Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1104-21.03.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշների համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենդին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվները, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը) շահագործման իրավունքը կոնցեսիոների (օպերատորի) մոտ շահութահարկով հարկման նպատակով հաշվառվում է որպես ոչ նյութական ակտիվ, որի գծով ամորտիզացիոն մասհանումները, սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, կատարվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 74-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4-7-րդ մասերով.

«4. 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում, մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջաններում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենդին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվները, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը) շահագործման իրավունքի ձեռքբերման գծով առաջացած ոչ նյութական ակտիվի գծով ամորտիզացիոն մասհանումները կատարվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանների համար` դրա հաշվեկշռային արժեքից` մնացորդային ամորտիզացիոն ժամկետում: Այդ նպատակով, հարկ վճարողները պարտավոր են որոշել ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքը եւ մնացորդային ամորտիզացիոն ժամկետը` 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջաններին վերաբերող ամորտիզացիոն մասհանումները ենթակա չեն նվազեցման համախառն եկամտից:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ամորտիզացիոն մասհանումները կատարվում են միայն այն դեպքում, եթե այդ համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) եւ կոնցեդենտի (շնորհատուի) կողմից սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 90-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշների համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որավեն որպես կոնցեսիայի պայմանագրեր:

6. Սույն օրենքի իմաստով`

1) կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու եւ (կամ) սպասարկելու նպատակով,

2) կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում իրավաբանական անձ հանդիսացող ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու եւ (կամ) այն բարելավելու նպատակով եւ որը շահագործում եւ (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում:

7. Կոնցեսիոների (օպերատորի) կողմից բարելավված կամ գնված կամ կառուցված, սակայն կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով չհանձնված ակտիվների գծով մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը կատարված ամորտիզացիոն մասհանումների գծով վերահաշվարկներ չեն կատարվում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը բխում է` ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշների համաձայն, Հ Հ կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում`

ա) կոնցեդենտից (շնորհատուից) ստացվող` հանրային ծառայությունների ենթակառուցվածքների շահագործման իրավունքը կոնցեսիոների (օպերատորի) մոտ շահութահարկով հարկման նպատակով որպես ոչ նյութական ակտիվ հաշվառելու եւ դրա գծով ամորտիզացիոն մասհանումների կատարումը թույլատրելու համար օրենսդրական հիմքերի ձեւավորման քաղաքականությունից,

բ) կոնցեսիոների (օպերատորի) կողմից իրականացվող` կոնցեդենդին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաեւ կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չդիտարկելու համար օրենսդրական հիմքերի ձեւավորման քաղաքականությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս`

ա) կոնցեդենտից (շնորհատուից) ստացվող հանրային ծառայությունների ենթակառուցվածքների շահագործման իրավունքը կոնցեսիոների (օպերատորի) մոտ շահութահարկով հարկման նպատակով որպես ոչ նյութական ակտիվ հաշվառելու եւ դրա գծով ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հետ կապված հարաբերություններն օրենսդրորեն կարգավորված չեն,

բ) կոնցեսիոների (օպերատորի) կողմից իրականացվող` կոնցեդենդին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաեւ կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցման գործարքները հարկվում են ավելացված արժեքի հարկով:

Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ կոնցեսիոների (օպերատորի) համար ստեղծված են հարկման ոչ արդարացի պայմաններ` հաշվի առնելով այն, որ`

ա) սահմանափակված են ոչ նյութական ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորությունները,

բ) հարկային բեռը ավելացված արժեքի գծով անհիմն ձեւով բարձրանում է, քանի որ կոնցեսիոները (օպերատորը) չունենալով ավելացված արժեքի հարկի գծով հաշվանցումներ կատարելու իրավունք` կրում է ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը հիմնված է հարկման արդարության ու հավասարության սկզբունքների վրա:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծերի փաթեթի կարգավորման նպատակը կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում գործող կոնցեսիոներների (օպերատորների) համար հարկման հավասար պայմանների ձեւավորումն է:

5. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում գործող կոնցեսիոներների (օպերատորների) համար կձեւավորվեն հարկման հավասար պայմաններ: