Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1062-21.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 15-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 11-րդ եւ 12-րդ մասերով.

«11. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել այնպիսի սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող նյութեր կամ սննդային հավելումներ, որոնց`

ա) պիտանիության ժամկետն անցած է,

բ) փաթեթավորման, սպառողական տարայի կամ պիտակի վրա կամ ուղեկցող փաստաթղթերում պիտանիության ժամկետի նշումը բացակայում է կամ աղավաղված է,

գ) պիտանիության ժամկետը կրկնակի մակնշված է կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ ժամկետը ջնջված եւ նշված է նոր պիտանիության ժամկետ:

12. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված փաթեթավորված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների  հայերեն լեզվով մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենքի) նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարածք ժամկետանց սննդամթերքի եւ սննդային հավելումների ներմուծման եւ շուկայում սպառման հնարավորության բացառմամբ:

Սննդի անվտանգության ապահովումը ներկայումս կարեւոր խնդիրներից մեկն է հանրապետության համար։ Այս առումով մեր քաղաքացիները խոցելի վիճակում են եւ Օրենքի նախագիծը հնարավորություն կտա պաշպանել մարդկանց եւ կենդանիների կյանքն ու առողջությունը, ապահովել արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը, ինչպես նաեւ կբացառի տեղական շուկայում ինչպես տեղական արտադրողների կողմից արտադրված, այնպես էլ ներմուծողների կողմից ներմուծված պիտանիության ժամկետը սպառված սննդամթերքի իրացումը:

Կբացառվեն տեղական շուկայում իրացվող, ՀՀ ներմուծվող այնպիսի սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող նյութեր կամ սննդային հավելումներ, որոնց

1. փաթեթավորման, սպառողական տարայի կամ պիտակի վրա կամ ուղեկցող փաստաթղթերում պիտանիության ժամկետի նշումը բացակայում է կամ աղավաղված է,

2. պիտանիության ժամկետը կրկնակի մակնշված է կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ ժամկետը ջնջված եւ նշված է նոր պիտանիության ժամկետ:

Նախագծով արգելվում է նաեւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող փաթեթավորված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների  հայերեն լեզվով մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:

Նախագիծը նախատեսում է մի հոդված, որը, ինչպես ընդունված է միջազգային գործելակերպում (խորհրդատվություն է տրամադրել սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի ԵՄ փորձագիտական խմբի SPS ոլորտի միջազգային փորձագետը), սահմանում է սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմնին վերապահված նոր գործառույթ, այնն է

«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի եւ սննդային հավելումների մաքսային ձեւակերպումները կատարվում են տվյալ խմբաքանակն ուղեկցող հաշիվ ապրանքագրի բնօրինակի վրա սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմնի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մակնշման պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշում կատարելուց հետո:»

 Սույն օրենքի նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով (կամ օգտվելով) «Սննդամթերքի անվտանգության մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները եւ այլ իրավական ակտեր: