Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-126-11.09.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության՝ 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի  21-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերն անմիջապես  տեղեկացնում են շտապ բժշկական օգնության ծառայություն, որի մասնագետ բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին» օրենքի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված անձին ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայր ընդունելու եւ  գտնվելու ժամանակ   անձի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում բուժզննությունը իրականացնում են ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի հաստիքային բուժաշխատողները կամ վարչակազմի կողմից  հրավիրված այլ բուժաշխատողը: Նման իրավիճակը չի ապահովում անհապաղ, օբյեկտիվ եւ անկախ բուժզննում իրականացնելուն, այն դեպքում, երբ անձին ձերբակալվածներին   եւ կալանավորվածներին  պահելու վայր ընդունելու եւ գտնվելու ժամանակ կատարվող բուժզննումը միջազգային չափանիշների համաձայն պետք է իրականցվի անկախ բժիշկի կողմից: Ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրում անձի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում  անկախ բժիշկի կողմից բուժզննում չիրականացնելու արդյունքում  ձերբակալված կամ կալանավորված անձինք չեն կարող իրենց իրավունքները արդյունավետ պաշտպանելու  հնարավորություն ունենալ:

Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է  «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ  հոդվածում լուծել այն կարեւոր հանգամանքը, երբ   ձերբակալված կամ կալանավորված անձին ձերբակալվածների կամ կալանավորվածների վայր ընդունելիս կամ գտնվելիս անձի մոտ, եթե մարմնական վնասվածքներ է հայտնաբերվում, ապա անհապաղ ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը անմիջապես տեղեկացնում է շտապբուժօգնության ծառայություն, որի բուժաշխատող մասնագետն   իրականացնում է բուժզննությունը:

Ակնկալվող արդյունքները

Օրենքի ընդունման արդյունքում ձեռբակալված կամ կալանավորված անձին ձերբակալվածների կամ կալանավորվածների վայր ընդունելիս կամ գտնվելու ընթացքում անձի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում բուժզննությունը կիրականացվի անկախ բուժաշխատող մասնագետի կողմից, եւ դրա արդյունքում ձերբակալված կամ կալանավորված անձինք իրենց իրավունքները առավել արդյունավետ պաշտպանելու հնարավորություն կունենան, ինչպես նաեւ հնարավորինս կկանխի նրանց նկատմաբ  բռնության գործադրման հնարավոր դեպքերը, որը բխում է ձերբակալված անձին արգելանքի եւ կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքներից:Նորմի կիրարկումը կապահովի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգումների արգելքի խախտումը վերացնելու եւ արդյունավետ քննություն իրականացնելու, եվրոպական դատարանի չափանիշները ապահովելու համար:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

«  » սեպտեմբերի, 2017թ.
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին
Հարգելի պարոն Բաբլոյան.

ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում  «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վահե Էնֆիաջյան ),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ ենք։

Ազգային ժողովի պատգամավորներ`

Միքայել Մելքումյան
Նաիրա Զոհրաբյան
Վահե Էնֆիաջյան
Գեւորգ  Պետրոսյան