Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-8951-07.05.2010,18.02.2011-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին»  Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 17-ի  օրենքի (այսուհետ՝ Օրենք)  1-ին հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր մաս՝  հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը,   բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության,  տառադարձության եւ կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 1.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1.1 Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները.

Պետական լեզվաքաղաքականություն ՝  լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը։

Պետական լեզու ` ՀՀ  Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված եւ պետության հոգածությամբ ու հովանավորությամբ երկրի տարածքում գերակայություն ունեցող լեզու:

Պաշտոնական լեզու `  հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության  կանոնների ենթարկվող, պաշտոնական գործառույթներին եւ հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու:

Լեզվավիճակ ՝ համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողություններ, զարգացման միտումներ եւ երեւույթներ:

Լեզվական հարաբերություններ ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված  լեզվի գործածության  ձեւեր, որոնք իրականացվում են պետության ներսում եւ այլ պետություների ու միջազգային կառույցների միջեւ առկա փոխհարաբերություններում:

Գրական հայերենի կանոնարկում `  լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման եւ տերմինաբանության  միջոցով բառապաշարի հարստացման եւ քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց։

Լեզվական իրավունք ` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության կողմից սահ?մանված իրավունքներ։

Լեզվական պարտականություն `  ՀՀ քաղաքացիների եւ հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում  լեզվական  քաղաքականությունից եւ լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանումը։

Գործավարություն ՝   փաստաթղթերի ստեղծման, ձեւավորման, շրջանառության ապահովման եւ պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման եւ վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական,  նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առեւտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը եւ (կամ) ձեւավորումը,  շրջանառության ապահովումն ու պահպանումը:

Պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ `  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների,  հիմնարկների եւ կազմակերպությունների գործունեությանն առնչվող փաստաթուղթ»։

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները.

ա) առաջին մասում  «տիրապետել» բառից հետո լրացնել «գրական» բառը,

բ) երկրորդ մասում «լեզուն» բառից հետո լրացնել «գրական» բառը,

գ) երրորդ մասում «ապահովել» բառից հետո լրացնել «գրական հայոց» բառերը»։

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի՝

1) «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի   անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները»։

2) «բ» կետում «միջոցառումների» բառից հետո լրացնել «հեռուստառադիոհաղորդումների» բառը,

3)  «գ» կետում «ծրարները» բառից հետո լրացնել «գովազդի բոլոր միջոցները» բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։