Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10381-26.11.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Անհատ ձեռնարկատիրոջ մասին (3 ապրիլի 2001թ. ՀՕ-167) Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, պետական հաշվառմամբ, ինքնուրույն, իր անունից եւ իր ռիսկով (պատասխանատվությամբ) իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց եկամուտ ստանալն է:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ձեռնարկատիրական գործունեությունը (գործարարությունը) տնտեսական գործունեության տարատեսակ է, որն իր մեջ ներառում է փոխկապակցված եւ հաջորդաբար կատարվող գործողություններ, որոնք ուղղված են որոշակի նպատակի հասնելուն` եկամուտ (իրավաբանական անձի կողմից` շահույթ) ստանալուն: Այդ գործունեությունն իրականացվում է ինքնուրույն, որը ենթադրում է գործունեության ոլորտն ընտրելիս ձեռնարկատիրոջ անկախությունը պետական մարմիններից, հիմնարկներից եւ մասնավոր անձանցից: Ձեռնարկատիրական գործունեությունը նաեւ ռիսկային է, որովհետեւ դրա հետեւանքով վնասներ կրելու կամ օգուտներ ստանալու հավանականությունն անորոշ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ձեռնարկատիրական գործունեությունը բնորոշում է վերը նշված երեք հատկանիշներով (հոդվ. 2), սահմանելով, որ դա ինքնուրույն, իր ռիսկով գործունեություն է, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է: Մինչդեռ նախ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը ստանում են ոչ թե շահույթ, այլ եկամուտ: Երկրորդ` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար պարտադիր նախապայման է նաեւ այն, որ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը կարող են ձեռք բերել միայն պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձինք` միայն պետական գրանցման պահից: Եթե ձեռնարկատերն իր գործունեության պետական հաշվառում կամ գրանցում չի իրականացնում, եւ այդ գործունեությունից եկամուտ կամ շահույթ է ստանում, ապա իրավախախտը ենթարկվում է քաղաքացիաիրավական (Քաղ. օր.  26-րդ հոդվ.), վարչաիրավական (ՎԻՎՕ-ի 169-րդ հոդվ.) կամ քրեաիրավական (Քր. օր. 188-րդ հոդվ.) պատասխանատվության:

Բացի այդ, ըստ Քաղ. օր. «Հիմնական դրույթներ իրավաբանական անձանց միությունների մասին» վերտառությամբ 125-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «Եթե մասնակիցների որոշմամբ միությանն իրավունք է վերապահվել իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, ապա այդպիսի միությունը... կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել տնտեսական ընկերություն, կամ լինել նման ընկերության մասնակից:»: Նույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն իրավաբանական անձանց միությունը կարող է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ոչ միայն ինքնուրույն ձեւով, այլեւ այդ նպատակով առեւտրային կազմակերպություն (տնտեսական ընկերություն) ստեղծելու կամ նման կազմակերպությանը մասնակից դառնալու միջոցով, կամ էլ առեւտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության համար կնքված համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա (տե§ս Քաղ. օր. 1026 եւ 1038.1-րդ հոդվածները): Հետեւաբար «ինքնուրույն» բառն իր մեջ պետք է պարունակի նաեւ Քաղ. օր. 50, 125, 1026 եւ 1038.1-րդ հոդվածների նշված բովանդակությունը: Մյուս կողմից, ըստ ԱԺ-ում կառավարության կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական փաթեթի` անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը փոխարինվել է նրանց «պետական հաշվառմամբ» արտահայտությամբ:

Այսպիսով, ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է ոչ միայն պետական գրանցմամբ, այլ նաեւ պետական հաշվառմամբ, ոչ միայն տնտեսական գործունեության սուբյեկտի կողմից ինքնուրույն, այլ նաեւ տնտեսական ընկերակցությանը կամ տնտեսական ընկերությանը մասնակցելու միջոցով, կամ էլ առեւտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության համար կնքված համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա, ոչ միայն սեփական ռիսկով, այլ նաեւ ուրիշների պատասխանատվությամբ, որպիսի հանգամանքները նույնպես արտացոլվել են Քաղ. օր. 2-րդ եւ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» օրենքի 1-ին հոդվածներում:

Սույն օրինագիծը կոչված է վերացնելու Քաղ. օր. 2-րդ եւ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» օրենքի 1-ին հոդվածի հիշյալ բացթողումները: