Armenian ARMSCII Armenian
Կ-2181-14.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 1-ին մասը «բանավոր» բառից հետո լրացնել «, եթե գործի քննության այլ կարգ նախատեսված չէ սույն օրենսգրքով» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասը «կայացվում է» բառերից հետո լրացնել «պատճառաբանված» բառով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 19.1

ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ

Հոդված 129.1. Պարզեցված վարույթի իրականացման կարգը

Հոդված 129.1. Պարզեցված վարույթի իրականացման կարգը

1. Դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

Հոդված 129.2. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը

1. Դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:

2. Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաեւ այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջեւ կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, եւ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որեւէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:

3. Գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝

1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.

3) առկա է ոչ պատշաճ կողմի փոխարինման կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

4) անհրաժեշտ է որոշել գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր:

4. Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է ընդհանուր հայցային վարույթի կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով միացված պահանջներն առանձնացնում են առանձին վարույթներում:

Հոդված 129.3. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը

1. Դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են վճռի հրապարակման վայրի եւ ժամանակի մասին։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո դատարանը կարող է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացնել, եթե սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համաձայնության մասին դատարանն իրազեկվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո։

3. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Հոդված 129.4. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները

1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած փաստերը եւ դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաեւ միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:

2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը եւ ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

4. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում:

Հոդված 129.5. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու կարգը եւ ժամկետները

1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:

2. Դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում գործով դատական ակտը կայացնում եւ հրապարակում է սույն օրենսգրքի 129.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել վճռի հրապարակման վայրը եւ ժամանակը։

Հոդված 129.6. Պարզեցված վարույթը դադարեցնելը

1. Եթե սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան գործով դատական ակտը հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին եւ սույն օրենսգրքի 22.2-րդ գլխով սահմանված կարգով գործը նախապատրաստում է դատաքննության։

Հոդված 129.7. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով դատական ակտը

1. Պարզեցված վարույթի կարգով կայացված վճռի պատճառաբանական մասում նշվում են դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետեւությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաեւ այն օրենքները եւ այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

2. Պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:»։

Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Գործերի քննության պարզեցված վարույթն իրականացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերով: