Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-893-03.05.2010,13.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում ավելացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«դրոշմապիտակ` սահմանված չափեր, ձեւ եւ կեղծումից պաշտպանվածության որոշակի աստիճան ունեցող ինքնասոսնձվող դրոշմանիշը, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան եւ հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրանով դրոշմավորված ապրանք արտադրողին կամ ներմուծողին:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ, 9.2-րդ, 9.3-րդ, 9.4-րդ, 9.5-րդ եւ 9.6-րդ հոդվածներով.

«Հոդված 9.1. Ապրանքների եւ թատերական, մարզական ու զվարճանքի միջոցառումների տոմսերի դրոշմավորումը

1. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ենթակա (օտարվող)` սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները եւ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող թատերական, մարզական (սպորտային) եւ (կամ) զվարճանքի (այդ թվում` երաժշտական) միջոցառումների տոմսերը, հրավիրատոմսերը:

2. Եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ, դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով պարտադիր դրոշմավարման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները (անկախ կազմակերպա-իրավական ձեւից եւ կարգավիճակից) ու անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք), Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք, ինչպես նաեւ թատերական, մարզական (սպորտային) եւ (կամ) զվարճանքի (այդ թվում` երաժշտական) միջոցառումների կազմակերպիչ հանդիսացող անձինք:

3.Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն օրենքով սահմանված տոների ու հիշատակի օրերի կապակցությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվող օրերին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպվող համերգների (հիշատակի արարողությունների) տոմսերը եւ հրավիրատոմսերը, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային եւ քանակական չափերը  չգերազանցող սույն օրենքի 9.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկում ներառված ապրանքները:

Հոդված 9.2. Դրոշմավորման ենթակա ապրանքները եւ թատերական, մարզական ու զվարճանքի միջոցառումների տոմսերը

1.Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ներքոհիշյալ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է:
 
Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի
Ապրանքախմբի անվանումը
Ապրանքախմբի համառոտ անվանումը
1602-1605
ապրանքային դիրքերին դասվող պահածոյացված կենդանական արտադրանք (միս, ձուկ, խավիար եւ խեցգետնակերպեր)
կենդանական պահածո
2009
մրգահյութեր եւ բանջարեղենի հյութեր, չխմորված եւ սպիրտ չավելացված
մրգահյութ
2201
ջրեր` ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված, առանց շաքար կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելումով
ջուր
2202
ջրեր` ներառյալ հանքային եւ գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելումով եւ այլ ոչ ալկոհոլային խմիչքներ
Ջուր
2203
Գարեջուր
գարեջուր
2208
ապրանքային դիրքին դասվող` մինչեւ 9 % սպիրտայնությամբ խմիչքներ, ներառյալ` ալկոհոլային կոկտեյլներ
կոկտեյլ
0901
փաթեթավորված սուրճի բոլոր տեսակներ
սուրճ
0902
Փաթեթավորված թեյի բոլոր տեսակներ
թեյ

2. Դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող թատերական, մարզական (սպորտային) եւ (կամ) զվարճանքի (այդ թվում` երաժշտական) միջոցառումների տոմսերի եւ հավիրատոմսերի վրա (համառոտ անվանումը` տոմս), բացառությամբ` սույն օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 9.3. Դրոշմապիտակների ձեռք բերման կարգը

1.Դրոշմապիտակները ձեռք են բերվում դրանց արժեքը պետական բյուջե վճարելու պայմաններում:

2. Դրոշմապիտակները տրամադրվում են տարածքային հարկային մարմնի կողմից` դրոշմապիտակի ձեռք բերման հայտերի (այսուհետ` հայտ) հիման վրա:

Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած անձի լիազորած անձին` անձնագիրը եւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Դրոշմապիտակների ստացումը հաստատվում է անդորրագրով:

3. Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար անձինք հարկային մարմին են ներկայացնում.

1) դրոշմապիտակների ձեռք բերման հայտ,

2) դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հաuտատող փաuտաթղթի պատճենը,

3) հաշվետվություն` նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների oգտագործման մաuին, բացառությամբ առաջին անգամ դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքերի:

4) տեղեկանք հայտարկված ապրանքատեսակների անվանումների, մակնիշների, տարայի (տուփի, փաթեթավորման) չափի մասին, վերջինիս կցելով նաեւ հիշյալ անվանումների` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանի օգտագործման կամ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը:

4. Սույն հոդվածով նախատեսված հայտի եւ հաշվետվության ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դրոշմապիտակները տրամադրվում են 10-օրյա ժամկետում:

6. Հարկային մարմինը յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի համար վարում է դրոշմապիտակների շարժի (տրամադրման եւ ընդունման) հաշվառման քարտեր` ըստ դրոշմանիշերի սերիաների եւ թվի` հարկային մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել դրոշմապիտակների ձեռք բերման կարգ:

Հոդված 9.4. Դրոշմապիտակներով դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները

1. Դրոշմապիտակի դարձերեսը պետք է ծածկված լինի փակցնելուց հետո այն անվնաս պոկելու հնարավորությունը բացառող սոսնձով:

2. Դրոշմապիտակները կարող են փակցվել ավտոմատ կամ մեխանիկական համակարգերի կիրառության միջոցով կամ ձեռքով:

3. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված եւ ամբողջական դրոշմապիտակ:

4. Դրոշմապիտակները փակցվում են տարայի (տուփի, փաթեթավորման) կամ տոմսի այնպիսի հատվածում, որի նյութը ապահովում է դրոշմապիտակի հուսալի փակցնումը: Կափարիչով (խցանով) տարայի դեպքում դրոշմապիտակը փակցվում է կափարիչի (խցանի) վրա, իսկ տուփով տարայի դեպքում` տուփի վրա:

5. Նախորդ նմուշի դրոշմապիտակը կիրառությունից հանելու կապակցությամբ վերադրոշմավորման անհրաժեշտության դեպքում նոր նմուշի դրոշմանիշը փակցվում է տարայի (տուփի, փաթեթավորման) կամ կափարիչի (խցանի) այն հատվածում, որտեղ դրոշմապիտակ փակցված չէ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգ:

Հոդված 9.5. Դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների եւ արժեքի (գնի) սահմանումը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելը եւ կիրառությունից հանելը

1. Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձեւը, գույնը, նշանակվածությունը` ըստ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքի տարողության) եւ տեխնիկական պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Յուրաքանչյուր օրացուցային տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը (գինը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով դրանց արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Դրոշմապիտակների արժեքը (գինը) յուրաքանչյուր տարվա համար սահմանվում է առնվազն դրա սկզբից մեկ ամիս առաջ: Մինչեւ սույն մասով սահմանված ժամկետը արժեք (գին) չսահմանվելու դեպքում տվյալ օրացուցային տարում կիրառվում է դրոշմապիտակների նախորդ տարվա արժեքը:

3.Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում եւ կիրառությունից հանվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Կիրառությունից հանված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների օտարումը թույլատրելի լինելու ժամկետից հետո կարող է իրականացվել անմիջական արտադրողի կամ անմիջական ներմուծողի կողմից ապրանքների` նոր նմուշի դրոշմապիտակներով դրոշմավորված (հերթական թվով նմուշի դրոշմապիտակով վերադրոշմավորված) լինելու դեպքում:

Հոդված 9.6. Ձեռք բերված եւ չօգտագործված (այդ թվում` վնասված) դրոշմապիտակների վերադարձը

1. Օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է շահութահարկի կամ եկամտահարկի գծով առաջացող հարկային պարտավորություններից նվազեցման ենթակա գումար:

2. Ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային մարմնին` համապատասխան արտադրությունը կամ ներմուծումը դադարեցնելու ամսվանը հաջորդող եռամսյա ժամկետում:

3. Տվյալ նմուշի չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են կիրառությունից հանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող եռամսյա ժամկետում:

4. Փակցնելու ընթացքում վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով եւ դեպքերում վերադարձվում են հարկային մարմնին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչեւ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

5. Չօգտագործված կամ վնաuված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու կամ uույն հոդվածի 8-րդ մաuում uահմանած դեպքերում տարածքային հարկային տեuչությունների կամ տարածաշրջանային մաքսատների կողմից հետ չընդունվելու դեպքերում հաշվարկվում են հարկային պարտավորություններ` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված` պիտանելիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների գծով հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե համապատասխան հաշվարկային եւ այլ փաստաթղթերով հիմնավորվում է, որ տվյալ ապրանքները պիտանելիության (պահպանման) ժամկետի ընթացքում չեն իրացվել եւ այդ ժամկետի ավարտից հետո դուրս են բերվել շրջանառությունից:

Սույն մասով սահմանված դեպքերում ապրանքները շրջանառությունից դուրս բերելու, դրանց վրա փակցված դրոշմապիտակները հաշվառելու, վերադարձնելու, ինչպես նաեւ այդ գործընթացի փաստաթղթավորումն իրականացնելու կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Չoգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները տարածքային հարկային մարմին են ներկայացնում`

ա. դիմում` դրոշմապիտակների վերադարձման համար` առանձին նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները,

բ. դրոշմապիտակների ստացման անդորրագրի պատճենը:

Տարածքային հարկային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մասին դիմումն ստանալուց հետո 7 աշխատանքային oրվա ընթացքում ստուգում է դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին եւ ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Դրական որոշման դեպքում դրոշմապիտակների համար վճարված գումարը համարվում է պետական բյուջե վճարվելիք շահութահարկի (եկամտահարկի) գումարից նվազեցման ենթակա գումար եւ ենթակա է այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:

8. Հարկ վճարողի կողմից վերադարձվող դրոշմապիտակները տարածքային հարկային տեuչությունների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետեւյալ պայմանները`

1) դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի եւ անհարթությունների.

2) պետք է պարզ երեւա դրոշմապիտակի uերիան եւ դրա կենտրոնական մաuը.

3) դրոշմապիտակները պատռվածքի դեպքում պատռված մաuերը պետք է միացված լինեն.

4) վերադարձվող յուրաքանչյուր դրոշմապիտակների մակերեuը (այդ թվում` հավաքված առանձին մաuերից) պետք է կազմի իր uկզբնական չափի առնվազն 60 տոկոuը:

9. Արգելվում է դրոշմապիտակների oտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ, «Ժամանակավոր արտահանում» մաքuային ռեժիմով արտահանված դրոշմապիտակները oտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

10. Դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա` ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կարող է կատարվել նախքան այդ ապրանքները Հայաuտանի Հանրապետության մաքuային տարածք ներմուծելը, մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում (համապատասխան թույլտվության դեպքում` մաքսատան, կամ մաքսակետի տարածքում կամ մաքսային պահեստում): Ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կարող է իրականացվել նաեւ ներմուծողի ընտրած տարածքում` բայց ոչ ուշ մինչեւ դրանց օտարումը: Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորումը իրականացվում է արտադրողի ընտրած տարածքում:

11. Դրոշմապիտակները կարող են տրամադրվել միայն Հայաuտանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Սույն օրենքի 9.1-9.6-րդ հոդվածներով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները:

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների` դրոշմապիտակներով դրոշմավորման կարգի կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, իսկ դրոշմապիտակների տպագրությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:»:

Հոդված 4. Օրենքի 17.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 17-րդ կետով.

«17. Սույն օրենքի 9.1-9.6-րդ հոդվածները կիրառող մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:»:

Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Սույն օրենքի 9.1-9.6-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներմուծված կամ արտադրված` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների նկատմամբ:»:
 

Հիմնավորում

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը բխում է տնտեսության մեջ որոշ ապրանքների շրջանառության իրական ծավալներն արձանագրելու եւ դրանով իսկ հարկումից խուսափելու հնարավորությունները սահմանափակելու քաղաքականությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով հաշվառման համակարգ կիրառվում է միայն ենթաակցիզային ապրանքների նկատմամբ, մինչդեռ ինչպես վկայում է միջազգային առաջավոր փորձը, հաշվառման համակարգ կիրառվում է նաեւ լայն սպառման համար նախատեսված որոշ ապրանքների համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս բացակայում են օրենսդրորեն ամրագրված այնպիսի վարչարարական լծակները, որոնք թույլ կտան վերահսկել այդ ապրանքների շրջանառության իրական ծավալները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը բխում է հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման քաղաքականությունից:

Նախագծով առաջարկվում է ներդրնել որոշ ապրանքների հաշվառման այնպիսի համակարգ, որը կբարձրացնի տվյալ ապրանքների հաշվառման նկատմամբ կիրառվող հարկային վարչարարության արդյունավետությունը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծերի փաթեթի կարգավորման նպատակը հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակումն է: Նախագծերի ընդունումը հնարավորություն կընձեռի հասնելու դրա կարգավորման նպատակին, քանի որ նախագծերով նախատեսվում է կիրառել հարկումից խուսափելու դեմ պայքարի նոր գործիքներ` դրանով իսկ սահմանափակելով հարկումից խուսափելու հնարավորությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Նախագծի մշակմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան մասնագետները:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ որոշ ապրանքների հաշվառման համակարգի ներդրումը կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը, որն էլ իր հերթին թույլ կտա ստեղծել լրացուցիչ պայմաններ պետական եկամուտներ հավաքագրելու, երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ ապրանքների կեղծումներից սպառողների շահերը պաշտպանելու նպատակով: