Armenian ARMSCII Armenian
Պ-895-07.05.2010,18.02.2011-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին»  Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի  5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Ընդհանուր պահանջները գովազդի նկատմամբ

Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ։

Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է։

Գովազդի շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, պահպանի ամրագրված  լեզվական  կանոնները։

Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է։ Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների եւ մակնիշների վրա:

Գովազդատուի հայեցողությամբ անհրաժեշտության դեպքում գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել  երկու եւ ավելի օտար լեզուներով, որոնց ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի ծավալը (մակերեսը) եւ չներառի տեղեկատվություն, որը ներառված չէ հայերեն շարադրանքում։

Գովազդի հայերեն շարադրանքը պետք է լինի օտար լեզվով շարադրանքից առաջ կամ առջեւից՝ վերեւից ներքեւ կամ ձախից աջ գրությամբ։

Գովազդի օտարալեզու շարադրանքն իր պատկերային, գունային կամ լուսային լուծումներով չպետք է գերազանցի հայերեն շարադրանքը։

Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուներով լույս տեսնող հրատարակություններում  եւ օտար լեզվով հեռարձակվող հաղորդումներում օտար լեզվով գովազդին չզիջող ծավալով (մակերեսով) հայերեն զուգորդված շարադրանքը  պարտադիր է։

Արգելվում է գովազդի նպատակով ֆիզիկական անձի անվան կամ պատկերի օգտագործումն  առանց վերջինիս համաձայնության:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։