Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-188-09.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության (այսուհետ՝ տրանսպորտային տեսչություն) գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմնադրույթները, կարգավորում է փոխադրումների մասնակիցների հետ տրանսպորտային տեսչության հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է փոխադրումների (բացառությամբ՝ օդային) մասնակից (այդ թվում` միջազգային) բոլոր իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վրա:

2.Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանությաննախարարության,Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կողմից եւ նրանց պատվերով, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների ժամանակ, անձնական եւ ծառայողոկան օգտագործման նպատակներով, միջազգային կազմակերպությունների եւ ներկայացուցչությունների կողմից իրականացվող փոխադրումների վրա, օրենքով սահմանված այլ դեպքերում:

Հոդված 3. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

Փոխադրումների մասնակից – ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ իրականացնող, փոխադրումների կազմակերպման գործընթացի եւփոխադրումների անվտանգության ապահովման հետ կապված սպասարկման ծառայություններ մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,

գծային վերահսկողություն – ավտոմոբիլային ճանապարհների վրա` փոխադրումների մասնակիցների կողմից ավտո տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման խախտումներն հայտնաբերելու նպատակով իրականացվող միջոցառում,

Հոդված 4. Տրանսպորտային տեսչությունը

Տրանսպորտային տեսչությունը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը գործում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կազմում:

Հոդված 5. Տրանսպորտային տեսչության մասին օրենսդրությունը

Տրանսպորտային տեսչության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, տրանսպորտային տեսչության կանոնադրությունից եւ իրավական այլ ակտերից:

Հոդված 6. Տրանսպորտային տեսչության գործառույթները

1. Տրանսպորտային տեսչությունն իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում`

ա) տրանսպորտային օրենսդրության պահանջների,

բ) փոխադրումների լիցենզիաների, սերտիֆիկատների եւ միջազգային թույլտվություններիգործողության պահանջների,

գ) ինքնագնաց ճանապարհա-շինարարական մեքենաների եւ մեխանիզմների գրանցման եւ հաշվառման կարգի, կատարման նկատմամբ:

2. Տրանսպորտային տեսչությունն իրականացնում է `

ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտում առաջացած ճանապարհա-տրանսպորտային պատահարների, դրանց առաջացման պատճառների վերլուծություն, ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ,

բ) ինքնագնաց ճանապարհա-շինարարական մեքենաների եւ մեխանիզմների հաշվառում եւ գրանցում:

Հոդված 7. Տրանսպորտային տեսչության գործունեության սկզբունքները

Տրանսպորտային տեսչության գործունեությունը հիմնվում է օրինականության, փոխադրումների մասնակիցների օրինական շահերի պաշտպանության սկզբունքների վրա:

Տրանսպորտային տեսչությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

ԳԼՈՒԽ 2

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 8. Վերահսկողության կազմակերպման կարգը

Տրանսպորտային տեսչության կողմից վերահսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հոդված 9. Գծային վերահսկողության կազմակերպման կարգը

1. Գծային վերահսկողության կազմակերպումն իրականացվում է տրանսպորտային տեսչության հատուկ տարբերանշաններով կահավորված ավտոտրանսպորտային միջոցով, տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից սահմանված ձեւի համազգեստի եւ տեխնիկական միջոցների կրմամբ ու հանձնարարագրի եւ ծառայողական վկայականների ներկայացմամբ:

2. Գծային վերահսկողություն իրականացնելիս վերահսկող խմբին պատկանող ավտոտրանսպորտային միջոցը պետք է գտնվի ճանապարհային երթեւեկությանը չխոչընդոտող հատվածում (ճամփեզրին, ճանապարհային գրպանիկում եւ այլն):

Գծային վերահսկողության ընթացքում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կանգնեցումը պետք է իրականացվի մականի (նմանատիպ նշանակության այլ տեխնիկական միջոցի, երեկոյան եւ գիշերային ժամերին` լուսավորող սարքերի եւ այլն) միջոցով` ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին համաձայն:

3. Գծային վերահսկողություն իրականացնելու ընթացքում` առանձնապես դեպի օդանավակայաններ, երկաթուղային ուղեւորատար կայարաններ, ավտոկայարաններ հետեւող ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների կանգնեցումը եւ վերահսկողության անցկացումը չպետք է խոչընդոտի եւ անհարմարություն պատճառի փոխադրումների մասնակիցներին (ավտոտրանսպորտային միջոցի` չվացուցակից եւ ուղեւորների` ուղերթից ուշացում, այլ հանգամանքներ):

Հոդված 10.Գծային վերահսկողության գործողության ոլորտը

1. Գծային վերահսկողության ոլորտն ընդգրկում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող ուղեւորափոխադրումների հետ կապված տրանսպորտային օրենսդրության, ինչպես նաեւ ինքնագնաց ճանապարհաշինարարական ու այլ մեքենաների տեխնիկական շահագործման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը:

2. Գծային վերահսկողության ընթացքում ընդհանուր ստուգման ենթակա են`

ա) ավտոտրանսպորտային միջոցը վարելու (վարորդական) իրավունքի վկայականը,

բ) ավտոտրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերը,

գ) տվյալ ավտոտրանսպորտային միջոցով եւ տվյալ փոխադրումն իրականացնելու իրավունքի փաստաթղթերը (լիցենզիա, լիազորագիր, սերտիֆիկատ եւ այլն),

դ) ավտոտրանսպորտային միջոցի օրենքով սահմանված կահավորման պահանջներին համապատասխանությունը, փոխադրումների անվտանգության հետ կապված վերասարքավորման եւ կառուցվածքային վերակահավորման դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթը,

ե) ավտոտրանսպորտային միջոցի նստատեղերի թվի համապատասխանությունը արտադրող գործարանի կողմից սահմանված նստատեղերի թվին:

3. Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու դեպքում` բացի սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերից ստուգման ենթակա են`

ա) ավտոկայարանային ծառայության կողմից երթուղու սպասարկման համար տրված ուղեգիրը եւ տոմսահաշվառման թերթիկները,

բ) երթուղու չվացուցակի եւ գծակարգի պահանջների կատարումը,

գ) ավտոտրանսպորտային միջոցի համար փոխադրողի կողմից տրված ուղեգիրը,

դ) ավտոտրանսպորտային միջոցի փաստացի բեռնվածության համապատասխանու-թյունը արտադրող գործարանի կողմից սահմանված նորմաներին,

ե) ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր փոխադրումներին ներկայացվող օրենքով սահմանված այլ պահանջների կատարումը:

4. Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու դեպքում` բացի սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերից ստուգման ենթակա են`

ա) պատվերի (փոխադրման) ձեւակերպման փաստաթղթերը,

բ) փոխադրվող ուղեւորների թվի համապատասխանությունը պատվերի ձեւակերպման փաստաթղթերին,

գ) ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր փոխադրումներին ներկայացվող օրենքով սահմանված այլ պահանջների կատարումը:

5. Տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելու դեպքում` բացի սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերից ստուգման ենթակա են տաքսամոտորային փոխադրումներին ներկայացվող օրենքով սահմանված պահանջների կատարումը:

6. Ներհանրապետական բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում` բացի սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերից ստուգման ենթակա են`

ա) տրանսպորտային բեռնագիրը կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթուղթը,

բ) վտանգավոր բեռների (հեղուկ գազ, ամոնյակ, թթուներ եւ այլն) փոխադրման դեպքում` փոխադրման եւ ավտովարորդի այդպիսի փոխադրում իրականացնելու միջազգային կոնվենցիայով սահմանված հատուկ իրավունքի թույլտվությունները,

գ) պատվերի (փոխադրման) ձեւակերպման փաստաթղթերը,

7. Միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ գծային վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան:

Միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը սահմանային անցման կետերում իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի եւ մաքսային մարմինների հետ համատեղ:

Հոդված 11. Ստուգումների գործողության ոլորտը

1. Ստուգումների միջոցով վերահսկողությունն իրականացվում է կանոնավոր ուղեւորափոխադրումներ եւ տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող, ինչպես նաեւ այդ փոխադրումները սպասարկող կազմակերպություններում:

2. Փոխադրումներն իրականացնող կազմակերպություններում ստուգման ենթակա են`

ա) սկզբնական հաշվառման փաստաթղթերի վարմանը,

բ) ավտովարորդների, մեքենավարների առողջական վիճակի եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի զննումների անցկացմանը,

գ) ավտովարորդների, մեքենավարների աշխատանքի եւ հանգստի ռեժիմին,

դ) շարժակազմի տեխնիկական շահագործմանը,

ինչես նաեւ փոխադրումների կազմակերպմանը, իրականացմանը եւ անվտանգությանը ներկայացվողօրենքով սահմանված այլ պահանջների կատարումը:

3. Փոխադրումներն սպասարկող կազմակերպություններում ստուգման ենթակա են`

ա) ուղեւորների տոմսավորմանը, սպասարկմանը, նստեցման-իջեցմանը եւ ուղեբեռի ձեւակերպմանն ու պահպանմանը,

բ) տոմսահաշվառման փաստաթղթերի վարմանը,

գ) ուղեւորների, ավտովարորդների եւ մեքենավարների հանգստի եւ աշխատանքի ռեժիմին,

դ) երթերի հաշվառմանը եւ չվացուցակներին,

ինչպես նաեւ փոխադրումների սպասարկման կազմակերպմանը ներկայացվող օրենքով սահմանված այլ պահանջների կատարումը:

Հոդված 12. Վերահսկողության արդյունքների ամփոփումը

1. Վերահսկողության արդյունքների ամփոփումը կատարվում է տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից կազմված արձանագրությամբ, որը խիստ հաշվառման փաստաթուղթ է:Արձանագրության բլանկը պետք է ունենա պաշտպանական հատկություններ, բացառի այլ եղանակներով կրկնօրինակումը` համարակալվում է վեցանիշ արաբական թվանշաններով:

2. Արձանագրության ձեւը հաստատում է լիազորված մարմինը: Արձանագրությունը հաշվառվում է հատուկ մատյանում: Գծային վերահսկողության արդյունքներով կազմված արձանագրությունների պահպանման ժամկետը սահմանվում է երեք տարի, ստուգումներով կազմվածը` հաշվետու տարվա ժամկետով, ստուգումների շարունակական հսկողության անհրաժեշտության դեպքում` մինչեւ դրանց ավարտը:

ԳԼՈՒԽ 3

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13.Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց իրավունքները

Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձն իրավունք ունի՝

ա) իր իրավասությունների սահմաններում օրենքովնախատեսված դեպքերում եւ կարգով կիրառել վարչական ներգործության միջոցներ,

բ) իր իրավասությունների սահմաններում տալ պարտադիր կատարման համար ցուցումներ` բացահայտված խախտումների վերաբերյալ,

գ) վերադասության կարգով ներկայացնել առաջարկություններ հայտնաբերված խախտումների եւ թերությունների վերաբերյալ,

գ) իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ,

ե) փոխադրումների մասնակիցներից պահանջել իր գործունեության ապահովման հետ կապված անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ եւ պարզաբանումներ,

զ) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, օրենքով սահմանված կարգով կատարել վարչական իրավախախտումների գործերով վարույթ:

Հոդված14.Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց պարտականությունները

1. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձը պարտավոր է՝

ա) իր գործունեության ընթացքում չխոչընդոտել փոխադրումների մասնակիցների բնականոն գործունեությանը,

բ) փոխադրումների մասնակիցների մասին ստացված տվյալներն ու տեղեկություններն օգտագործել միայն ծառայողական նպատակներով՝ պահպանելով առեւտրային, պետական, ծառայողական եւ օրենքով պաշտպանված այլ գաղտնիքը,

գ) փոխադրումների մասնակիցների իրավունքների սահմանափակման գործողությունների դեպքերում հնարավորություն ընձեռել նրանց` օրենքով սահմանված կարգով ծանոթանալու գործին առնչվող փաստաթղթերին եւ նյութերին,

դ) վերահսկողություն իրականացնելիս թույլ չտալ իրավասությունների վերազանցում:

2. Գծային վերահսկողության իրականացման ընթացքում հայտնաբերված հետեւյալ դեպքերում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների գերբեռնվածության դեպքում` բացի խախտման փաստն արձանագրելուց ավտոտրանսպորտային միջոցը բեռնաթափել մինչեւ տեղատարողության թույլատրելի սահմանը, փոխադրողի հաշվին ապահովել իջեցված ուղեւորների մինչեւ նշանակման վայր ուղարկումը, անհնարինության դեպքում դիմել պետավտոտեսչության մոտակա ստորաբաժանումների կամ հսկիչ կետերի օգնությանը,

բ) ուղեւորությունը շարունակելու անհնարինության կամ անթույլատրելիության դեպքում (ավտովարորդի ակնհայտ անսթափ վիճակը, երթեւեկության անվտանգությանը ակնհայտ սպառնացող այլ հանգամանքներ) արգելել ավտոտրանսպորտային միջոցների դեպի նշանակման վայր հետեւումը եւ այդ մասին տեղյակ պահել պետավտոտեսչության մոտակա ստորաբաժանումներին կամ հսկիչ կետերին` օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու համար:

Հոդված15.Փոխադրումների մասնակիցների իրավունքները

Փոխադրումների մասնակիցներն իրավունք ունեն`

ա) օրենքով սահմանված կարգով ծանոթանալ վարչական իրավախախտման գործող վարույթին առնչվող փաստաթղթերին եւ նյութերին,

բ) օրենքով սահմանված կարգով բողոքարկել տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կամ տրանսպորտային տեսչության գործողությունները,

գ) օրենքով սահմանված կարգով պահանջել տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կատարած ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով պատճառված վնասի հատուցում:

Հոդված16.Փոխադրումների մասնակիցների պարտականությունները

Փոխադրումների մասնակիցները պարտավոր են`

ա) ապահովել սույն օրենքի եւ տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարումը,

բ) չխոչընդոտել վերահսկողությանիրականացմանը,

գ) կատարել տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց օրինական պահանջներն ու ցուցումները,

դ) օրենքով սահմանված կարգով հատուցել իրենց ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասները:

ԳԼՈՒԽ 4

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 17.Տրանսպորտային տեսչության նյութատեխնիկական ապահովումը

Տրանսպորտային տեսչության նյութատեխնիկական ապահովումը կատարվում էՀայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Տրանսպորտային տեսչությունը ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով եւ իր անվանումով գունագրաֆիկ երանգավորմամբ եւ ազդանշանային կահավորմամբ ավտոտրանսպորտային միջոցներ, «կանգ» ազդանշանի մական, իսկ տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձը կրում է հատուկ տարբերանշաններով համազգեստ, ունի հատուկ ծառայողական վկայական, որոնց ձեւերը, տրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ5

ԵԶՐԱՓԱԿԻՉԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18.Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: