Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1073-18.01.2011-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

Հոդված 2. Ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, մաքսային եւ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում կիրառվող հասկացություններ

1. Ազատ տնտեսական գոտի - սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատուկ սահմանված տարածք է, որը համարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս գտնվող տարածք, որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ստեղծվել տարբեր գործառնական տեսակների ազատ տնտեսական գոտիներ:

2. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ (այսուհետ Կազմակերպիչ) – բացառապես ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված (հիմնադրված) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված իրավաբանական անձ, որն ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը եւ ծառայությունների մատուցումը:

3. Ազատ տնտեսական գոտու շահագործող (այսուհետ շահագործող) – սույն օրենքին համապատասխան բացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ մասնաճյուղ, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչություն, որը ունի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված համապատասխան թույլտվություն եւ կազմակերպիչի հետ կնքված համապատասխան պայմանագիր:

4. Լիազոր մարմին - ազատ տնտեսական գոտիների պետական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:

Հոդված 4. Շահագործողների թույլտվության տրամադրումը եւ կազմակերպիչի ընտրությունը

1. Շահագործողների թույլտվության տրամադրումը եւ դադարեցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից շահագործողի թույլտվությունը տրվում է շահագործողի կողմից ներկայացրած գործարար ծրագրի գնահատման արդյունքում:

3. Շահագործողի կողմից ներկայացրած գործարար ծրագրին ներկայացվող պահանջները եւ գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Շահագործողը թույլտվությամբ չսահմանաված այլ տեսակի գործունեություն իրականացնելու համար պետք է ստանա լրացուցիչ թույլտվություն:

5. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան տրամադրված թույլտվությամբ սահմանված պահանջների խախտման կամ չկատարման դեպքում թույլատվությունը դադարեցվում է:

6. Կազմակերպչի ընտրության կարգը եւ չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 5. Ազատ տնտեսական գոտու ստեղծումը

1. Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է ներառի.

1) ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը,

2) տարածքի նկարագիրը եւ սահմանագիծը,

3) գործառնական տեսակը,

4) շահագործողների կողմից իրականացվելիք գործունեության տեսակները,

5) ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետները,

6) կազմակերպչին եւ շահագործողներին ներկայացվող չափանիշները,

7) ազատ տնտեսական գոտու ստեղծման ներդրումային ծրագիրը,

8) կազմակերպչի անհատական տվյալները, եթե նախապես հայտնի է կազմակերպիչը,

9) այլ անհրաժեշտ տվյալներ եւ պահանջներ:

3. Եթե ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում ազատ տնտեսական գոտու գործունեությունը չի մեկնարկում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը համարվում է չեղյալ:

Հոդված 6. Ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջները

1. Ազատ տնտեսական գոտին պետք է բավարարի հետեւյալ պահանջներին`

1) ապահովված լինի բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, այդ թվում երկաթուղային տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ, ավտոկայանատեղով եւ փակուղիով,

2) սահմանազատված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանով,

3) ապահովված լինի մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն եւ մաքսային ձեւակերպումներ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով,

4) ունենա ազատ տնտեսական գոտու ներսում ապրանքների ազատ տեղաշարժման հնարավորություն,

5) ապահովված լինի անվտանգության, առաջնային բուժօգնության եւ հակահրդեհային համակարգերով,

6) ունենա անխափան ջրամատակարարում եւ ջրահեռացում, էներգամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն եւ կապ` առնվազն հեռախոս եւ ինտերնետ,

7) ապահովված լինի սանիտարա-հիգենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով,

8) ունենա կարանտինային սպասարկման տարածք,

9) ապահովված լինի ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաեւ բեռնման, բեռնաթափման եւ տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով, կապի եւ այլ միջոցներով:

2.  Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները կարող են չպահպանվել դրանց իրագործման տեխնիկական անհնարինության հիմնավորման դեպքում:

Հոդված 7. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագրի կնքումը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից լիազոր մարմինը կնքում է համապատասխան պայմանագիր կազմակերպչի հետ:

2. Ազատ տնտեսական գոտու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական ռեժիմը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից լիազոր մարմնի եւ կազմակերպչի միջեւ կնքված պայմանագրում նշված ժամկետից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ ժամկետներ սահմանված չեն:

3. Լիազոր մարմնի եւ կազմակերպչի միջեւ կնքվող պայմանագիրը ենթակա է հրապարակման` լիազոր մարմնի պաշտոնական կայք էջում:

Հոդված 8. Լիազոր մարմնի լիազորությունները

1. Լիազոր մարմինը`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանը կարող է առաջարկել ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագրում կատարել փոփոխություններ կամ լուծել այն,

2) իրականացնում է հսկողություն ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ,

3) իրականացնում է ազատ տնտեսական գոտու շահագործողի թուլտվությամբ սահմանված պահանջների համապատասխանության ուսումնասիրություն եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն,

4) պահանջում է կազմակերպչից ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով եւ ձեւով,

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ,

6) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկ` ազատ տնտեսական գոտու շահագործողին տրամադրված թույլատվության դադարեցման վերաբերյալ:

Հոդված 9. Կազմակերպչի պարտավորությունները

1. Կազմակերպչի պարտավորություններն են.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատել, օգտագործել ազատ տնտեսական գոտու ինժեներական կառույցները եւ ենթակառուցվածքները, ինչպես նաեւ ապահովել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները,

2) պայմանագիր կնքել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թույլտվություն ստացած շահագործողների հետ եւ իրականացնել պայմանագրի կատարման հսկողություն,

3) սահմանել ազատ տնտեսական գոտու անվտանգության ներքին կանոնների առանձնահատկությունները,

4) ապահովել ազատ տնտեսական գոտուն սույն օրենքով ներկայացվող պահանջների կատարումը,

5) ապահովել ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու համար սույն օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան կնքած պայմանագրային պարտավորությունների կատարումը,

6)  ազատ տնտեսական գոտու նախորդ տարվա գործունեության վերաբերյալ ներկայացնել հաշվետվություններ լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարությամբ սահմանված կարգով,

7)  իրականացնել միջոցառումներ` ուղղված ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչմանը եւ նրանում շահագործողների ներգրավմանը,

8) սահմանել եւ հրապարակել ազատ տնտեսական գոտու շահագործման կանոնները եւ իրականացնել պայմանագրով սահմանված այլ պարտավորություններ:

Հոդված 10. Շահագործողների պարտավորությունները

1.  Շահագործողների պարտավորություններն են.

1) ազատ տնտեսական գոտու իրեն հատկացված տարածքը նախապես հաստատված նախագծին համապատասխան կառուցապատումն իրականացնել համաձայնեցնելով կազմակերպչի հետ,

2) պահպանել ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ ազատ տնտեսական գոտու շահագործման կարգի պահանջները,

3) պահպանել ազատ տնտեսական գոտու անվտանգության կանոնները, թույլտվությամբ սահմանված պահանջները եւ իրականացնել պայմանագրով սահմանված այլ պարտավորություններ:

Հոդված 11. Ազատ տնտեսական գուտում սահմանափակումները

1. Ազատ տնտեսական գուտում չեն կարող իրականացվել հետեւյալ գործունեության տեսակները.

1) ռադիոակտիվ նյութերի արտադրություն եւ առեւտուր,

2) զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի արտադրություն ու առեւտուր,

3) առանց Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ներմուծում, պահպանում, արտադրություն եւ առեւտուր,

2.  Արգելվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքն ազատ տնտեսական գոտի` առանց մաքսային հսկողության:

3. Ֆիզիկական անձանց եւ տրանսպորտային միջոցների` ազատ տնտեսական գոտի մուտք եւ ելքը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 12. Ազատ տնտեսական գոտու շահագործումը

1. Ազատ տնտեսական գոտու շահագործումն իրականացվում է շահագործողի ու կազմակերպչի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա` կազմակերպչի կողմից սահմանված շահագործման կարգին համապատասխան:

2.  Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներից բացի այլ գործունեության տեսակներ կարող են իրականացնել միայն շահագործող չհանդիսացող իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը:

Շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունը չի համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս իրականացվող գործունեություն:

Հոդված 13. Ազատ տնտեսական գոտում հարկային, մաքսային եւ արժութային կարգավորումը

1. Ազատ տնտեսական գոտում հարկային եւ մաքսային փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային եւ մաքսային օրենսդրությամբ, հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտու շահագործողներին տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, մաքսատուրքի վճարման արտոնություններ:

2.  Ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների, ինչպես նաեւ շահագործողների եւ քաղաքացիա-իրավական հարաբերությունների այլ սուբյեկտների միջեւ իրականացվող գործարքների նկատմամբ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում են առանձնահատկություններ:

Հոդված 14. Ազատ տնտեսական գոտում պետության կողմից ծառայությունների մատուցումը եւ վերահսկողության իրականացումը

1.  Ազատ տնտեսական գոտում պետության կողմից մատուցվող ծառայություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով:

2. Պետական ծառայություններ մատուցող եւ վերահսկողություն իրականացնող համապատասխան պետական մարմիններն ազատ տնտեսական գոտու տարածքում կարող են ունենալ ստորաբաժանումներ:

Հոդված 15. Ազատ տնտեսական գոտու լուծարումը

1. Ազատ տնտեսական գոտին կարող է լուծարվել`

1) սահմանված ժամկետի լրանալուն պես, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ժամկետը երկարաձգելու մասին որոշում չի կայացվում,

2) վաղաժամկետ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, նախապես փոխհատուցելով լուծարման հետեւանքով կազմակերպչի եւ շահագործողների կողմից կրած վնասները,

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վաղաժամկետ լուծարման գործընթացը կարող է սկսվել դրա մասին որոշում ընդունելուց հետո ոչ շուտ քան մեկ տարի հետո:

Հոդված 16. Ազատ տնտեսական գոտում վեճերի լուծումը

1.  Ազատ տնտեսական գոտու գործունեության հետ կապված վեճերի կարգավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.  Շահագործողների միջեւ վեճերի կարգավորումը կարող է իրականացվել նաեւ միջազգային արբիտրաժի միջոցով:

Հոդված 17. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: