Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1114-05.04.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-289 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի «գ» կետի 6-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«- տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը.»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 20. Զորահավաքային նախապատրաստության գործընթացին խթանելը

Տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների պետական աջակցությունն իրականացվում է բյուջետային ֆինանսավորման գործիքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի անհրաժեշտությունը բխում է «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված հարկային արտոնությունները պետական աջակցության բյուջետային ֆինանսավորման գործիքներով փոխարինելու քաղաքականությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված արտոնությունների շրջանակը բավական լայն է եւ կարող է ընդգրկել, օրինակ, տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ծրագրերի եւ պլանների իրականացումն ապահովող` ապրանքների մատակարարման շղթայի մի քանի փուլեր : Խնդիրը կայանում է նրանում, որ նշյալ արտոնությունների կիրառությունը կարող է հանգեցնել հարկերից խուսափելու ռիսկերի, հետեւաբար նաեւ` վարչարարական բնույթի լրացուցիչ հիմնախնդիրների առաջացման:

Բացի այդ, վերոնշյալ արտոնությունները սահմանող նորմերը ներկայումս ամբողջությամբ չեն համապատասխանում գործող օրենսդրության պահանջներին : Մասնավորապես, խնդիրը կայանում է նրանում, որ «գործող եւ սառեցված արտադրությունում չօգտագործվող զորահավաքային նշանակության շինություն» եւ «զորահավաքային նշանակության հող» հասկացությունները համապատասխան ոլորտները կարգավորող օրենսդրությամբ սահմանված չեն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է գործող օրենսդրության մեջ առկա` հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման քաղաքականություն:

Միաժամանակ, կարեւորելով զորահավաքային նախապատրաստության գործընթացի խթանման անհրաժեշտությունը, տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ծրագրերի եւ պլանների իրականացումն ապահովող կազմակերպություններին պետական աջակցությունը կարելի է ցուցաբերել բյուջետային ֆինանսնավորման գործիքների կիրառությամբ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը գործող օրենսդրությամբ սահմանված` հարկումից խուսափելու հնարավորություններ պարունակող հարկային արտոնությունները բյուջետային ֆինանսավորման գործիքներով փոխարինելն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ծրագրերի եւ պլանների իրականացումն ապահովող կազմակերպություններին պետական աջակցությունը կդառնա առավել հասցեական ու տեղին եւ իր մեջ չի պարունակի հարկումից խուսափելու հնարավորություններ