Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1921-10.12.2003-ՖՎ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Հանրային ծառայությունների մատուցման հետ կապված գործունեության իրականացման լիցենզիան կարող է նախատեսել նաեւ լիցենզավորման ենթակա գործունեության տվյալ տեսակով զբաղվելու` լիցենզավորված անձի պարտականություն:»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«7. Օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում, սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզիան, լիցենզավորող մարմնի հիմնավորված որոշմամբ, կարող է տրվել բարդ ընթացակարգով հրապարակային սակարկություններով:»:

Հոդված 3 . Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Մրցակցությունն ու արդյունավետ գործունեությունը խթանելու, մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, սպառողների եւ լիցենզավորված անձանց իրավունքների պաշտպանությունը ապահովելու եւ շահերը հավասարակշռելու նպատակով, սույն օրենքով նախատեսված դեպքերում, բարդ լիցենզիան կարող է տրվել հրապարակային սակարկություններով (մրցույթ, աճուրդ), որոնք անցկացվում են «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ լիցենզավորող մարմնի կողմից սահմանված կարգով:

Լիցենզավորող մարմինը, հաշվի առնելով լիցենզավորման ենթակա գործունեության տվյալ տեսակի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների բավարար կամ անբավարար լինելու հանգամանքը, կարող է տրամադրել լիցենզիաները առանց դրանց քանակի սահմանափակման կամ սահմանափակել տրվող լիցենզիաների քանակը:

Եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեության տվյալ տեսակի իրականացման համար լիցենզիան տրվում է առանց հրապարակային սակարկությունների, ապա լիցենզավորող մարմինը, մինչեւ լիցենզիան տրամադրելը, կարող է օրենքով նախատեսված դեպքերում, իր հիմնավորված որոշմամբ, այն տրամադրել հրապարակային սակարկություններով:»:

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում լիցենզավորող մարմինն իրավունք ունի կասեցնել լիցենզիայի գործողությունը մինչեւ դատարանի կողմից լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում, եթե դա նախատեսված է օրենքով, լիցենզավորող մարմինն իրավունք ունի կասեցնել լիցենզիայի գործողությունը մինչեւ դատարանի կողմից լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Նշված դեպքերում լիցենզավորող մարմինը պարտավոր է լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել լիցենզիայի գործողության կասեցման օրվանից 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը համարվում է վերացված:»:

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասում «մրցույթով» բառը փոխարինել «հրապարակային սակարկություններով» բառերով: