Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1064-11.01.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի «ժբ» կետը լրացնել նոր պարբերություններով` հետեւյալ բովանդակությամբ.

«Այն դեպքում, երբ գրավ դրված գույքը սեփականության իրավունքով անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), ապա գրավատուի գույքն օտարելուց ստացված եկամուտ է համարվում  գրավ դրված գույքի իրացման գնի (առանց անուղղակի հարկերի, եթե դրանք կիրառելի են) եւ վարկային պարտավորության դրական տարբերությունը:

Սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետեւանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր եւ իրացման գին են համարվում

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը եւ օտարման գինը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի իրացման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը եւ այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում, բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

Բանկը (վարկային կազմակերպությունը) եւ ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնվել, որպեսզի սույն կետի իմաստով` գրավ դրված գույքի իրացման հետեւանքով գրավատուին եկամուտների վճարման օր եւ իրացման գին համարվեն այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը եւ այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գինը: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է գրավոր ձեւով:

Սույն կետի իմաստով վարկային պարտավորություն է համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները, ինչպես նաեւ գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերը, բայց ոչ ավելի, քան գրավ դրված գույքի իրացման գնի 15 տոկոսը:

Սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման գնի որոշման համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված իրավունքներից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքը տարածվում է միայն այն գույքի հետ կապված հարաբերությունների վրա, որը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) սեփականության իրավունքով անցել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

««Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակն է լուծել գրավի առարկա գույքի բռնագանձման ժամանակ առաջացող հարկային խնդիրները, որոնք բազմիցս բարձրացվել են ինչպես ՀՀ վարչապետի մոտ կայացած մշտապես գործող ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում, այնպես էլ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկումների ժամանակ: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հանգամանքին, որ թեեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրավի առարկայի արտադատական կարգով բռնագանձման վերաբերյալ դրույթների ներմուծմանը, որն ուղղված էր գրավի ինստիտուտի զարգացմանը, այսօր ՀՀ-ում գործող բանկերը կանգնած են մեծ խնդիրների առջեւ, ինչը մեծապես արժեզրկում է արտադատական իրացման ընթացակարգերի կիրառման գրավչությունը: Այդ խնդիրները կապված են այն հանգամանքի հետ, որ գրավի առարկայի արտադատական իրացման` բանկերի համար առավել ձեռնտու եղանակը` գույքը բանկին ի սեփականություն վերցնելը` հետագա իրացման նպատակով, գործող հարկային օրենսդրության շրջանակներում դիտվում է իբրեւ գրավատուի կողմից այդ գույքի իրացում, որն առաջացնում է եկամտահարկի վճարման պարտավորություն: Նման հանգամանքն անհավասար դրություն է ստեղծում իրացման այլ եղանակների հետ, որոնց դեպքում ֆիզիկական անձանց պատկանող գույքի իրացումը այլ ֆիզիկական անձի (առանց բանկի միջնորդության, քանի որ բանկն այստեղ հանդես է գալիս լոկ որպես միջնորդ` առանց գույքի ձեռքբերման նպատակի) չի առաջացնում եկամտահարկի վճարման պարտավորություն: Մինչդեռ այստեղ բանկը, հանդես գալով իբրեւ հարկային գործակալ, ստիպված է լինում իր միջոցների հաշվին վճարել եկամտահարկը, քանի որ գրավի առարկայի հետագա իրացումը թույլ չի տալիս ծածկել ինչպես գրավով ապահովված պարտավորությունը, այնպես էլ վերոհիշյալ հարկի գումարը: Ստացվում է, որ գրավը չի իրականացնում իր նախնական կոչումը, այն է` ապահովված պահանջի առաջնահերթ բավարարումը: