Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1094-24.02.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 426.1.-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 4-ի ՍԴՈ-935 որոշմամբ արտահայտած դիրքորոշումից, համաձայն որի Սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասի «միայն» արտահայտությունը` այնքանով, որքանով բացառում է նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով այլ վերջնական իրավական ակտերի օրենքով սահմանված կարգով վերանայումը` դրանով իսկ վտանգելով անձի` մասնավորապես, մինչդատական վարույթում պետական իրավասու մարմինների առջեւ եկած կամ նոր հանգամանքների հիմքով այլ վերջնական իրավական ակտերի օրենքով սահմանված կարգով վերանայումը` դրանով իսկ վտանգելով անձի` մասնավորապես, մինչդատական  վարույթում պետական իրավասու մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ինմասի պահանջներին հակասող եւ անվավեր:

Հիմք ընդունելով այն, որ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չէին կարող հայտնի լինել հետաքննության կամ նախաքննության մարմնին տվյալ գործով վարույթն իրականացնելիս` սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը օբյեկտիվորեն չի կարող նոր կամ նոր երեւան եկած հանգամանքը հաշվի չառնելը դիտարկել որպես հետաքննության կամ նախաքննության մարմնի կողմից տվյալ գործովվարույթն իրականացնելիս թույլ տրված դատավարական սխալ:

Օրենսգրքի 12.1-րդ բաժնի վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նշված բաժինը վերաբերում է նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով բացառապես դատական ակտերի վերանայման հետ կապված հարաբերություններին: Այդպիսի եզրահանգման համար հիմք են հանդիսանում ոչ միայն օրենսգրքի 12.1-րդ բաժնի նորմերը, այլեւ նշված բաժնի եւ այդ բաժնում շարադրված առանձին հոդվածների վերնագրերը: Ընդ որում, իրավակարգավորման առարկայի հստակեցման հարցում օրենսդրական փոփոխությունների ընթացքում հետեւողականություն չի դրսեւորվել: Օրինակ, վեճի առարկա հոդվածը վերնագրված է «Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը», մինչդեռ այդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման առարկան իրավական ակտերի համակարգն է, որոնցից առանձնացվում է «միայն օրինական ուժի մեջ մտած» դատական ակտը: Նման ձեւակերպումը նաեւ իրավական մտածողության իներցիայի դրսեւորում է, քանի որ չեն կարող լինել «օրինական ուժի մեջ մտած դատական ակտ» եւ «անօրինական ուժի մեջ մտած դատական ակտ» հասկացություններ, որպեսզի դրանցից «միայն» սահմանափակման վերաբերական խոսքի մասի միջոցով ընտրություն կատարվի: Առկա ձեւակերպումից բխում է, որ օրենսգրքի 426.1-րդ հոդվածի «...միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը» արտահայտությունը չի սահմանափակվում «օրինական» ուժի մեջ մտած դատական ակտի հանգամանքի շեշտմամբ: Այս բառակապակցության մեջ «միայն» արտահայտությունը` որպես խոսքի մաս, որպես սահմանափակման վերաբերական ենթադրում է, որ քրեական վարույթում նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով որեւէ այլ վերջնական իրավական ակտ վերանայվել չի կարող: Նման բացառությունը եւ դրա նման ձեւով շեշտադրումը պահանջում են սահմանադրաիրավական սկզբունքային դիրքորոշում արտահայտել այն առնչությամբ, թե արդյո՞ք մինչդատական վարույթում նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով վերջնական իրավական ակտի վերանայման արգելափակումն անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման հարցում խնդիրներ չի առաջացնի:   Սահմանադրական դատարանը գտել է, որ գործնականում առաջին հերթին հանցագործության հետեւանքով տուժած անձի իրավունքների ու արժանապատվության խախտում պետք է դիտարկվի այն, որ օրենսդրության մեջ բացակայում է նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում կայացված` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերջնական որոշումների վերանայման մեխանիզմը:

Եթե տուժողի համար արդարադատությունը մատչելի չէ, հետեւաբար, այն խախտում է  դատարանի առջեւ հավասարության սկզբունքը, դրանով իսկ իմաստազրկում արդարադատության բուն գաղափարը` մինչդեռ, մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում սահմանվել է պետությունների այն պարտականությունների շրջանակը, որոնք կնպաստեն տուժողի դատավարական իրավունքների արդյունավետ պաշտպանությանը:Այսպես, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1985 թվականի նոյեմբերի29-ի` «Հանցագործության եւ իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքները» A/RES/40/34 հռչակագրում եւ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 1985 թվականի հունիսի 28-ի` «Քրեական իրավունքի եւ դատավարության շրջանակներում տուժածի կարգավիճակի մասին» R(85)11 հանձնարարականում առաջարկվում է ազգային մակարդակներով միջոցներ ձեռնարկել տուժողների իրավունքների պաշտպանության համար, մասնավորապես, բարելավել տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման դատական եւ վարչական կառուցակարգերը, սահմանել քրեական գործի քննության ժամանակ տուժածի կարգավիճակը, նրա իրավունքների երաշխավորման հարցում դատարանի իրավունքների եւ պարտականությունների բնույթը: Ըստ նշված փաստաթղթերի` քրեական արդարադատության կարեւորագույն գործառույթներից է տուժածի պահանջների բավարարումը եւ շահերի պաշտպանությունը, քրեական արդարադատության նկատմամբ տուժածի վստահության ավելացումը:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քրեական հետապնդման մարմնի վերջնական որոշման` նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վերանայման հնարավորության համակարգային իրավակարգավորման բացակայությունը պայմանավորված է առաջին հերթին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասի առկա ձեւակերպմամբ, որի արդյունքում վտանգվում է անձի` իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: