Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10311-25.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ կետում`

1. Իններորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ. «Տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության եւ (կամ) փաստացի գործունեության բացահայտման եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով հսկիչ գնումներ կարող է իրականացնել նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:»,

2. Տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետում, ինչպես նաեւ Օրենքի հավելված   2-ի վերնագրում «հսկիչ գնումների» բառերից առաջ լրացնել «հարկային մարմնի կողմից» բառերով,

3. Տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետից հետո լրացնել 2.1-րդ կետով.

«2.1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն 2.1-րդ հավելվածի.»,

4. Տասներկուերորդ պարբերության «նկատմամբ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են տնտեսվարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետի «օրենքի խախտման փաստերի քննարկման կապակցությամբ ընդունված որոշման հիման վրա ներկայացված փաստաթղթերի եւ այլ տեղեկատվության հավաստիության» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության եւ (կամ) փաստացի գործունեության բացահայտման եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություններով.

«Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կամ գրանցված կազմակերպություններում` օրենքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված հարցադրումներով ստուգման անհրաժեշտության դեպքում միջնորդութամբ դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, որը օրենքով սահմանված կարգով նշված կազմակերպություններում իրականացնում է ստուգում, որոնց արդյունքներով կազմված եզրակացությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Նշված եզրակացությունը չի կարող բովանդակել բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն: Այդպիսի տեղեկատվությունը կարող է  հատկացվել միայն «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Իրենց լիազորությունների շրջանակներում տնտեսական մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելիս Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բավարար հիմքերի առկայության դեպքում տույժեր են նշանակում ` նախապես խորհրդակցելով միմյանց հետ:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելիս ստուգում իրականցնող անձինք, իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն նաեւ`

ա) տնտեսվարող սուբյեկտից վերցնել տեսագրություններ, ձայնագրություններ, տեղեկատվության էլեկտրոնային եւ այլ կրիչներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին եւ չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.

բ) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող շենք, հողատարածք կամ տրանսպորտային միջոցներ.

գ) ստուգման ժամանակահատվածում եւ ստուգման համար անհրաժեշտ ծավալով կապարակնքել տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք եւ (կամ)  փաստաթղթեր.

դ) տնտեսվարող սուբյեկտի  ցանկացած ներկայացուցչից կամ աշխատակցից պահանջել խնդրո առարկային եւ ստուգման նպատակին վերաբերող փաստերի եւ (կամ) փաստաթղթերի վերաբերյալ բացատրություններ եւ գրավոր ամրագրել դրանք»:»

Հոդված 5. Օրենքի 2-րդ հավելվածից հետո լրացնել նոր 2.1-րդ հավելվածով.
 
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1.1. Uույն կարգով սահմանվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով նախատեuված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության եւ (կամ) տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտմանը եւ (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հuկիչ գնումների իրականացման կարգը:

1.2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հuկիչ գնում է համարվում Հանձնաժողովի կողմից ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով իրականացվող ուuումնաuիրությունը:

1.3. Հuկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիuանում`

ա) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը` հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ,

բ) uահմանված կարգով երրորդ անձից uտացված տեղեկությունները:

1.4. Հuկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են հuկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեuվարող uուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հuկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները եւ Հանձնաժողովի` հuկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված Հանձնաժողովի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են նաեւ այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):

1.5. Հuկիչ գնումից հետո հրամանը ներկայացվում է տնտեuվարող uուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

1.6. Հuկիչ գնման արդյունքում կազմվում է Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւով արձանագրություն` երկու oրինակից: Արձանագրության մեջ նշվում են հրամանի համարը, ամuաթիվը, արձանագրության կազմման վայրը, հuկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հuկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաեւ այդ անձի տվյալները, տնտեuվարող uուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), uտացված արդյունքները: Արձանագրությունն uտորագրում են հuկիչ գնում կատարող անձինք եւ տնտեuվարող uուբյեկտի անունից ապրանքներ վճարող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ oրինակը հանձնվում է տնտեuվարող uուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների արդյունքում ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 251-րդ կետը եւ գերակա խնդիրների ցանկի 86-րդ կետը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաuտանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1272-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 78.2-րդ կետը:

Օրենքի բարեփոխումների համար հիմք են ընդունվել նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային բանկի միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստական կանխավճարի թիվ ՄԶԸ Ք670-ԱՄ» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող «Մրցակցության քաղաքականության  կարգավորիչ դաշտի հզորացում» ծրագիրը (այսուհետ նաեւ` Ծրագիր), որի հիմնական բաղադրիչներն են Հանձնաժողովի ֆինանսական կայունության, անկախության եւ բյուջետային համարժեքության բարելավման մեխանիզմների սահմանումն ու «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) դրույթների վերանայումը, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի մրցակցային քաղաքականությանն առնչվող դրույթը` «Համապատասխանեցում մրցակցության մասին ԵՄ սկզբունքներին» (Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր, 5-րդ մասի 43-րդ հոդված):

Նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելիս հաշվի են առնվել.

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հետապնդում են հետեւյալ նպատակները.

1) Օրենքի խախտումների համար պատասխանատվության միջոցների հստակեցումը եւ խստացումը` համապատասխանեցնելով դրանք իրավախախտումների ծանրության աստիճանին եւ հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձը,

2) Հանձնաժողովի կողմից վերահսկողական լիազորությունների ընդլայնումը,

3) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտումների վերաբերյալ ապացույցների ձեռքբերման եւ ամրապնդման մեխանիզմների ընդարձակումը,

4) հակամրցակցային գործունեության կանխարգելման, uահմանափակման եւ նախազգուշացման առումով, ինչպես նաեւ մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կանխման նպատակով` Օրենքի համապատասխան նորմերում իրավախախտման տարրերի հստակեցումը,

5)  համակենտրոնացումների բացահայտման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ստացման մեխանիզմների ընդլայնումը եւ համակենտրոնացման հայտարարագրման նոր պահանջների սահմանումը,

6) Հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման եւ որակյալ կադրերի ներգրավման նպատակով ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրումը,

7)  Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունների սահմանումը եւ Հանձնաժողովի գործունեության օպերատիվությունն ապահովող համապատասխան ընթացակարգերի նախատեսումը,

8) Օրենքի նորմերի հստակեցումը` հաշվի առնելով իրավակիրառ փորձը, Հանձնաժողովի որոշումների դեմ բերված վարչական բողոքներում եւ դատական հայցերում, ինչպես նաեւ դրանց քննարկման արդյունքում կայացված ակտերում Օրենքի դրույթների վերաբերյալ ներկայացված դիրքորոշումները, եզրահանգումները,

9) այլ օրենքների հետ համապատասխանության ապահովումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (06.11.2000թ. ՀՕ-112) կարգավորվում են տնտեսվարող սուբյեկտների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձանց այն նպատակաուղղված գործողությունների կամ վարքագծի հետ կապված հարաբերությունները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ վնասել սպառողների շահերը: Օրենքով սահմանված են նաեւ Հանձնաժողովի կազմավորմանը, գործունեության կարգին եւ լիազորություններին առնչվող դրույթներ:

Օրենքի կիրառման տեսանկյունից, սակայն, առկա են մի շարք խնդիրներ.

1) Օրենքում սահմանվող տուգանքի չափերը չեն համապատասխանում իրավախախտումների բնույթին եւ ծանրությանը, ինչի պատճառով պատասխանատվության միջոցները չեն ծառայում իրենց նպատակին: Գործող օրենքի` պատասխանատվություն սահմանող դրույթները չեն համապատասխանում նաեւ այլ երկրների մրցակցային մարմինների կողմից կիրառվող պատասխանատվության միջոցներին: Արդյունքում, իրավախախտ տնտեսվարող սուբյեկտները, Հանձնաժողովի կողմից ենթարկվելով պատասխանատվության Օրենքի խախտման համար, հետագայում եւս շարունակում են դրսեւորել իրավախախտ վարքագիծ` առավել նպատակահարմար համարելով ենթարկվել տուգանքի, քան դադարեցնել Օրենքի խախտումները` հաշվի առնելով գործող օրենքով նախատեսված տուգանքի փոքր չափերը:

2) Օրենքում եւ համապատասխան իրավական ակտերում բացակայում են Հանձնաժողովի կողմից Օրենքի խախտումների բացահայտման համար անհրաժեշտ լիարժեք մեխանիզմներ: Մասնավորապես, ներկա պայմաններում Հանձնաժողովը օրենքով սահմանված բավարար լիազորություններ չունի յուրաքանչյուր անհրաժեշտ դեպքում ստուգելու տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տեղեկատվության հավաստիությունը, ինչն էլ հաշվի առնելով` տնտեսվարող սուբյեկտները կարող են Հանձնաժողով ներկայացնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ Հանձնաժողովը հնարավորություն չունի, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կարգով պարզել դրանց հավաստիությունը: Դրա հետ մեկտեղ, Օրենքի համաձայն` ստուգումն իրականացվում է միայն վարչական վարույթի շրջանակներում, ինչի պարագայում տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղյակ լինելով Հանձնաժողովի կողմից հնարավոր իրականացվելիք ստուգման վերաբերյալ, հնարավորություն եւ անհրաժեշտ ժամանակ են ունենում ստուգմանը «նախապատրաստվելու» համար:

3) Հանձնաժողովը չունի անհրաժեշտ լիազորություններ Օրենքի խախտումները հայտնաբերելիս յուրաքնաչյուր դեպքում անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու, այդ թվում` դիտանցումների արդյունքները փաստաթղթավորելու եւ դրանք որպես ապացույց օգտագործելու առումով:

4) Օրենքում բացակայում են տնտեսական մրցակցության արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ մի շարք նորմեր: Մասնավորապես, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները, երբեմն օգտվելով այն հանգամանքից, որ Հանձնաժողովն իրավասություն չունի ազդելու տնտեսվարող սուբյեկտների լուծարման գործընթացի վրա, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում գրանցվելուց հետո, թույլ տալով գերիշխող դիրքի խախտում, լուծարվում են, ինչի հետեւանքով Հանձնաժողովը զրկվում է այս կամ այն ապրաքային շուկայում նրանց վարքագիծը գնահատելու եւ անհրաժետշության դեպքում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից:

Բացի այդ, Օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտը ճանաչվում է գերիշխող դիրք ունեցող` ելնելով իրացման ծավալներից: Մինչդեռ միջազգային պրակտիկայում վերջինս ճանաչվում է ոչ միայն քանակական չափանիշներով, այլեւ հատկորոշվում է շուկայական իշխանությամբ: Այս առումով նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտություն է զգացվում, քանի որ միայն քանակական չափանիշներով առաջնորդվելը չի բացահայտում շուկայում իրականում գերիշխող սուբյեկտներին: Համաձայն Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության 2007 թվականի ուսումնասիրության արդյունքների` աշխարհի զգալի թվով մրցակցային մարմիններ որդեգրել են շուկայում գերիշող դիրքի` ոչ միայն քանակական, այլ նաեւ որակական (շուկայական իշխանության) ցուցանիշներով որոշման մոտեցումը:

5) Օրենքով սահմանված համակենտրոնացումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու առումով առկա են լուրջ խնդիրներ (օրինակ` Հանձնաժողովն այսօր ընդհանրապես տեղեկատվություն չի ստանում բաժնետիրական ընկերություններում բաժնետոմսերի առքուվաճառքի, այդ ընկերությունների վերակազմակերպումների վերաբերյալ), քանի որ Օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված չեն համապատասխան մեխանիզմներ` Հանձնաժողովի կողմից տեղեկատվության ստացման առումով: Բացի այդ, Օրենքում ամրագրված համակենտրոնացման հայտարարագրման շեմերի կիրառման դեպքում չի ապահովվում ապրանքային շուկաներում կենտրոնացվածությունը կանխելու Հանձնաժողովի գործառույթը:

6) Հանձնաժողովի ֆինանսական ռեսուրսների սղությունը: Ներկայումս պետական բյուջեով Հանձնաժողովի գործունեության համար նախատեսված ֆինանսավորումը բավարար չէ Օրենքով Հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների պատշաճ եւ արդյունավետ իրագործման, որակյալ կադրերի ներգրավման եւ ոլորտում մասնագիտացված կադրերի հոսունության կանխման համար: Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր երկրներում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինների ֆինանսավորումը, մեկ աշխատողի հաշվով, տարեկան կտրվածքով, բազմակի գերազանցում է Հանձնաժողովի տարեկան բյուջեն (օրինակ` Հունաստանինը` 36,6 անգամ, Պորտուգալիայինը` 14,6, Ֆրանսիայինը` 12,8, Հունգարիայինը` 7,8, եւ այլն): Բացի այդ Հայաստանի Հանրապետությունում համադրելի լիազորություններով օժտված պետական այլ մարմնի` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տարեկան բյուջեն եւս զգալիորեն (կրկնակի անգամ) գերազանցում է Հանձնաժողովի տարեկան բյուջեն: Հարկ է նշել, որ Հանձնաժողովի բավարար ֆինանսավորման անհրաժեշտության մասին բազմիցս նշվել է նաեւ ոլորտի խնդիրներով զբաղվող գրեթե բոլոր միջազգային փորձագետների կողմից ներկայացված զեկույցներում:

7) Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունների եւ Հանձնաժողովի գործունեության օպերատիվությունը ապահովող համապատասխան ընթացակարգերի բացակայությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի խախտումները բացառելու համար առավել արդյունավետ է օպերատիվ կերպով Օրենքի խախտումների կանխարգելումը, քան դրանց բացահայտումն ու հետեւանքների վերացումը, ուստի այս առումով Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունների բացակայությունը լուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսական մրցակցությունը խաթարող երեւույթների դեմ արդյունավետ պայքար ծավալելու առումով: Բացի այդ, ներկայումս Հանձնաժողովի կողմից կիրառվող ընթացակարգերը թույլ չեն տալիս ավելի օպերատիվ արձագանքել Օրենքի խախտումներին, ինչպես նաեւ ապրանքային շուկաներում կատարվող փոփոխություններին:

8) Օրենքը պարունակում է մի շարք անհստակություններ, որոնք գործնականում խոչընդոտներ են առաջացնում Հանձնաժողովի եւ տնտեսվարող սուբյեկտների մոտ: Մասնավորապես, Օրենքում անհստակություններ են պարունակվում` կապված տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում տեղեկատվություն չներկայացնելու վերաբերյալ նորմերում, ինչի հետեւանքով տնտեսվարող սուբյեկտները երբեմն տեղեկատվությունը Հանձնաժողով են ներկայացնում այն ժամանակ (որոշ դեպքերում` ամիսներ անց), երբ դրա անհրաժեշտությունն այլեւս չկա: Օրենքում անհստակություններ են պարունակվում նաեւ գերիշխող դիրքին, հակամրցակցային համաձայնություններին, համակենտրոնացումներին, անբարեխիղճ մրցակցության դեպքերին վերաբերող նորմերում, որոնք հաճախ գործնականում տարաբնույթ ընկալումների տեղիք են տալիս:

9) Առկա են Օրենքի եւ այլ իրավական ակտերի միջեւ անհամապատասխանություններ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում հակամրցակցային գործունեության համար, չի համապատասխանում Օրենքում կիրառվող հասկացություններին:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Առկա խնդիրներն առաջարկվում է լուծել Օրենքի եւ հարակից օրենքների մեջ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով: Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է խստացնել Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցները, ընդլայնել Հանձնաժողովի լիազորությունները, այդ թվում` ստուգումների իրականացման գործընթացում, մեծացնել ապացույցների ձեռքբերման հնարավորությունները: Նախատեսվում է ավելացնել Հանձնաժողովի տարեկան բյուջեի չափը, հստակեցնել Օրենքի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող դրույթները, վերացնել Օրենքի եւ մի շարք այլ օրենքների միջեւ առկա անհամապատասխանությունները, ինչպես նաեւ Օրենքը լրացնել միջազգային մրցակցային իրավունքում ընդունված եւ լայն կիրառություն ունեցող մի շարք դրույթներով:

2. Կարգավորման առարկան. Ներկայացված նախագծերով ընդհանուր առմամբ առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

1) Պատասխանատվության միջոցների վերաբերյալ: Նախագծով խստացվում են պատասխանատվության միջոցները հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու), գերիշխող դիրքի չարաշահման, օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելու, արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու, անբարեխիղճ մրցակցության գործողության համար: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով միջազգային փորձը, Հանձնաժողովին լիազորություն է վերապահվում, հաշվի առնելով Օրենքի խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտին եւ նրա արարքը բնութագրող հատկանիշները, նրա նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում` անհրաժեշտության դեպքում կիրառելով ավելի մեղմ կամ ավելի խիստ պատասխանատվության միջոցներ:

2) Վերահսկողական իրավասությունների վերաբերյալ: Նախատեսվում է սահմանել ստուգման իրականացման հնարավորությունը` անկախ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցած լինելու հանգամանքից, ինչը կնպաստի խախտումների հայտնաբերման օպերատիվությանը եւ ստուգումների արդյունքում ձեռք բերվող տեղեկատվության արդյունավետ օգտագործմանը` Օրենքի խախտումների բացահայտման իմաստով:

3) Ապացույցների ձեռքբերման վերաբերյալ: Նախատեսվում է ներդնել Հանձնաժողովի կողմից դիտանցումների իրականացման արդյունավետ մեխանիզմներ, ինչը կնպաստի ինչպես համապատասխան տեղեկատվության հնարավորինս արագ ձեռքբերմանը, Օրենքի հնարավոր խախտումներին օպերատիվ արձագանքմանը, այնպես էլ Հանձնաժողովի ապացուցողական մեխանիզմների հզորացմանը, Հանձնաժողովի ապացուցման պարտականությունների կատարմանը վարչական եւ դատական վարույթներում:

4) Հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ: Նախագծով հստակեցվում են հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի չարաշահումների եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների իրավական բնորոշումները: Հակամրցակցային համաձայնությունների բացահայտման առումով սահմանվում է միջազգային մրցակցային օրենսդրության մեջ լայնորեն կիրառվող եւ մեծ արդյունավետություն ունեցող, այսպես կոչված, «պատասխանատվության մեղմման սկզբունքը», երբ հակամրցակցային համաձայնության մասին առաջինը կամովին հայտնած տնտեսվարող սուբյեկտը ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե կամովին պարտավորվում է դադարեցնել այդ համաձայնությանն իր մասնակցությունը եւ հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնության փաստի բացահայտման համար անհրաժեշտ տեղեկություններ: Նախատեսվում է սահմանել գերիշխող դիրքի որոշման որակական չափանիշներ, որպիսի պայմաններում գերիշխող դիրք ունեցող կհամարվեն նաեւ շուկայում իրական ազդեցություն ունեցող այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք քանակական ցուցանիշներով գերիշխող դիրք ունեցող չէին համարվի` ունենալով «շուկայական իշխանություն»: Առաջարկվում է նաեւ սահմանել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների լուծարման վերաբերյալ Հանձնաժողովին տեղեկացնելու պարտականությունը:

5) Համակենտրոնացումների վերաբերյալ: Նախատեսվում է լրացում կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որպեսզի բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպումների եւ բաժնետոմսերի առքուվաճառքի վերաբերյալ Հանձնաժողովին ներկայացվի համապատասխան տեղեկատվություն, ինչը հնարավորություն կտա սահմանել պատշաճ հսկողություն հնարավոր համակենտրոնացումների բացահայտման ուղղությամբ: Բացի այդ, լրամշակվել է Օրենքի 9-րդ հոդվածը, որտեղ սահմանվում են այն դեպքերը, երբ համակենտրոնացումը ենթակա է հայտարարագրման: Մասնավորապես, հիմք ընդունելով Հանձնաժողովի պրակտիկան եւ միջազգային փորձը, հայտարարագրման ենթակա լինելու հանգամանքը պայմանավորվել է ոչ միայն համակենտրոնացման մասնակցի ակտիվներով, այլեւ նրա շրջանառությամբ եւ գերիշխող դիրք ունենալու հանգամանքով: Ընդ որում, նվազեցվել են այն շեմերը, որոնք գերազանցելու դեպքում համակենտրոնացումը ենթակա է հայտարարագրման` դրանք համապատասխանեցնելով իրականությանը:

6) Հանձնաժողովի ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման վերաբերյալ: Նախատեսվում է Օրենքով սահմանել միջազգային չափանիշներին համապատասխանող կիրառելի մեխանիզմներ` ուղղված ֆինանսական անկախությանը,  ինչը  հնարավորություն կտա զարգացնել կարողությունները, բարձրացնել կառույցի  հեղինակությունը, ապահովել առօրյա գործունեությունը`  նպաստելով արդյունավետ գործող մարմնի կայացմանը: Խնդիրը կարեւորվում է նաեւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառման տեսանկյունից: Ընդ որում, Հանձնաժողովի ֆինանսական կարողությունների հզորացումը` որպես նախապայման, ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստական կանխավճարի թիվ ՄԶԸ Ք670-ԱՄ» վարկային ծրագրի շրջանակում` «Մրցակցության քաղաքականության կարգավորիչ դաշտի հզորացում» ծրագրում: Այս առումով, Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումը սկզբունքային է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ազատ մրցակցության նպատակով անհրաժեշտ միջավայրի ձեւավորման համար, այլ նաեւ միջազգային համագործակցության եւ պարտավորությունների կատարման տեսանկյունից:

7) Հանձնաժողովի լիազորությունների եւ ընթացակարգերի վերաբերյալ: Սահմանվում է Հանձնաժողովի լիազորությունը` տնտեսվարող սուբյեկտներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց Օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալու մասին, ինչը կնպաստի Հանձնաժողովի կողմից Օրենքների խախտումների կանխման ուղղությամբ արդյունավետ գործունեության իրականացմանը: Նախատեսվում է ներդնել ընթացակարգեր Հանձնաժողովի գործունեության օպերատիվությունն ապահովելու եւ Օրենքի հնարավոր խախտումներին արագ արձագանքելու նպատակով:

8) Անհստակությունների վերացման վերաբերյալ: Հաշվի առնելով վարչական եւ դատական վարույթներում Օրենքի տարաբնույթ ընկալումների առկայությունը, նախատեսվում է հստակեցնել Օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում` տեղեկատվության ներկայացման, Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունների վերաբերյալ:

9) Այլ օրենքների վերաբերյալ: Առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել նաեւ մի շարք այլ օրենքներում (հարակից օրենքներ), որոնք դրույթներ են պարունակում տնտեսական մրցակցությանը վերաբերող, ինչպես նաեւ Հանձնաժողովի խնդիրներին կամ գործառույթներին առնչվող իրավահարաբերությունների վերաբերյալ: Հարակից օրենքներում կատարվող փոփոխությունները եւ լրացումները նպատակաուղղված են վերը նշված խնդիրների իրականացմանը, ինչպես նաեւ Օրենքի եւ համապատասխան այլ օրենքների միջեւ առկա անհամապատասխանությունների վերացմանը:

3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Իրավական ակտերի կիրառման դեպքում հնարավորինս արդյունավետ կլուծվեն վերը նշված խնդիրները, զգալիորեն կմեծանա Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավման, Օրենքի խախտումների կանխման, բացահայտման եւ հետեւանքների վերացման, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության  տեսանկյունից: