Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11132-04.04.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) համայնքային ծառայություն` քաղաքական ուժերի հարաբերակցության  փոփոխությունից կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից անկախ մաuնագիտական գործունեություն, որը կատարվում է քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմերում (այսուհետ` աշխատակազմ) Հայաuտանի Հանրապետության oրենքներով այդ մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացման նպատակով.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետից, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունից, 8-րդ հոդվածի 2-րդ մասից, 9-րդ հոդվածի 1-ին մասից, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունից, 14-րդ հոդվածի 3-րդ մասից, 14.1-րդ հոդվածի 2-րդ մասից, 15-րդ հոդվածի 1-ին մասից, 27-րդ հոդվածի 1-ին մասից, 29-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից, 30-րդ հոդվածի 1-ին մասից, 35.1-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետից, 35.3-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «համայնքի ղեկավարի» բառերը, իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասից, 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերից, 17-րդ հոդվածի 1-ին մասից, 35.2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «ե» կետերից, 41-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից, 42-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից, 43-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից, 44-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «համայնքների ղեկավարների» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման

1. Անհրաժեշտությունը

Պետական մարմինների դեպքում, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հիմնարկի աշխատակազմի եւ մարմնի ղեկավարի հարաբերությունները ապահովվում են պետական կառավարչական հիմնարկների միջոցով, ինչից ելնելով նպատակահարմար է այդ օրենքի դրույթները տարածել համայնքային կառավարչական հիմնարկների վրա: Դրանով է պայմանավորված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման անհրաժեշտությունը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ մի շարք քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների աշխատակազմերը հաշվառված են իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմիններում` որպես համայնքային կառավարչական հիմնարկներ:  Համայնքային կառավարչական հիմնարկների հետ հարաբերություններ կարգավորող իրավական հիմքեր գործող օրենսդրությամբ նախատեսված չեն: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանվում է, որ «Համայնքի ղեկավարի աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններում նրա մասնակցությունը:» Սակայն, մինչ այժմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի կարգավիճակը` որպես համայնքային կառավարչական հիմնարկ օրենսդրորեն սահմանված չէ, ինչի հետեւանքով քաղաքացիաիրավական հարաբերությունների կողմ հանդես գալիս` հաճախակի առաջ են գալիս տարաբնույթ խոչընդոտներ:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ միջոցառման իրականացման անհրաժեշտության մասին  մատնանշված է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագրում, իսկ միջոցառման իրականացումը նախատեսված է ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N1523 որոշմամբ հաստատված հավելվածի 63-րդ կետով:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունմամբ կարգավորվում են համայնքի` որպես իրավաբանական անձի լիազորությունների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները: Համայնքի ղեկավարի (փոփոխվող տարբերակում` քաղաքապետարանի (գյուղապետարանի)) աշխատակազմը սահմանվում է որպես համայնքային կառավարչական հիմնարկ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Նախագծերի  մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, ինչի ընթացքում համագործակցվել է ՀՀ մարզպետարանների եւ համայնքների հետ: Այն համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հետ:

6. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունումից հետո կբավարարվեն ՀՀ Սահմանադրության եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ինչպես նաեւ հնարավոր կդառնա այդ պահանջների արդյունավետ կիրարկումը: Համայնքի ղեկավարի (փոփոխվող տարբերակում` քաղաքապետարանի (գյուղապետարանի)) աշխատակազմը կստանա համայնքային կառավարչական հիմնարկի կարգավիճակ, ինչի արդյունքում կբացառվեն այդ կարգավիճակը չունենալու պատճառով առաջացող խնդիրները:

7. Այլ տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին»,  «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N1523 որոշմամբ հաստատված հավելվածի 63-րդ կետը: