Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-104111-01.12.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Ուժը կորցրած ճանաչել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի  30-րդ   հոդվածի 4-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա  ֆինանսա-տնտեսական  իրավիճակը բացասական անդրադարձ ունի բնակչության կենսամակարդակի վրա, որը չի նպաստում սոցիալական արդարության եւ հասարակության բեւեռացման վերացման: Գնաճային գործընթացներին  դժվարությամբ դիմակայող քաղաքացիների համար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը հավելյալ ֆինանսական մեծ բեռ է, որն այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար վաղ է եւ անթույլատրելի: Օրենքներն ընդունվում են` նպատակ ունենալով սպասարկելու հասարակական շահը եւ ապահովել սոցիալական պաշտպանվածություն, սակայն ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը ողղված է ապահովագրության ոլորտում մենաշնորհ եւ գերիշխող դեր ստեղծելու հեռանկարի:

Հասարակության ներսում առկա գործընթացներն արդեն իսկ փաստում են, որ քաղաքացիներն ունեն սպասողական դիրքորոշում, քանի որ ի վիճակի չեն վճարել եւ կյանքի կոչել օրինագծի դրույթներից բխող պարտավորությունները: Այն մի կողմից բերում է ֆինանասական հավելյալ չնախատեսված ծախսերի, մյուս կողմից՝ օրինագիծը չի սպասարկում հասարակական եւ հանրային շահերը, այլ, նպատակաուղված ի հաշիվ օրենքի պարտադրանքի, ապահովում է ֆինանսական շուկայի սահմանափակ թվով տնտեսվարողների գերշահույթները:

Օրենքը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, որով ամրագրված են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության եւ գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա, ինչպես նաեւ` քաղաքացիները եւ իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց: Անհրաժեշտ է սահմանադրորեն ամրագրված դրույթը, ըստ որի  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ` պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը սահմանվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով: