Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1058-15.12.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Դատավորը չի կարող առանց իր գրավոր համաձայնության փոխադրվել այլ, այդ թվում` վերադաս դատարան:»:

Հոդված 2. Օրենսգրքի  114-րդ հոդվածում  «ցուցակը» բառից հետո լրացնել «(քաղաքացիական, վարչական, քրեական մասնագիտացումներով)» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 115. Որակավորման ստուգումը

1. Եթե Դատավորների թեկնածությունների ցուցակի տվյալ մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված առավելագույն թվից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` որակավորման ստուգումներ անցկացնելու մասին:

2. Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով համապատասխան մասնագիտացմամբ` գրավոր քննությունների արդյունքներով:

3. Դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովը սահմանում եւ հրապարակում է գրավոր քննությունների տեսակը, անցկացման կարգը, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման եւ բողոքարկման ընթացակարգերը, գրավոր աշխատանքների գնահատականների հիման վրա հավակնորդի հանրագումարային միավորի հաշվարկման կարգը: Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները իրականացնում է Արդարադատության խորհրդի աշխատակազմը:

4. Որակավորման ստուգմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ստացել են դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, ունեն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, համապատասխանում են սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

5. Հայտերը ներկայացվում են Արդարադատության խորհրդի աշխատակազմ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հայտարարությունը հրապարակվելու պահից` 1-ամսյա ժամկետում:

6. Հայտերի հետ նշված անձինք ներկայացնում են համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից եւ պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

7. Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաեւ`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան հիմքեր (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդներ են).

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

8. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաեւ երաշխավորագիր-նամակներ:

9. Արդարադատության խորհրդի աշխատակազմը կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը:

10. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, եւ դրանք Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել վարչական դատարան մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարչական դատարանը գործը քննում եւ լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11. Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման եւ որակավորման ստուգումների` սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:

12. Արդարադատության խորհրդի աշխատակազմի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչելու դեպքում հայտատուն իրավունք ունի անցնելու որակավորման ստուգումը, իսկ եթե որակավորման ստուգման անցկացումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի 5 աշխատանքային օրվա ընթացքում առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցելու լրացուցիչ որակավորման ստուգմանը:

13. Որակավորման ստուգումն անցած անձանց տրվում է համապատասխան վկայագիր:»:

Հոդված 4. Օրենսգրքի 116-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին նախադասությունը հանել.

2) 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Արդարադատության խորհրդի աշխատակազմը դատավորների թեկնածությունների ցուցակը  հրապարակում է առնվազն 3000 տպաքանակ ունեցող  մամուլում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:»:

Հոդված 5. Օրենսգրքի 117-րդ հոդվածում`

1.-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վկայագիր ունեցող անձանց թեկնածությունները եւ անհրաժեշտության դեպքում հրավիրում է նրանց զրույցի:».

2. 2-րդ մասում «Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի 10 ձայնի իրավունք» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամի ձայների քանակը հավասար է ցուցակի լրացման համար անհրաժեշտ թեկնածուների քանակին» բառերով, հանել «10 ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր» բառերը, իսկ «ձայներ ստացած» բառերից հետո հանել «10» թիվը.

3. 2-րդ մասը լրացնել «Թեկնածությունների ցուցակի  քաղաքացիական եւ քրեական մասնագիտացման բաժիններից յուրաքանչյուրը կազմված է 10, իսկ վարչական բաժինը` 5 հոգուց:» նախադասությամբ:

Հոդված 6 . Օրենսգրքի 118-րդ հոդվածում`

1. վերնագրում «եւ առաջխաղացման ցուցակներում» բառերը փոխարինել «ցուցակում»  բառով, իսկ  «,դատախազների, փաստաբանների եւ քննիչների»  բառերը հանել.
 
2. 1-ին մասում «եւ առաջխաղացման ցուցակներում» բառերը փոխարինել «ցուցակում» բառով.
 
3.2-րդ մասը  ճանաչել ուժը կորցրած.

4. 3-րդ մասում «եւ 2-րդ մասերով»  բառերը փոխարինել  «մասով»  բառով, իսկ «ոչ ուշ, քան մինչեւ» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ից» բառերով.

5. 6-րդ մասում   «եւ 2-րդ մասերով»  բառերը փոխարինել  «մասով»  բառով.

6.  7-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

7. 8-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 7. Օրենսգրքի 120-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2. 1-ին մասի 8-րդ կետում «123-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերում» բառերը փոխարինել «122-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով.

3. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նախատեսված հիմքով դատավորների թեկնածությունների ցուցակից հանված թեկնածուն ցուցակում կրկին անգամ ընդգրկվելու համար կարող է դիմել ոչ շուտ,  քան երկու տարի հետո:»:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել նոր 120.1 հոդվածով հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 120.1 Կրճատված կամ ռեզերվում գտնվող դատավորը

1. Կրճատված կամ ռեզերվում գտնվող դատավորը դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տվյալ պաշտոնում առաջնահերթ նշանակվելու իրավունք ունի:»:

Հոդված 9. Օրենսգրքի 122-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 122. Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի  թափուր  տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը

1. Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս վճռաբեկ դատարանի նախագահը Արդարադատության խորհրդի անունից դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց տեղյակ է պահում թափուր տեղը համալրելու համար քվեարկության ժամկետների եւ վայրի մասին:

2. Թափուր տեղը համալրելու նպատակով Արդարադատության խորհուրդն անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Քվեաթերթիկում ընդգրկվում են թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկված բոլոր անձինք, բացառությամբ տվյալ թափուր տեղը համալրելու նպատակով իր թեկնածությունը քվեարկության դնելուց հրաժարված անձանցից: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո նախատեuվում է նշումի համար դատարկ քառանկյուն:

3. Եթե դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկված անձինք հինգ տարվա ընթացքում չեն նշանակվել, ապա թափուր տեղ առաջանալիս Արդարադատության խորհուրդը քվեարկության է դնում միայն այդ անձանց թեկնածությունները: Այլ թեկնածուներ չեն կարող քվեարկվել, քանի դեռ հինգ տարուց ավել դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման  բաժնում ընդգրկված անձինք չեն նշանակվել դատավորի պաշտոնում:

4. Թեկնածուի կողմից իր թեկնածությունը քվեարկության դնելուց 2-րդ անգամ հրաժարվելը հիմք է նրան համապատասխան մասնագիտացման  ցուցակից հանելու համար:

5. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր թափուր տեղի համար ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիu նշում է կատարվում տվյալ թափուր տեղի քվեաթերթիկում` համապատաuխան քառանկյան մեջ: Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում տվյալ թափուր տեղի համար առավել  ձայներ uտացած անձը: Ձայների հավաuարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավաuար ձայներ uտացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավաuարության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թեկնածուին:

6. Եթե Հանրապետության Նախագահը երկշաբաթյա ժամկետում, ներկայացված թեկնածուին չի նշանակում դատավորի պաշտոնում, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված, անձը հանվում է դատավորների թեկնածությունների ցուցակից, իսկ թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է սույն հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 123-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգրքի 129-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 129. Առաջին ատյանի մաuնագիտացված դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը

1. Առաջին ատյանի մաuնագիտացված դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիu դատավորի նշանակումը կատարվում է ընդհանուր իրավասության դատարանների դատավորների նշանակման համար սահմանված կարգով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 130-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13 . Օրենսգրքի 131-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14 . Օրենսգրքի 132-րդ հոդվածից հանել «129-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի» բառերը հանել:

Հոդված 15. Օրենսգրքի 133-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16 . Օրենսգրքի 134-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Օրենսգրքի 136-րդ հոդվածում  3-րդ մասից հանել «,ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ անձինք» բառերը:

Հոդված 18. Օրենսգրքի 137-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 1-ին կետում «աշխատած» բառը փոխարինել «աշխատող» բառով.
 
2. 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
 
3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի որեւէ մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց թիվը պակաս է հինգից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը Արդարադատության խորհրդի անունից դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի տվյալ մասնագիտացման բաժնի լրացման մասին:».

4. 7-րդ մասում առաջին նախադասությունում «6 թվի եւ առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում քվեարկության oրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը» բառերը փոխարինել «այդ բաժնի համար անհրաժեշտ թեկնածուների քանակին» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար  ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 5 տարի աշխատող կամ դատավորի պաշտոնում առնվազն տասը տարի աշխատող անձը, ով չունի կարգապահական տույժ:».

2. լրացնել նոր 1.1-րդ մաս հետեւյալ  բովանդակությամբ.

«1.1 Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը բաղկացած է հետեւյալ երկու բաժնից.
 
1) քրեական մասնագիտացում.
 
2) քաղաքացիական եւ վարչական մասնագիտացում:».

3. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի որեւէ մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց թիվը պակաս է հինգից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը Արդարադատության խորհրդի անունից դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն դատավորների առաջխաղացման ցուցակի տվյալ մասնագիտացման բաժնի լրացման մասին:».

4. 3-րդ մասում «ցուցակում ընդգրկվելու ցանկությամբ» բառերը փոխարինել  «ցուցակին համապատասխան` բաժնում ընդգրկվելու ցանկությամբ: Անձը կարող է դիմել միայն մեկ մասնագիտացմամբ բաժնում ընդգրկվելու համար» բառերով.

5. 6-րդ մասի առաջին նախադասությունում «ցուցակում ընդգրկվելու» բառերը փոխարինել «ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու» բառերով, «3 թվի եւ առաջխաղացման ցուցակում քվեարկության oրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը» բառերը փոխարինել «այդ բաժնի համար անհրաժեշտ թեկնածուների քանակին» բառերով, իսկ 4-րդ նախադասությունում «ցուցակում ընդգրկվելու» բառերը փոխարինել «ցուցակի համապատասխան
մասնագիտացման բաժնում ընդգրկվելու» բառերով.

6. 7-րդ մասում առաջին նախադասությունում «ցուցակում ընդգրկվելու» բառերը փոխարինել «ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկվելու» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ նախադասությունում «ցուցակում ընդգրկվելու» բառերը փոխարինել «ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկվելու» բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 140-րդ հոդվածում`

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից հանված դատավորը ցուցակում ընդգրկվելու համար կարող է դիմել ոչ շուտ, քան երկու տարի հետո:»:

Հոդված 22. Օրենսգրքի 142-րդ հոդվածում`
 
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկված դատավորի կողմից իր թեկնածությունը քվեարկության դնելուց հրաժարվելը հիմք է նրան համապատասխան մասնագիտացման  ցուցակից հանելու համար:».

2. 3-րդ եւ 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 23. Օրենսգրքի 143-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 24. Օրենսգրքի 144-րդ հոդվածում`

1. 1-ին մասից հանել «եւ uույն oրենuգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մաuով ինքնառաջադրված անձանց» բառերը, իսկ «համապատասխան» բառից հետո լրացնել «մասնագիտացման» բառը.

2. 2-րդ մասի 2-րդ նախադասությունից  հանել  «եւ uույն oրենuգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մաuով ինքնառաջադրված» բառերը, իսկ «համապատասխան» բառից հետո լրացնել «մասնագիտացման» բառը.

3. 4-րդ մասի 3-րդ նախադասությունից հանել «բացառությամբ uույն oրենuգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մաuով նախատեuված անձանց» բառերը, իսկ 5-րդ նախադասությունում «համապատասխան» բառից հետո լրացնել «մասնագիտացման» բառը.

4. 5-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «իuկ uույն oրենuգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մաuով նախատեuված անձանց կամ նշանակում է պաշտոնում, կամ մերժում է նշանակումը` առանց հանելու ծառայողական առաջխաղացման ցուցակից» բառերը, իսկ 2-րդ եւ 3-րդ նախադասություններում «համապատասխան» բառից հետո լրացնել «մասնագիտացման» բառը:

Հոդված 25. Օրենսգրքի 149-րդ հոդվածում`
 
1.  2-րդ մասի 2-րդ նախադասությունում «ցուցակում ընդգրկված» բառերը փոխարինել  «ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված» բառերով.

2. 4-րդ մասի առաջին նախադասությունում «ցուցակում ընդգրկված» բառերը փոխարինել «ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկված» բառերով, իսկ 4-րդ նախադասությունում «համապատասխան» բառից հետո լրացնել «մասնագիտացման» բառը.

3. 5-րդ մասի 2-րդ եւ 3-րդ նախադասություններում «ցուցակում» բառը փոխարինել «ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում » բառերով:

Հոդված 26 . Օրենսգրքի 150-րդ հոդվածի 3-րդ մասում «1-ին» բառը փոխարինել «2-րդ» բառով:

Հոդված 27 . Օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 28. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 29. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 30. Օրենսգրքի  182-րդ հոդվածի`
 
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատական դպրոցի ունկնդիր են համարվում սույն օրենսգրքի 117-րդ հոդվածին համապատասխան` դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք:».

2. 2-րդ մասում «կրթաթոշակ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց» բառերը.

3. լրացնել նոր 3-րդ մաս հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ուսման ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող դատական դպրոցի ունկնդիրները դրա կապակցությամբ ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունների կատարումից` աշխատավարձի եւ այլ հավելավճարների իրավունքի պահպանմամբ:».

4. լրացնել նոր 4-րդ մաս հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ուսման ընթացքում դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն Արդարադատության խորհրդի կողմից քվեարկության չի կարող դրվել:»:

Հոդված 31. Օրենսգրքի 183-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 32. Օրենսգրքի  186-րդ հոդվածում`

1. 1-ին մասից հանել «,գործունակ» բառը.

2. լրացնել 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«3. Ուսուցումը Դատական դպրոցում մեկ տարի է, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Եթե դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված թեկնածուն առնվազն 5 տարի աշխատել է դատախազի պաշտոնում, ապա նրա ուսուցումը Դատական դպրոցում վեց ամիս է:

3. Ուսուցումը Դատական դպրոցում Արդարադատության խորհրդի  որոշմամբ կարող է լինել վեց ամիս հետեւյալ դեպքերում, եթե`

1)  դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված թեկնածուն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

2) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված թեկնածուն իրավաբանական գիտությունների թեկնածու է կամ,

3) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված տվյալ թեկնածուի համար վեցամսյա ուսուցումը բավարար է  դատավորի համար անհրաժեշտ պրակտիկ հմտություններ ձեռք բերելու համար:
 
4. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերում ուսուցումը կազմակերպվում է միայն փորձաշրջանով:»:

Հոդված 33. Օրենսգրքի 187-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 34 .  Օրենսգրքի 190-րդ հոդվածի`
 
1.   2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ունկնդիրը պետք է փորձաշրջան անցնի առաջին ատյանի համապատասխան մասնագիտացում ունեցող  դատավորի մոտ:».

2. 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 35.   Օրենսգրքի 192-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն օրենսգրքի 186-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում դպրոցի կառավարման խորհուրդը փորձաշրջանի բոլոր փուլերը դրական գնահատված ունկնդրին հայտարարում է Դատական դպրոցն ավարտած:»:

Հոդված 36 . Անցումային դրույթներ
 
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում վճռաբեկ դատարանի նախագահը դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` որակավորման ստուգումներ անցկացնելու մասին:
 
Որակավորման ստուգումները, ինչպես նաեւ արդարադատության խորհրդի կողմից թեկնածությունների ուսումնասիրությունը եւ քվեարկությունը իրականացվում են սույն օրենքով սահմանված կարգով:
 
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք դիմում են ներկայացնում Արդարադատության խորհրդին դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկվելու վերաբերյալ, իսկ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձինք` վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկվելու վերաբերյալ:
 
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած անձինք եւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձինք ընդգրկվում են դատավորների թեկնածությունների ցուցակում`  ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների:
 
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումների ներկայացման վերջանաժամկետը լրանալուց հետո` 5-օրյա ժամկետում, վճռաբեկ դատարանի նախագահը Արդարադատության խորհրդի անունից դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի տվյալ մասնագիտացման բաժնի լրացման մասին: Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական դատավորների առաջխաղացման ցուցակի տվյալ մասնագիտացման բաժնի լրացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով քվեարկության արդյունքներով անցած անձինք եւ սույն հոդվածի 3-րդ մասով վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձինք ընդգրկվում են վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում`  ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների:

7. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը եւ  դատավորների թեկնածությունների ցուցակը Արդարադատության խորհրդի կողմից կազմվելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է ՀՀ Նախագահի հաստատմանը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրի 1.1 կետը, որով նախատեսվում է դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգի կատարելագործում արդարադատության խորհրդի գործունեության սկզբունքների, ինչպես նաեւ պիտանիության ու առաջխաղացման ցուցակների ձեւավորման ընթացակարգերի վերանայմամբ: Միժամանակ, նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությանը:

Նախագծի ընդունմամբ կլուծվի պրակտիկայում առաջացող մի շարք խնդիրներ, որոնք էլ հաշվի են առնվել ՀՀ Նախագահի 2009 թվականի ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրության 1.1 կետը նախատեսելու համար: Մասնավորապես` նախագծի ընդունման պարագայում.

1. Նախագծի 2-րդ հոդվածով դատավորների որակավորմանը մասնակցող անձանց համար ի թիվս այլ պահանջների, ավելացվել է նաեւ 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը: Այս դրույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ մասնագիտական պարտականությունները պատշաճ եւ արդյունավետ իրակացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ապագա դատավորները օժտված լինեն մասնագիտական աշխատանքի արդյունքում ձեռք բերված ունակություններով եւ հմտություններով: Արդյունքում հանվել է նաեւ տարիքային ցենզը, քանզի ՀՀ Սահմանադրությամբ նման պահանջ չկա եւ բացի այդ, ըստ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի, կարող են  պաշտոնավարել մինչեւ 65 տարին լրանալը:

Այսինքն` նշված նորմը նպատակ է հետապնդում առավելագույնս որակյալ կադրերով համալրել դատական համակարգը, բարձրացնել դատարանի դերը եւ նշանակությունը, ապահովել առավել որակյալ դատական ակտերի կայացումը: Բնականաբար, նվազագույն մասնագիտական ստաժն ինքնին չի համարվում սպառիչ փաստարկ, սակայն մի շարք այլ գործոնների համակարգում այն առավել ազդեցիկ է արդյունավետ:

2. Նախագծով հստակեցվում է Արդարադատության խորհրդում քվեարկության կարգը: Նման փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ գործող կարգը պարունակում է մի շարք թերություններ, որոնք այսօր գործնական լուրջ դժվարություններ են առաջացնում: Անհրաժեշտ է սահմանել ԱԽ-ում քվեարկության միասնական կարգ, սահմանելով ձայների կոնկրետ քանակ, որը պայմանավորված է մասնակիցների քանակով: Բացի այդ, քվեարկության առաջադրվող կարգը նպաստում է այնպիսի իրավաչափ ու տրամաբանական իրավիճակի ձեւավորմանը, երբ ցուցակում ներառվում են անհրաժեշտ քանակի թեկնածուներ, ինչի արդյունքում յուրաքանչյուր թեկնածու ստանում է դատավորի պաշտոնում առաջադրվելու իրական երաշխիք: Կարծում ենք, անհանդուրժելի է, երբ թեկնածուն ներգրավվում է ցուցակում, բայց այդպես էլ չի ստանում առաջադրվելու որեւէ իրական հնարավորություն: Այս իրավիճակի անիրավաչափությանն անդրադարձել են նաեւ միջազգային փորձագետները:

3. Ներկայումս գործում է դատավորների թեկնածուների եւ վերաքննիչ դատարանի դատավորների առաջխաղացման մեկ միասնական ցուցակ` առանց մասնագիտացումների: Մինչդեռ ի կատարումն ՀՀ նախագահի 2009 թվականի ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրի 3.3 կետի` առաջին ատյանի դատավորները ունեն հստակ մասնագիտացումներ: Ստացվում է, որ օրինակ` դատավորների թեկնածուների ցուցակ ընդգրկված քրեական մասնագիտացում ունեցող դատախազը կարող է նշանակվել որպես քաղաքացիական գործեր քննող դատավոր, կամ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում կնշանակվի որպես քաղաքացիական գործեր քննող դատավոր: Նման ռիսկերը բացառելու համար անհրաժեշտ է ապահովվել դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ցուցակների հստակ մասնագիտացումը, որն էլ իր հերթին կնպաստի դատարանների դերի բարձրացմանը: Մասնագիտացման անհրաժեշտությունը բազմիցս իր արտացոլումն է ստացել նաեւ խնդրին առնչվող միջազգային փաստաթղթերում: Այսպիսով, առաջարկվող իրավակարգավորումը սպառիչ լուծում է տալիս այդ ոլորտում խիստ հրատապ դարձած խնդրին:

4. ՀՀ սահմանադրության 14.1 հոդվածի համաձայն` բոլորը հավասար են օրենքի առաջ:

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Նախագծում առաջարկված կարգավորմամբ միասնական կարգ է սահմանվում իրավաբանական կրթություն ունեցող այն անձանց համար, որոնք իրականացնում են իրավաբանական մասնագիտական աշխատանք, իրենց ունակություններով, մասնագիտական հմտություններով կարող են ապահովել դատավորներին ներկայացվող պահանջները:

Որեւէ խումբ անձնաց համար արտոնյալ կարգավիճակ նախատեսելը արդարացված չէ, քանի որ դատավոր դառնալը հասանելի է դառնում միայն որոշակի կարգավիճակ ունեցող անձանց, մինչդեռ անհրաժեշտ հատկանիշներ կարող են ունենալ այդ խմբին չպատկանող անձինք եւս:

Մասնավորապես, որեւէ կերպ չէր կարող հիմնավորված համարվել այն իրավակարգավորումը, որի դեպքում անհարկի նախապատվություն է տրվում դատախազներին, քննիչներին կամ փաստաբաններին: Բնականաբար, սույն օրինագծում չի ժխտվում այդ անձանց մասնագիտական ունակությունների հարցին համաչափ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, պարզապես առաջարկվում է այնպիսի ընթացակարգ, որը կբացառի որեւէ խտրականություն եւ հիմքեր կստեղծի, որպեսզի դատավորներ դառնան, նախ եւ առաջ, մասնագիտական բարձր ունակություններ ունեցող անձինք: Ինչ վերաբերում է համապատասխան մասնագիտական փորձին, ապա այն հաշվի է առնվում հետագա ուսուցման եղանակներն ընտրելիս: Ընդ որում, նախապատվությունը տրվում է ոչ միայն հիշյալ մասնագիտությունների տեր անձանց, այլեւ հնարավորություն է տրվում Արդարադատության խորհրդին, որպեսզի վերջինս եւս կարողանա համարժեք հիմքերի առկայության դեպքում, նախատեսի ուսուցման առավել կարճաժամկետ ծրագրեր: Օրինակ, եթե Արդարադատության խորհուրդը համոզվում է, որ իրավաբանի մասնագիտությամբ աշխատած անձը ակնհայտ օժտված է անհրաժեշտ տեսական ու գործնական ունակություններով, ապա կարող է վերջինիս համար սահմանել ոչ թե ուսուցման, այլ` փորձաշրջանի ծրագիր:

5. Հստակեցվել է դատավորների թեկնածությունների եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվող անձանց նշանակման կարգը: Դատավորների նշանակումը ըստ ցուցակում ընդգրկված հերթականությամբ բխում է ցուցակում ընդգրկված անձանց շահերից: Ինչպես արդեն նշվեց, առկա կարգավորմամբ ցուցակում ընդգրկված թեկնածուն կարող է տարիներ շարունակ չնշանակվել դատավորի պաշտոնում, մինչդեռ Նախագծով սահմանվել է այլ կարգավորում համաձայն որի` այլ թեկնածուներ չեն կարող քվեարկվել, քանի դեռ 5 տարուց ավել դատավորների թեկնածության ցուցակում ընդգրկված անձինք չեն նշանակվել դատավորի պաշտոնում:

Ընդ որում, նախագծով կրճատված կամ ռեզերվում գտնվող դատավորին դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տվյալ պաշտոնում առաջնահերթ նշանակվելու իրավունք է վերապահվել:

Նույն նպատակին է ուղղված նաեւ թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանց առավելագույն թվի նախատեսումը, որը հնարավորություն է տալիս ցուցակ ընդգրկված անձանց տեսանելի ապագայում նշանակվել դատավորի պաշտոնում:

Այսպիսով, սույն օրենսդրական նածաձեռնության շնորհիվ լուծվում են դատական համակարգում հակակոռուպցիոն ողղվածություն ունեցող մի շարք խնդիրներ, բարձրացվում են դատավորի թեկնածուների համար նախատեսված պահանջները, կանխատեսելի է դառնում ինչպես պիտանիության ցուցակների կազման, այնպես էլ դատավորների նշանակման գործընթացները, վերացվում են որոշակի կատեգորիայի պատկանող անձանց համար նախատեսված այնպիսի արտոնությունները, որոնց արդյունքում փաստորեն իրավաբանի անյլ մասնագիտությամբ զբաղված անձինք փաստորեն զրկվում էին դատավոր դառնալու հնարավորությունից:

Հավելենք նաեւ, որ սույն օրինագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Նախագծի այլ հոդվածներւմ կատարված փոփոխություններն ու լրացումները տեխնիկական  բնույթ են կրում եւ նպատակ են հետապնդում ապահովել համապատասխանությունը` Նախագծում հայեցակարգային  փոփոխություններն ու լրացումներ կատարված այլ հոդվածների  հետ: