Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-184-09.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ - 107) 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 22. Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու եւ հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները եւ դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

Հարկային տեսչությունը կարող է սահմանված կարգով հաշվարկել հարկային պարտավորությունը, եթե տեղ է գտնում ստորեւ ներկայացված դեպքերից որեւէ մեկը, որի հետեւանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ հարկվող օբյեկտների եւ հարկային պարտավորությունների հաշվարկումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`

ա/ հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում նաեւ այլ հաշվառման եւ (կամ) գրանցումների վերաբերող) սահմանված փաստաթղթերը.

բ/ հարկ վճարողը վարում է հաշվապահական փաստաթղթերը սահմանված կարգի կոպիտ խախտումներով.

գ/ հարկ վճարողը ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում եւ այլ փաստաթղթերում:

Երկրորդ մասում նկարագրված դեպքերում, հարկվող օբյեկտները եւ հարկային պարտավորությունները գնահատվում են Հարկային տեսչության կողմից համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի եւ հիմնվելով`

. հարկ վճարողի ակտիվների,

. հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների,

. հարկ վճարողի արտադրության եւ շրջանառության ծախսերի,

. գույքագրման եւ չափագրման տվյալների,

. օրենքով սահմանված երրորդ անձից ստացված տեղեկությունների,

. համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջեւ կիրառված գների այլ ցուցանիշների,

. հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի, այդ հարկ վճարողի վաճառվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացման փաստացի գների ամրագրմանը եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ճշտությանն ուղղված հսկիչ գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթավորված տվյալների վրա:

Սույն հոդվածի համաձայն` հարկի նախնական գնահատումց հետո 15 օրվա ընթացքում հարկային տեսչությունը պետք է այս մասին գրավոր տեսքով ծանուցում ուղարկի հարկ վճարողին: Ծանուցումը պետք է ներառի`

ա/ նախնական գնահատում կատարելու շարժառիթները

բ/ գնահատումը կատարելու եւ հաշվարկելու մեթոդը

գ/ գնահատման գումարը

Ծանուցումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում հարկ վճարողը կարող է տեղեկություններ տրամադրել հարկային տեսչությանը` վիճարկելու համար սույն հոդվածով գնահատված գումարը: Հարկային տեսչությունը չպետք է վերջնական գնահատման որոշում ընդունի առանց հաշվի առնելու հարկ վճարողի կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները:

Սույն հոդվածի համաձայն կատարված գնահատման մասին վերջնական որոշումը, որը չի համապատասխանի 4-րդ եւ 5-րդ ենթամասերի պահանջներին կհամարվի անօրինական, սակայն հարկային տեսչությունը կարող է կրկնել գնահատման գործընթացը` 4-րդ ենթամասի համաձայն նոր ծանուցում ներկայացնելով` հոդված 30-ի պահանջած ժամանակային սահմանափակմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: