Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-191-10.12.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ», «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ», «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ», «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ազատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը մինչեւ 2003 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի գծով (այդ թվում՝ հետաձգված) սույն օրենքի ընդունման պահի դրությամբ հաշվարկված եւ չվճարված պարտավորություններից (ներառյալ տույժերն ու տուգանքները):

Հոդված 2. Սահմանել, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության մինչեւ 2003 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություններ հայտնաբերվելու դեպքում կկիրառվեն սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված արտոնությունները:

Հոդված 3. Ազատել «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչեւ 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով ավելացված արժեքի հարկի գծով սույն օրենքի ընդունման պահի դրությամբ հաշվարկված եւ չվճարված տույժերից ու տուգանքներից:

Հոդված 4. Ազատել «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Երեւանի ջերմային էլեկտրակայան», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում նախորդ տարիների պարտքերի մարումների եւ վերակառուցումների հետեւանքով առաջացող շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի գծով պարտավորություններից (ներառյալ տույժերն ու տուգանքները):

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: