Armenian ARMSCII Armenian
Կ-2711-19.02.2018,05.03.2018-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  8-րդ մասով.

«8. Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 169.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 12.1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 171.1. Հակամրցակցային համաձայնությունը

1. Տնտեսավարող սուբյեկտների հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելը) տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի չափով:

2. Սույն գլխի իմաստով տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձ է համարվում տնտեսավարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամը կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար անձը:

Հոդված 171.2.  Տնտեսական գործունեության արգելված համակարգումը

1. Տնտեսական գործունեության արգելված համակարգումը ֆիզիկական անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:

2. Նույն արարքը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի չափով:

3. Նույն արարքը պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:

Հոդված 171.3. Գերիշխող դիրքի չարաշահումը

Տնտեսավարող սուբյեկտի գերիշխող դիրքի չարաշահումը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի չափով:

Հոդված 171.4. Արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը

Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի չափով:

Հոդված 171.5. Անբարեխիղճ մրցակցության գործողություն

Տնտեսավարող սուբյեկտի անբարեխիղճ մրցակցության գործողությունը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

Հոդված 171.6. Արգելված պետական օժանդակություն ստանալը

Տնտեսավարող սուբյեկտի կողմից արգելված պետական օժանդակություն ստանալը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Հոդված 171.7. Հայաստանի հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը

1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Հոդված 171.8. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը, համակենտրոնացումը չհայտարարագրելը

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

3. Տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը չհայտարարագրելը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 171.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հատկանիշները, տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Հոդված 171.9. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը

1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Հոդված 171.10. Արգելված պետական օժանդակություն տրամադրելը

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից արգելված պետական օժանդակություն տրամադրելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Հոդված 171.11. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից հակամրցակցային գործողություններ կատարելը, հակամրցակցային վարքագիծ դրսեւորելը կամ հակամրցակցային ակտեր կայացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 244.8-րդ հոդվածում «169.3-րդ հոդվածով» բառերը փոխարինել «171.1-171.11-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասը «170.5,» թվից հետո լրացնել «171.1-171.11,» թվերով:

Հոդված 6.   Օրենսգրքի 277-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն օրենսգրքի 171.1-171.11-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 45-օրյա ժամկետում:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: