթության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված նորարարական մեթոդներ եւ միջոցներ, ներդնել եւ կիրառել առաջավոր մանկավարժական փորձը.

դ) խրախուսվել մանկավարժական գործունեության բնագավառում նորարարական մեթոդներ եւ միջոցներ մշակելու, օգտագործելու եւ ներդնելու համար.

ե) օրենքով սահմանված կարգով իրականացնել անհատական մանկավարժական գործունեություն.

զ) որակավորումը բարձրացնելու նպատակով անցնել վաղաժամկետ ատեստավորում.

է) ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ, բարձրացնել որակավորումը.

ը) պաշտպանել ՀՀ օրենքներով սահմանված անչափահասների իրավունքները եւ շահերը.

թ) պահպանել աշխատանքը եւ աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Օրենքով սահմանված կարգով, ուսուցիչն իրավունք ունի աշխատելու համատեղության կարգով:

Ուսուցիչն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի մասնակցել դպրոցի կառավարմանը:

Ուսուցչի մասնագիտական գործունեության կայունությունը հանրակրթության համակարգի կազմակերպման լրիվ կամ մասնակի փոփոխության պարագայում երաշխավորվում է:

Հոդված 6. Ուսուցչի պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը

Ուսուցչի մասնագիտական գործունեության նկատմամբ հսկողության համակարգը չի կարող սահմանափակել ուսուցչի ստեղծագործական նախաձեռնության ազատությունը:

Ուսուցչի մասնագիտական գործունեության ատեստավորման եւ հսկողության հարաբերությունները կարգավորվում են կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի իրավական ակտերով:

Արգելվում է նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական դաստիարակության ուսումնական հաստատությունների ուսուցիչների ներգրավումը իրենց մասնագիտական գործունեությանը չառնչվող հանրօգուտ աշխատանքների:

Արգելվում է սովորողների ծնողների չփաստարկված միջամտությունը ուսուցչի մասնագիտական պարտականությունների շրջանակներին առնչվող հարցերին: Այդպիսի միջամտություն չի կարող համարվել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությամբ եւ իրավական այլ ակտերով նախատեսված գործունեությունը:

Հոդված 7. Ուսուցչի նյութական ապահովության իրավունքը

Ուսուցչի աշխատանքի վարձատրությունը եւ պաշտոնային դրույքաչափը նրան վճարվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառնական պարտականությունները եւ աշխատանքը կատարելու համար:

Ուսուցիչների պաշտոնական դրույքաչափերի եւ աշխատանքի վարձատրության չափերը սահմանվում են միասնական տարիֆային ցանցով՝ կրթության, մանկավարժական ստաժի, ատեստավորման արդյունքների, որակավորման բարձրացումը հավաստող փաստաթղթերի, գիտական աստիճանների, պետական պարգեւների եւ կոչումների հաշվառմամբ: Աշխատանքի վարձատրության եւ պաշտոնական դրույքաչափերի սկզբնական չափը չի կարող նվազ լինել սահմանված աշխատավարձի նվազագույն չափից:

Ուսուցիչներն իրավունք ունեն հավելավճարի՝

ա) 5 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժի դեպքում՝ աշխատավարձի 10% -ի չափով.

բ) 10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժի դեպքում՝ աշխատավարձի 20%-ի չափով.

գ) 15 եւ ավելի տարվա մանկավարժական աշխատանքի ստաժի դեպքում՝ աշխատավարձի 30%-ի չափով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն (հատուկ կրթություն) իրականացնող ուսուցիչների աշխատավարձը ավելանում է 30% հավելավճարով:

Պատվավոր կոչում ունեցող ուսուցիչների աշխատավարձը ավելանում է 50% հավելավճարով:

Նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական դաստիարակության ուսումնական հաստատություններում աշխատող, գիտությունների թեկնածուի կամ գիտությունների դոկտորի գիտական կոչում ունեցող ուսուցիչների աշխատավարձին ավելանում է հավելավճար՝ աշխատավարձի 80%-ի չափով:

Սամանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում աշխատող ուսուցիչներին ՀՀ կառավարության կողմից ընդունած կարգին համապատասխան, տրամադրվում է աշխատավարձի հավելավճար:

Աշխատանքի վարձատրության համար սեփական միջոցներ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններն իրենց աշխատակիցների համար կարող են սահմանել պարգեւատրումներ, նյութական խրախուսման եւ փոխհատուցման այլ միջոցներ, ինչպես նաեւ հատկացնել միջոցներ՝ ուսումնական եւ գիտամեթոդական գրականություն ձեռք բերելու համար:

Ընդունված նորմերը գերազանցող ուսուցչի աշխատանքը վարձատրվում է:

Դասարանային ղեկավարման համար աշխատավարձի հավելավճարի չափը կազմում է.

ա) 1-ից 4-րդ դասարանների համար՝ ընդունված դրույքաչափի 20%-ի չափով.

բ) 5-ից-10-րդ (11-րդ) դասարանների համար՝ ընդունված դրույքաչափի 30%-ի չափով:

Գյուղական դպրոցներում աշխատանքի անցած մասնագետներին տնտեսություն հաստատելու համար համայնքային բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է միանվագ նպաստ՝ պաշտոնական դրույքաչափի տասնապատիկի չափով:

Աշակերտական տետրերը եւ գրավոր աշխատանքները ստուգելու, ուսումնական կաբինետներ ու դասարաններ ղեկավարելու համար ուսուցիչներին տրվում է հավելավճար՝ ՀՀ կառավարության եւ կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից սահմանած կարգին համապատասխան:

Հոդված 8. Ուսուցչի սոցիալական ապահովության իրավունքը

Պետությունն ապահովում է ուսուցչին աշխատանքի պատշաճ պայմաններով:

25 եւ ավելի տարվա մանկավարժական ստաժ ունեցող կրթության համակարգի աշխատակիցներն իրավունք ունեն անցնելու աշխատանքային կենսաթոշակի:

Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքային բյուջեների միջոցների հաշվին պարտավոր են ուսուցիչներին տրամադրել արտոնություններ՝ կոմունալ ծառայությունների եւ բնակտարածությունը պահպանելու հետ կապված շահագործման ծախսերի համար, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով տրամադրել վարկ՝ անհատական բնակարանային շինարարության համար:

Հոդված 9. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից բարձրագույն եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական ֆակուլտետների շրջանավարտների տարկետման իրավունքը

Աշխատանքի նպատակով սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերի գյուղական համայնքներում աշխատանքի անցած բարձրագույն եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական ֆակուլտետների շրջանավարտները գյուղական նախադպրոցական, եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրենց մասնագիտական աշխատանքային գործունեության ամբողջ ժամանակահատվածում ստանում են ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք:

Հոդված 10. Ուսուցչի խրախուսման իրավունքը

Երիտասարդ սերնդի ուսուցման եւ դասիարակության գործում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ուսուցիչը կարող է ներկայացվել կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից պետական պարգեւների:

Հոդված 11. Ուսուցիչների աջակցության հիմնադրամները

Ուսուցիչների աջակցության հիմնադրամները կազմավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ֆիզիկական եւ իրավաբանական, այդ թվում՝ օտարերկրյա անձանց կամավոր մուծումներից:

Իրենց շահերի պաշտպանության նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցիչները կարող են ստեղծել հասարակական միավորումներ, հիմնադրամներ եւ օրենքով չարգելված այլ կազմակերպություններ:

Հոդված 12. Ուսուցչի գործունեության տեսակների սահմանափակումը

Ուսուցիչն իրավունք չունի.

ա) դպրոցներում անցկացնել աղանդավորական, կրոնական կամ հակակրոնական քարոզչություն.

բ) դպրոցներում կազմակերպել քաղաքական խմբեր եւ կուսակցություններ.

գ) տարածել ազգայնամոլական, ռազմատենչ գաղափարներ.

դ) աշակերտներին ներգրավել գործադուլային շարժումների եւ քաղաքական

ակցիաների.

ե) բռնություն գործադրել սովորողների նկատմամբ:

ԳԼՈւԽ 3.

ՈւՍՈւՑՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆԸ

Հոդված 13. Ուսուցչի պարտականությունները

Ուսուցիչը պարտավոր է.

ա) ուսուցումը կազմակերպել բարձր մասնագիտական մակարդակով, ապահովել սովորողների կողմից ուսումնական ծրագրերի յուրացումը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.

բ) իրականացնել ուսումնադաստիարակչական աշխատանքը ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների), ավագների, պատմամշակութային արժեքների, պետության նկատմամբ հարգանքի, շրջակա միջավայրի նկատմամբ խնայողական վերաբերմունքի դաստիարակության ոգով.

գ) վերահաստատել համամարդկային արժեքների՝ բարության, աշխատասիրության, մարդասիրության, հայրենասիրության, ճշմարտության, արդարության եւ այլ գաղափարների նկատմամբ հարգալից վերաբերմունքը.

դ) մասնագիտական ընդհանուր եւ հատուկ կրթություն իրականացնելու նպատակով անընդհատ կատարելագործել իր մանկավարժական գիտելիքներն ու հմտությունը.

ե) հարգել սովորողների պատիվն ու արժանապատվությունը, ֆիզիկական վիճակը.

զ) նպաստել սովորողների անհատական մշակութային, մարզական եւ այլ ընդունակությունների զարգացմանը:
 

ԳԼՈւԽ 4.

ՈւՍՈւՑՉԻ ՊԱՏՐԱՍՏՈւՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈւՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՈւՄԸ

Հոդված 14. Մանկավարժական կադրերի պատրաստումը

Հայաստանի Հանրապետությունում ուսուցչական կադրերի (այդ թվում՝ հատուկ կրթություն իրականացնող) մասնագիտական պատրաստումն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից:

Մասնագիտական մանկավարժական ուսումնական հաստատությունն իր գործունեության համար պատասխանատվություն է կրում անձի, պետության եւ հասարակության առջեւ: Կանոնադրական նպատակներին մասնագիտական մանկավարժական ուսումնական հաստատության գործունեության համապատասխանության նկատմամբ հսկողությունն իր լիազորությունների սահմաններում, իրականացվում է ուսումնական հաստատության հիմնադրի (հիմնադիրների) եւ տվյալ ուսումնական հաստատությանը կրթական գործունեություն իրականացնելու համար հավաստագիր տված լիազորված պետական մարմնի կողմից:

Դիմորդների ընդունելությունը մանկավարժական մասնագիտությամբ պետական ուսումնական հաստատություններ իրականացվում է մրցութային հիմունքներով՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 15. Ուսուցչական կադրերի որակավորման բարձրացումը եւ վերապատրաստումը

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է պետական նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական դաստիարակության ուսումնական հաստատությունների ուսուցիչների որակավորման եւ վերապատրաստման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Ուսուցիչների որակավորման բարձրացումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով՝ ուսուցիչների վերապատրաստման եւ կատարելագործման պետական հաստատություններում, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ գիտական կազմակերպություններում։

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ուսուցիչների եւ գիտամանկավարժական բնագավառի աշխատակիցների գիտամանկավարժական, գիտամեթոդական, գյուտարարական, փորձագիտական գործունեությունը։

Ուսուցիչների եւ գիտամանկավարժական բնագավառի աշխատակիցների որակավորման բարձրացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։

ԳԼՈւԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈւՅԹՆԵՐ

Հոդված 16. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում ուսուցիչների իրավունքների իրականացմանը խոչընդոտելու եւ սույն օրենքի պահանջները խախտելու համար։

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) հետեւանքով ուսուցչին պատճառած վնասը ենթակա է փոխհատուցման ամբողջ ծավալով։

Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։