Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1135-22.04.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ե)» ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ.

«ե) հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներին` մինչեւ նրանց 19 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի կողմից տրված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:»:

Հոդված  2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տաuներորդ oրը։
 

Հիմնավորում

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում օրենքով նախատեսված նոր կրթական չափորոշիչների ներդրման եւ կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող անձինք, դեռեւս ուսումը չավարտած հասնում են պարտադիր զինվորական զորակոչի տարիքի եւ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության: Տվյալ խնդիրը կարգավորելու նպատակով` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` յուրաքանչյուր անձի համար ՀՀ կառավարությունը պետք է ընդունի տարկետում տալու մասին որոշում, ինչի արդյունքում այդ որոշումների թիվը կարող է գերազանցել 6 հազարը: Հաշվի առնելով վերոհիշյալը առաջարկում ենք փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում` հանրակրթական ուսումնական հաստատությունը դեռեւս չավարտած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու նպատակով:

Առաջարկվող լուծումները.

Նախագծով նախատեսվում է օրենքի ուժով պարտադիր զինվորական ծառայությունից տալ տարկետում համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մասնավորապես, սահմանելով, որ պարտադիր զինվորական զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվում` հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին, մինչեւ նրանց 20 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի կողմից տրված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:

Ակնկալվող արդյունք.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխարգելել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքի հասած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը մինչեւ հանրակրթական ուսումնական հաստատություններում նշված անձանց ուսումնառության ավարտը: