Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-412-24.12.2008,09.02.2011-ԱՀ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1988-1994ԹԹ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը փաստում է, որ՝ 

  • Արեւելյալ Անդրկովկասում 1918թ.-ին Թուրքիայի եւ տեղական ազգայնականների կողմից ստեղծված Ադրբեջանական Հանրապետությունը որդեգրեց եւ հետեւողականորեն ու բացահայտ իրականացնում էր հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն, որը միտված էր տարածաշրջանում հայության հայրենազրկմանն ու ոչնչացմանը։
     
  • Հակահայկական քաղաքականությունը շարունակվեց նաեւ խորհրդային տարիներին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։ Այս ամբողջ ժամանակ արցախահայությունը պայքարում էր ինքնորոշման եւ Հայաստանի հետ վերամիավորման իր իրավունքի համար։ 1980-ականներին Ադրբեջանը սկսեց Արցախի հայաթափման անթաքույց ու զանգվածային գործողություններ, որոնց ի պատասխան 1988թ.-ին արցախահայությունը Հայաստանի հետ վերամիավորվելու եւս մեկ օրինական քայլ ձեռնարկեց։ Այդ պահից ի վեր Ադրբեջանը ձեռնամուխ եղավ 1915-1923թթ. հայերի ցեղասպանության դեռեւս Թուրքիայի կողմից նախօրոք ծրագրավորված եւ իրենց հաշվարկով եզրափակիչ գործողությանը։

    Հաշվի առնելով, որ 1988-1994թթ. ընթացքում բացառապես ազգային պատկանելիության հիմքով՝

    -  հայերի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած եւ Ադրբեջանի ամբողջ տարածքում իրականացված գործողությունները կրում էին հայերի հայրենազրկման եւ ոչնչացման բնույթ,

    - հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային բռնությունների, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, անարգանքի,

    - գերեվարվել, անհայտ կորել ու սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, մեծավ մասամբ՝ կանայք, երեխաներ, ծերեր,

    - հարյուրհազարավոր մարդիկ բռնի տեղահանվել, վտարվել, կողոպտվել եւ զրկվել են ամբողջ ունեցվածքից՝ կրելով նյութական, ֆիզիկական եւ բարոյական վնասներ,

    1988թ. փետրվարի 22-ին մի քանի հազար ադրբեջանցիներ, Ադրբեջանական իշխանությունների համաձայնությամբ, կարգ հաստատելու պատրվակով ներխուժում են Ասկերանի քաղաք եւ դաժան հաշվերհարդար տեսնում հայ բնակչության նկատմամբ, որն ուղեկցվում է թալանով ու կողոպուտով. արդյունքում մի քանի տասնյակ հայեր մարմնական ծանր վնասվածքներ են ստանում:

    1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան բռնություններ հայ բնակչության նկատմամբ, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, որոնց մեծ մասը ողջակիզվել են խոշտանգումներից ու կտտանքներից հետո, իսկ ավելի քան 18 հազար մարդ, դաժան ծեծի ենթարկվելով, բռնի վտարվել են իրենց տներից` զրկվելով ոչ միայն ամբողջ գույքից, այլեւ վերադառնալու իրավունքից: Այդ պահից ի վեր Ադրբեջանի ամբողջ տարածքում, որտեղ բնակվում էր թեկուզ մեկ հայ շարունակվեց բռնությունների եւ տեղահանությունների ալիքը, որի արդյունքում զոհվեցին տասնյակ հարյուրավոր հայեր, իսկ ավելի քան կես միլիոնը բռնի տեղահանվեց` կրելով նյութական եւ բարոյական անասելի վնասներ: Հայաթափվեցին Լենքարան, Մինգեչավուր, Օրդուբադ, Շամախի, Դաշքեսան քաղաքներն ու հարյուրավոր գյուղեր եւ ավաններ, որտեղ հայերը, որպես բնիկ ժողովուրդ, ապրում էին անհիշելի ժամանակներից: Հայաթափվեց նաեւ հինավուրց հայկական Գանձակ քաղաքը, ուր 1988թ. դրությամբ ապրում էր 45 հազար հայ: 1988թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, 1989թ. ամռան աշնան ամիսներին եւ վերջապես 1990թ. հունվարի 13-19-ը, Բաքվում նույնպիսի դաժանությամբ սպանվեցին հարյուրավոր հայեր եւ ավելի քան 240 հազարանոց հայությունը հարկադրված լքեց իր կողմից կառուցված քաղաքը: 1990թ. Բաքվի ողբերգական դեպքերի ժամանակ փողոցներում, աշխատավայրերում, տներում, հասարակական տրանսպորտում դաժանաբար ծեծի են ենթարկվել եւ մարմնական վնասվածքներ ստացել բազմաթիվ հայեր: Նրանցից շատերը հետագայում մահացել են հիվանդանոցներում: Կիրառվել են նաեւ հոգեբանական ահաբեկչական գործողություններ:

    1988թ. Սումգայիթում հարյուրավոր հայեր, ֆիզիակական դաժան հաշվեհարդարի, ծեծի ու բռնությունների են ենթարկվելով, դարձել են հաշմանդամ: 1989-1991թթ. անընդմեջ ռմբակոծման են ենթարկվել Հյուսիսային Արցախի բնակավայրերը, որտեղից եւս վտարվեցին բոլոր հայերը: 1991թ. ապրիլի 29-ից մինչեւ օգոստոսի կեսերը ադրբեջանական ՕՄՕՆ-ը (ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ) իրականացրեց «Օղակ» օպերացիան, որի արդյունքում բռնագաղթի ենթարկվեց Խանլարի, Շահումյանի, Հադրութի, Շամխորի, Ղազախի, Գետաբեկի շրջանների հայ բնակչությունը, ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ:

    «Անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով օպերացիայի մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանական ՕՄՕՆ-ը խուզարկություններ է իրականացրել, բռնություններ գործադրել, թալանել ու ծեծել է խաղաղ հայ բնակչությանը, ոչնչացրել նրանց ունեցվածքը, ինչպես նաեւ սպանել բազմաթիվ քաղաքացիների: Հայաթափմանը անմիջապես հետեւում էր մասսայական թալանն ու այդ բնակավայրերի բնակեցումը տեղի թուրքերի կողմից: Այդ տարիներին Ստեփանակերտի եւ ԼՂԻՄ-ի հայկական բնակավայրերի դեմ օգտագործել են մասսայական ոչնչացման զենքեր՝ «Գրադ» կայանքներ, օդային ռմբակոծիչներ եւ այլն:

    1992թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում Ադրբեջանի զինված ստորաբաժանումներն իրագործեցին գյուղում մնացած տեղի խաղաղ հայ բնակչության անխնա ոչնչացում, որտեղ զոհվածների թիվը հասնում էր 57-ի` գերակշիռ մասը կանայք, երեխաներ, ծերեր, որոնց անդամահատել, անարգել, վառել են, ինչպես մինչեւ մահը, այնպես էլ մահից հետ:

    1992թ. մայիսի 8-26-ը ադրբեջանական ուղղաթիռները գնդակոծում էին հայկական գյուղերը՝ Մարաղա, Շոշ, Էրքեջ, Մանաշիդ, Վերիշեն, Դահրավ եւ այլն, ինչի արդյունքում բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին եւ վիրավորվեցին, իսկ շատերն էլ արտագաղթեցին: Այս` նախօրոք ծրագրված բռնությունները պայմանավորված էին միայն նրանց էթնիկ պատկանելությամբ:

    Ադրբեջանի խորհրդային ժամանակահատվածում ցեղասպանական գործողությունների արդյունքում անմեղ զոհերի վիճակագրության ոչ ամբողջական պատկերը հետեւյալն է. Մարտակերտի շրջան՝ 417, Մարտունու՝ 239, Հադրութի շրջան՝ 167, Ասկերանի շրջան՝ 149, Շահումյանի շրջան՝ 84, Շուշիի շրջան՝ 37: Այս զոհերի մեջ կային բազմաթիվ կանայք եւ երեխաներ: Այս գործողություններն ուղեկցվել են կենսապահովման օբյեկտների ոչնչացմամբ, շրջափակմամբ:

    1992-1994թթ. Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սանձարձած ռազմական լայնածավալ գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 6.5 հազար մարդ, 20 հազար մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

    Նկատի ունենալով, որ ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի ենթարկելու մասին» կոնվենցիայի հոդված 2-ի համաձայն

    «Որպես ցեղասպանություն հասկանում ենք այն գործողությունները, որոնք կատարվել են որեւէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի, որպես այդպիսին, մասնակի կամ լրիվ ոչնչացման նպատակով»: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրագործած բռնությունները համապատասխանում են վերոհիշյալ հոդվածի կետերին, որոնց համաձայն ցեղասպանություն է.

    ա) այդպիսի խմբի անդամների սպանությունը,

    բ) այդպիսի խմբի անդամներին մարմնական վնասվածքներ կամ մտավոր խանգարումներ հասցնելը,

    գ) որեւէ խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծումը, որոնք նպատակամղված են այդպիսի խմբի լիովին կամ մասնակի ոչնչացմանը։

    Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած այս բռնությունները որակվում են որպես ցեղասպանություն

    Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարում է՝

    1988-1994թթ. ընթացքում հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնություններն ու սպանությունները ճանաչում է որպես ցեղասպանություն:

    Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը կոչ է անում՝

    ՀՀ կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ միջազգային ատյաններում բարձրացնելու Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը։

    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

    Անկախ այն հանգամանքից ցեղասպանությունը կատարվել է խաղաղ, թե պատերազմական իրավիճակում՝ այն հանցագործություն է, որովհետեւ համաձայն վերոհիշյալ կոնվենցիայի 1-ին հոդվածի, «ցեղասպանությունը, անկախ նրանից, իրականացվել է խաղաղ, թե պատերազմական ժամանակ, հանցագործություն է»:

    Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը մի շարք որոշումներով արդեն իսկ դատապարտել է այդ բռնությունները, մասնավորապես.

    ա) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի՝ «Ադրբեջանական ՍՍՀ Սումգայիթ քաղաքում կատարված ոճրագործությունները դատապարտելու մասին» որոշումը:

    բ) Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի՝ «Ադրբեջանական ԽՍՀ-ում, ԼՂԻՄ-ում, Հայկական ԽՍՀ սահմանային շրջաններում հայ ազգաբնակչության եւ խորհրդային բանակում հայազգի զինծառայողների անվտանգության ապահովման խնդիրների մասին» որոշումը:

    Վերոնշյալ որոշման մեջ արդեն իսկ օգտագործվում է ցեղասպանություն եզրույթը. «Ադրբեջանական ԽՍՀ կառավարությունը հրաժարվում է Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանության ակտի, Շուշիում, Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանական ԽՍՀ մյուս քաղաքներում ու շրջաններում ջարդերի եւ սպանությունների քաղաքական ու իրավական որակավորումից»:

    գ) Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում իրադրությունը նորմալացնելու միջոցառումների մասին» ԽՍՀՄ Գերագուն խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 28-ի որոշման մասին» որոշումը,

    Սույն հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ այսպիսի եղեռնագործությունների կանխման հրամայականից, որոնք իրենց դրսեւորումն են ստանում նունյիսկ ներկայումս. Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման եւ Բուդապեշտում հայ սպա Գուգեն Մարգարյանի գազանաբար սպանության տեսքով: