Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-225-15.12.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1 մասով՝

«3.1. Խորհուրդի կողմից ընդունված սույն օրենքի 50-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո»։

Հոդված 2. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.2 մասով՝

 «3.2 Խորհուրդի կողմից ընդունված սույն օրենքի 50-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշումների դեմ բողոք կարող է տարվել դատարան, մինչեւ այդ որոշումների ուժի մեջ մտնելը»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է գնումների ոլորտում առկա խնդրի կարգավորմամբ, մասնակիցների կողմից գնումների բողոքարկման խորհրդի /այսուհետ՝ Խորհուրդ/՝ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշման դեմ դատական կարգով բողոք ներկայացնելու իրավունքի ապահովման, ինչպես նաեւ այդ իրավունքից օգտվելու դեպքում վերջիններիս համար անբարենպաստ հետեւանքների առաջացումը կանխելուն ուղղված անհրաժեշտությամբ։

Ներկայումս Օրենքը չի նախատեսում Խորհրդի մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ, արդյունքում` պրակտիկայում այն օրինական ուժ է ստանում անմիջապես հրապարակվելու պահից /Այս փաստը հաստատվել է ՀՀ ֆինանսների նախարարի կողմից իմ հարցմանն ի պատասխան/։

Անմիջապես ուժի մեջ մտած որոշումը որոշակի ժամկետով սահմանափակում է մասնակցի՝ այլ գնումների գործընթացներին մասնակցելու իրավունքը անկախ այն հանգամանքից, թե մասնակցի կողմից այդ որոշումը բողոքարկվում է դատական կարգով, թե ոչ։ Մասնակցի կողմից Խորհրդի որոշումը դատական կարգով բողոքարկելու արդյունքում կարող է այն վերացվել, մինչդեռ նման իրավակարգավորման պայմաններում մինչ մասնակիցը կկարողանա վերականգնել իր խախտված իրավունքը, վերջինս կկրի վնասներ՝ բողոքարկման ընթացքում այլ գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունենալու հետեւանքով։

Օրենքի նախագիծը սահմանում է այն ժամանակահատվածը, որի ավարտից հետո միայն Խորհրդի որոշումը ուժ կստանա, իսկ մինչ այդ ժամանակահատվածի ավարտը մասնակիցը կկարողանա բողոքարկել այն դատական կարգով։ Այլ կերպ ասած Խորհրդի որոշումը անմիջապես իր ազդեցությունը չի ունենա մասնակցի վրա, քանի դեռ վերջինս օգտվում է իր դատական պաշտպանության իրավունքից եւ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) տեղեկանք:

Խնդրում եմ նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր  Լենա Նազարյան