Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1092-23.02.2011,18.03.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Սույն օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29 հոդվածով եւ միջազգային պայմանագրերով սահմանված հավաքների ազատության՝ հավաք կազմակերպելու եւ հավաքին մասնակցելու  իրավունքի ապահովումն է։

2. Սույն օրենքը կարգավորում է հավաքների ազատությունն իրականացնելու եւ պաշտպանելու պայմաններն եւ կարգը:

Հոդված 2. Հավաքի հասկացությունը

1. Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ։

2. Հավաքը հանրային է, եթե դրա մասնակիցների շրջանակը անհատապես որոշված չէ:

3. Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով (երթ)։

4. Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։

5. Շինությունը բոլոր կողմերից միջնորմված, եւ, որպես կանոն, ծածկ ունեցող տարածք է։

Հոդված 3. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ոչ հանրային հավաքների վրա միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում:

2. Շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են սույն օրենքի 1-ին գլխի դրույթները, ինչպես նաեւ սույն օրենքի 29-ից - 34-րդ հոդվածների դրույթները այնքանով, որքանով դրանց նորմերը իրենց էությամբ կիրառելի են «mutatis mutandis» շինություններում անցկացվող հավաքների նկատմամբ։

Հոդված 4. Համաչափության եւ այլ հիմնարար սկզբունքներ

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրեն լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության եւ վարչարարության մյուu հիմնարար uկզբունքներով` համաձայՆ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի։

Հոդված 5. Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց սահմանադրական իրավունքներ) գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հոդված 6. Հավաքներին մասնակցելու իրավունքը

1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` հավաքի մասնակից)։

2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրել անձին մաuնակցելու որեւէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որեւէ հավաքի։

3.Հավաքի մասնակից է այն անձը, ով հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:

4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաեւ հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հոդված 7. Հավաքի կազմակերպիչը

1. Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաեւ ցանկացած իրավաբանական  անձ։

2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական  անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա իրականացնում է սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները եւ պարտականությունները։

Հոդված 8. Հավաքներին մասնակցելու եւ հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

1. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, փրկարարական ծառայությունում ծառայողները, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի անդամներն եւ դատավորները իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս իրավունք չունեն մասնակցել հավաքների։ Հավաքներին մասնակցելիս նրանք պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերեն։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպել այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրանց քաղաքական չեզոքությունը։

3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում եւ փրկարարական ծառայությունում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցել ծառայողական համազգեստով։

4. Մինչեւ 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Գլուխ 2. Իրազեկմամբ անցկացվող հանրային հավաքներ

Հոդված 9. Հանրային հավաքի անցկացման մասին իրազեկումը

1. Հանրային հավաք (այսուհետ` հավաք) անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչեւ 100 մասնակից ունեցող, շտապ եւ ինքնաբուխ հավաքների։

Հոդված 10.  Իրազեկման նպատակը

1. Իրազեկման նպատակը պետության կողմից հավաքի բնականոն եւ խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաեւ այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն է։

Հոդված 11. Լիազոր մարմինը

1. Իրազեկումը քննարկող լիազոր մարմինը համայնքի ղեկավարն է (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա կողմից լիազորված անձը։

Հոդված 12. Իրազեկում ներկայացնելու ժամկետը

1. Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ։

Հոդված 13. Իրազեկումը ներկայացնելու ձեւը

1. Իրազեկումը ներկայացվում է գրավոր` անձամբ կամ փոստով։

Հոդված 14. Իրազեկմանը ներկայացվող պահանջները

1. Իրազեկման մեջ պետք է նշվի.

1) հավաքի վայրը,

2) հավաքի սկզբի եւ ավարտի մոտավոր ժամանակը,

3) հավաքի նպատակը,

4) մասնակիցների սպասվող թիվը,

5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները,

6) կարգադրիչների նախատեսվող թիվը,

7) երթի դեպքում՝ երթի ուղին եւ ժամանակացույցը,

8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային եւ էլեկտրոնային հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը  տարբեր անձինք են` նաեւ հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, փոստային հասցեն եւ առկայության դեպքում` հեռախոսահամարները եւ էլեկտրոնային հասցեն։

2. Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է նաեւ այդ մաuին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ կառավարման մարմնի որոշումը։

3. Եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաեւ վարձակալի կամ սեփականտիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ։

4. Եթե հավաքի կազմակերպչի 14 տարին չի լրացել, ապա նա ներկայացնում է նաեւ իր օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:

5. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված  տվյալներում փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին։ Այդ փոփոխությունները չեն կարող փոխել ի գիտություն ընդունված հավաքի էությունը։

6. Եթե կազմակերպիչը փոխում է սույն հոդվածի 1?ին մասի 1-ին, 2-րդ եւ 7-րդ կետերում նշված  տվյալներից որեւէ մեկը, որը փոխում է հավաքի էությունը, ապա դա համարվում է նոր իրազեկում։

7. Եթե իրազեկումը պարունակում է ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա լիազոր մարմինը դրանք մատնացույց է անում ՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ կազմակերպչին նախապես կամ հետագայում իրազեկելով այդ մասին։  Եթե իրազեկման մեջ նշված տվյալները ամբողջական չեն, ապա լիազոր մարմինը կազմակերպչին առաջարկում է իր կողմից սահմանված ժամկետում համալրել դրանք։

Հոդված 15. Իրազեկումների մուտքագրումը

1. Լիազոր մարմնին ներկայացված իրազեկումները գրանցվում են այդ նպատակով վարվող հատուկ գրանցամատյանում` ըuտ դրանք uտանալու հերթականության, իuկ դրանց պատճենները փակցվում են լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեuանելի տեղում։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայք էջ, ապա դրանք տեղադվում են այդ էջում։ Իրազեկումների գրանցամատյանի վարման կարգն ու ձեւը հաստատում է համայնքի ավագանին:

Հոդված 16. Իրազեկման քննարկման կարգը

1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է ըստ իրազեկումների մուտքագրման հերթականության: Եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվանից 30 օրից մինչեւ 14 օր առաջ, ապա լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է մուտքագրվելու պահից 5 օրվա ընթացքում, իսկ եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվանից 13 օրից մինչեւ 7 օր առաջ, ապա լիազոր մարմինը իրազեկումը քննարկում է մուտքագրվելու պահից 48 ժամվա ընթացքում:

2. Լիազոր մարմինը իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն` հավաքի անցկացման վերաբերյալ  կարծիք ստանալու նպատակով։

Հոդված 17. Լսումներ

1. Լիազոր մարմինը լսումներ է անցկացնում, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.

1) ոստիկանությունը ներկայացրել է հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ կարծիք,

2) լիազոր մարմինը մտադիր է հավաքի անցկացման համար պայմաններ առաջադրել, կամ սահմանափակումներ կիրառել կամ արգելել հավաքը։

2. Լիազոր մարմինը կազմակերպիչներին սույն օրենքի 22-րդ հոդվածի 1- ին եւ 3-րդ մասերով սահմանված կարգով ծանուցում է լսումների անցկացման տեղի եւ ժամանակի մասին։

3. Լիազոր մարմինը լսմանը մասնակցելու համար կարող է հրավիրել ոստիկանության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ այլ անձանց։

4. Լսումների ընթացակարգը uահմանում է լիազոր մարմինը։ Կազմակերպչին պետք է լիարժեք հնարավորություն տրվի ներկայացնելու իր տեuակետը։

5. Լսումներ կարող են չանացկացվել, եթե իրազեկումն ակնհայտ անհիմն է։

Հոդված 18. Հավաքների անցկացման համար պայմաններ առաջադրելը եւ սահմանափակումները

1. Եթե լիազոր մարմնին ներկայացված իրազեկումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հավաքի ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման, ապա լիազոր մարմինը հավաքի անցկացման համար կարող է առաջադրել պայմաններ։ Դրանք կարող են վերաբերել բացառապես հավաքի անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին։

2. Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են եւ կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքի ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին։

3. Հավաքի անցկացման համար սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հավաքի նպատակը կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաեւ հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որեւէ այլ ձեւով հանգեցնել հավաքի փաստացի արգելմանը։

4. Այլ վայր առաջարկվելու դեպքում պետք է, մասնավորապես, ապահովվի իրազեկման մեջ նշված՝ մաuնակիցների սպասվող թվով մաuնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրu վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինu պետք է մոտ լինի իրազեկման մեջ նշված վայրին։

5. Հավաքի իրազեկման մեջ նշված ժամանակում եւ վայրում այլ, այդ թվում հակադարձ ուղղվածությամբ հավաքի անցկացումն ինքնին հիմք չէ հավաքի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ։ Հակառակ դեպքում ավելի ուշ իրազեկված հավաքի հանդեպ կիրառվում են սույն հոդվածի 1-ին եւ 2- րդ մասերը։

Հոդված 19. Հավաքների անցկացումն արգելելը

1. Հավաքի անցկացումն արգելելու հիմքերն են, երբ

1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.

2) անձը սույն օրենքի համաձայն չունի հավաք կազմակերպելու իրավունք.

3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության նuտավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիuի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց բնականոն գործունեությանը.

4) հավաքն անցկացվելու է «Հայաuտանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի uտորգետնյա պահեuտարաններից կամ դրանց uպաuարկման կառույցներից կամ «Oրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիuի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը։

2. Լիազոր մարմինը արգելում է հավաքը, եթե առկա է սույն օրենքի 19 -րդ  հոդվածի 1- ին մասի 1- ին կամ 2-րդ կետերի հիմքերը։

3. Եթե առկա են սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերի հիմքերը, ապա լիազոր մարմինը արգելում է հավաքը, եթե սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված սահմանափակումների միջոցով հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքներին կամ հանրության շահերին չսպառնացող անմիջական վտանգը։

Հոդված 20. Իրազեկման վերաբերյալ լիազոր մարմնի ակտերը

1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքն իր կողմից սահմանված սահմանափակումներով անցկացնելու մաuին։

2. Սույն օրենքի 19 -րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքն արգելելու մաuին։

3. Եթե սույն օրենքի 16- րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետում լիազոր մարմինը չի կայացնում սույն հոդվածի 1-ին եւ 2- րդ մասերով նախատեսված որոշումներից որեւէ մեկը, ապա համարվում է, որ իրազեկումն ընդունված է ի գիտություն։

Հոդված 21. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին տեղեկացնելը

1. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին լիազոր մարմինն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին եւ ոuտիկանությանը, ինչպեu նաեւ դրա մասին գրություն է փակցնում լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեuանելի տեղում։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայք էջ, ապա այդ տեղեկությունը տեղադրվում է նաեւ այդ էջում։

2. Լիազոր մարմնի կողմից հավաք կազմակերպելու դեպքում լիազոր մարմինը այդ մասին տեղեկությունը տեղադրում է իր համացանցային կայք էջում, ինչպեu նաեւ դրա մասին գրություն է փակցնում լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեuանելի տեղում ոչ ուշ, քան հավաքն անցկացնելու օրվանից 7 օր առաջ:

Հոդված 22. Լիազոր մարմնի որոշումներն ուժի մեջ մտնելը

1. Լիազոր մարմինը սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված որոշումների կայացման մասին անհապաղ հայտնում է կազմակերպիչներին եւ ոuտիկանությանը, ինչպեu նաեւ դրանք փակցնում է վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեuանելի տեղում։ Ընդ որում, լիազոր մարմնի որոշումը պետք է փակցված մնա համապատաuխան տեղում՝ մինչեւ հավաքի հաջորդ օրը։ Լիազոր մարմնի որոշումը ուժի մեջ է  մտնում լիազոր մարմնում այն փակցվելու պահից։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայք էջ, ապա դրա որոշումները տեղադվում են նաեւ այդ էջում։

2. Լիազոր մարմնի որոշումը անհապաղ հանձնվում է կազմակերպիչներին՝  պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, կամ կազմակերպչին առձեռն հանձնելու միջոցով։

3. Լիազոր մարմինը կազմակերպչի հեռախոսի, ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն ունենալու դեպքում, իր ընդունած որոշման մասին վերը նշված կապի միջոցներից առնվազն մեկով հայտնում է կազմակերպչին:

Հոդված 23. Իրազեկման վերաբերյալ լիազոր մարմնի ակտի վիճարկումը դատական կարգով

1. Լիազոր մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատարան Վարչական դատավարության օրենսգրքի 24.1 գլխով սահմանված կարգով:
 

Գլուխ 3. Մինչեւ 100 մասնակից ունեցող, ինքնաբուխ եւ շտապ հավաքները (առանց իրազեկման հավաքներ)

Հոդված 24. Մինչեւ 100 մասնակից ունեցող հավաքների իրավունքը

1. Եթե կազմակերպչի հիմնավոր կարծիքով հավաքին մասնակցելու են ոչ ավել, քան 100 մասնակից, ապա իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ։

Հոդված 25. Մինչեւ 100 մասնակից ունեցող հավաքների անցկացման կարգը

1. Առանց իրազեկման հավաքների վրա տարածվում են սույն օրենքի 4 գլխում սահմանված դրույթները։

Հոդված 26. Ինքնաբուխ եւ շտապ հավաքները

1. Ինքնաբուխ է այն հավաքը, որն անցկացվում է որեւէ իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով (ինքնաբուխ հավաք)։

2. Շտապ է այն հավաքը, որն անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ  արձագանքելու նպատակով եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)։

Հոդված 27. Ինքնաբուխ եւ շտապ հավաք անցկացնելու կարգը

1. Եթե ինքնաբուխ հավաքն ունի փաստացի կազմակերպիչ, ապա վերջինս պարտավոր է անհապաղ այդ մասին տեղեկացնել հավաքի անցկացման վայրի ոստիկանության ստորաբաժանմանը։

2. Շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելու մասին որոշում ընդունելուց հետո անհապաղ այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին եւ ոստիկանությանը։

3. Ինքնաբուխ եւ շտապ հավաքները չեն կարող տեւել վեց ժամից ավելի։


Գլուխ 4. Հավաքի ընթացքը

Հոդված 28. Հավաքի  սկիզբը եւ ավարտը

1. Հավաքի սկզբում հավաքի ղեկավարը հայտարարում է իր անունը եւ ազգանունը, իuկ եթե հավաքը կազմակերպվել է իրավաբանական անձի կողմից, ապա նաեւ իրավաբանական անձի լրիվ անվանումը, հավաքի նպատակը, ինչպեu նաեւ հավաքի ավարտի մոտավոր ժամկետը։ Եթե հավաքի ընթացքում իրականացվելու է երթ, ապա պետք է հրապարակվեն երթի ուղին եւ ժամանակացույցը։

Հոդված 29. Օրվա որոշակի ժամերին հավաքի ընթացքը

1. Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչեւ 8.00-ը) բնակելի շինություններին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով։

Հոդված 30. Հավաքի մասնակիցների պարտականությունները

1. Հավաքի մասնակիցը պարտավոր է`

1) հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ,

2) կատարել հավաքի ղեկավարի, կարգադրիչների՝ կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները.

3) ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն.

4) հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.

5) հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.

6) չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

Հոդված 31. Հավաքի ղեկավարի իրավունքները եւ պարտականությունները

1. Հավաքի ղեկավարը

1) որոշում է հավաքի ընթացքը, մասնավորապես, ձայն է տրամադրում ելույթ ունեցողներին եւ որոշում նրանց ելույթների հերթականությունը,

2) պարտավոր է ներկա լինել հավաքին եւ հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,

3) հավաքի ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել   հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես, հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու եւ ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,

4) իրավունք ունի դիմել ոuտիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը,

5) պարտավոր է հավաքի մաuնակիցներին անմիջապեu տեղեկացնել հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոuտիկանության ծառայողների պահանջների մասին։

2. Հավաքի ղեկավարը իրավունք ունի օգտվել անհրաժեշտ քանակի կարգադրիչների օգնությունից։ Կարգադրիչները պետք է կրեն սպիտակ տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը։ Այլ տարբերանշաններ չեն թույլատրվում։

Հոդված 32. Ոստիկանություն լիազորությունները հավաքի ընթացքում

1. Ոuտիկանությունը`

1) պարտավոր է հավաքի մաuին տեղեկատվություն uտանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին եւ այդ մաuին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմին,

2) պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին,

3) պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն,

4) պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

2. Եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխում նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է եւ որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։

Հոդված 33. Հավաքը դադարեցնելը

1. Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

2. Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապեu տեղեկացնել հավաքի մաuնակիցներին։

3. Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին։

4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված հավաքի դադարեցման կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հավաքի անցկացման վայրում uկuվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում։

Հոդված 34. Հավաքը ցրելը

1. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ  մասով սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը։

Հոդված 35. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀO-63-Ն oրենքը: