Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10281-19.11.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածում`

1)  1-ին մասի 2-րդ նախադասությունը հանել.

2)  2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունը հանել:

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածում լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3. Գործին մասնակցող ֆիզիկական անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկային Հայաստանի Հանրապետության հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, եւ ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:»:

Հոդված 4. Օրենսգրքի 13-րդ հոդվածում «,որոշումներ եւ արձակում վճարման կարգադրություններ» բառերը փոխարինել «եւ որոշումներ» բառերով:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել նոր 15.1-րդ հոդվածով  հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 15.1 ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ     ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Միմյանց հետ կապված մի քանի պահանջներով վեճը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը:

2. Հիմնական է համարվում, այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է հետեւանք ներկայացնող պահանջների լուծման ելքը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մաuնակցող անձի միջնորդությամբ: Միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչեւ դատաքննության ավարտը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն.»:

Հոդված 8. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում «համար» բառից հետո լրացնել «բացառությամբ միջանկյալ ակտերի դեմ բերված բողոքների» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ կետում «որոշում» բառից հետո լրացնել «, որը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:Որոշման պատճենն ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը:» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետում «Դատարանը» բառը փոխարինել «Դատավորը» բառով:

Հոդված 12. Օրենսգրքի 92-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 4-րդ ենթակետը  ուժը կորցրած ճանաչել.

1)  2-րդ կետում «Դատարանը» բառը փոխարինել «Դատավորը» բառով:

Հոդված 13. Օրենսգրքի 95-րդ հոդվածում`

1) 1-ին կետում «պարտավոր է» բառը փոխարինել «իրավունք ունի» բառերով.

2) 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 14. Օրենսգրքի 103-րդ հոդվածում`

1) 1-ին կետում լրացնել նոր 1.1-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1) նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով ծանուցված հայցվորը չի ներկայացել դատական նիստին եւ չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին.».

 2) 1-ին կետի 4-րդ ենթակետում «իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի եւ օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին» բառերը փոխարինել «հատուկ վարույթի կարգով ներկայացված» բառերով.

3) լրացնել նոր  2-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին կետի 1.1-րդ ենթակետով նախատեսված հիմքով դատարանը հայցը թողնում է առանց քննության, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության:»:

Հոդված 15. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետում`

1) 2-րդ ենթակետից հանել «, բացառությամբ սույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.

2) 7-րդ ենթակետի վերջակետը փոխարինել միջակետով.

3)  լրացնել նոր 8-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.

«8) վեճն ըստ էության սպառվել է.»:

Հոդված 16. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «կամ հայցվորի» բառերը, իսկ «ժամանակ» բառը փոխարինել «ժամանակի» բառով:

Հոդված 18. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կետում լրացնել նոր 4-րդ եւ 5-րդ ենթակետեր հետեւյալ խմբագրությամբ.

« 4) ավարտվել է աշխատանքային օրը, եթե օրենքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չէ.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:

Հոդված 19. Օրենսգրքի 124-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ  կետ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածով սահմանված կանոնները տարածվում են նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտերի վրա:»:

Հոդված 20. Օրենսգրքի 130-րդ հոդվածը լրացնել 4-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«4. Վճիռը կայացվում է գործի քննության ավարտից հետո` առանձին սենյակում: Վճիռը կայացնելու ժամանակ այդ սենյակում կարող է գտնվել միայն գործը քննած դատարանի կազմում ընդգրկված դատավորը:»:

Հոդված 21. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 140. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դատական ակտը չի բողոքարկվել:

2. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով այլ ժամկետ նախատեսված չէ:»:

Հոդված 22. Օրենսգրքի 140.1-րդ հոդվածի 2-րդ կետում «դատարանի» բառից հետո «բողոքն» բառը փոխարինել «գործն» բառով:

Հոդված 23. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 24. Օրենսգրքի 149.7-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 25. Օրենսգրքի 149.9-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործին մասնակցող անձինք պատշաճ ձեւով ծանուցվում են գործը դատաքննության նշանակելու որոշման մասին:»:

Հոդված 26. Օ րենսգրքի 36.1-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Օրենսգրքի 207-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 207. Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով կամ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեuված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է վճիռ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ վճռի կայացման մասին:

Սույն մասի 1-ին պարբերությամբ նախատեսված դեպքերում վերաքննիչ բողոք չի կարող բերվել,  երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, ինչպես նաեւ 3-րդ մասի առաջին  պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, եւ այն բավարարվել է դատարանի կողմից:»:

Հոդված 28. Օրենսգրքի 208-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 29. Օրենսգրքի 213-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին կամ.»

2) 1-ին կետի լրացնել 2.1-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին միջնորդությունը մերժվել է կամ.»

3) 1-ին կետի 5-րդ ենթակետում միջակետը փոխարինել վերջակետով.

4) 1-ին կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

5) 3-րդ կետում «Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նախատեսված» բառերով:

Հոդված 30. Օրենսգրքի 214-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում դատարանը այդ որոշումը պատշաճ ձեւով ուղարկում է գործին մասնակցող անձանց:».

2) լրացնել նոր 4-րդ եւ 5-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ .

«4. Վերաքննիչ դատարանը բողոքը ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ վերջինիս տեղեկացնում է բողոքին պատասխան ներկայացնելու նրա իրավունքի մասին;

5. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:»:

Հոդված 31. Օրենսգրքի 215-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ դատարան բողոքը ներկայացնելուց հետո մինչեւ դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնել բողոքը հետ վերցնելու մասին:».

2) 3-րդ կետըշարադրել հետեւյալ խմբագրությամբ

«3. Եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք  եւ վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը լրացել է, ապա վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:»:

Հոդված 32. Օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ի կետում «վճիռ» բառը փոխարինել «որոշում» բառով:

Հոդված 33. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 217.1-րդ հոդվածով.

«Հոդված 217.1. Գործերը մեկ վարույթում միացնելը եւ առանձնացնելը

1. Վերաքննիչ դատարանը, գործին մասնակցող անձանց միջնորդության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, բավարար հիմքերի առկայության դեպքում կարող է մեկ վարույթում միացնել մի քանի գործեր կամ առանձնացնել մեկ վարույթում միացված գործերը:

2. Գործերը մեկ վարույթում միացնելու եւ առանձնացնելու վերաբերյալ վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում:»:

Հոդված 34. Օրենսգրքի 218-րդ հոդվածում`

1)  1-ին կետում «Բողոք բերած անձն իրավունք ունի» բառերը փոխարինել «Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն» բառերով.

2)   2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործին մասնակցող անձինք պատշաճ ձեւով ծանուցվում են վերաքննիչ դատարանի նիստի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:»:

Հոդված 35. Օրենսգրքի 221-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 1-ին ենթակետում «օրինական ուժի մեջ» բառերը փոխարինել «անփոփոխ» բառով.

2) 1-ին կետի 2-րդ ենթակետում «մնում է օրինական ուժի մեջ» բառերը փոխարինել «թողնում է անփոփոխ» բառով.

3) 1-ին կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Բողոքարկված եւ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.».

4) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ,

«Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ կամ բավարարելով բողոքը` վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը: Հայցի ապահովման, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու,  հայցի, ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին միջանկյալ դատական ակտը վերացնելիս վերաքննիչ դատարանը կայացնում է նոր դատական ակտ:».

5) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան` որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:»:

Հոդված 36. Օրենսգրքի 221.3-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու: Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների վերաբերյալ կայացված դատական ակտերն ուժի մեջ են մտնում կայացման պահից:»:

Հոդված 37. Օրենսգրքի 222-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 222.Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով

1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն oրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեuված դեպքերում եւ կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

2.Վճռաբեկ դատարանն իր իրավաuության uահմանում վերանայում է  նաեւ վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու:»:

Հոդված 38. Օրենսգրքի 223-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն»

2) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից եւ կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:»:

Հոդված 39. Օրենսգրքի 228-րդ հոդվածում`

1) 1-ին կետում «վճռի» եւ «վճիռը» բառերը փոխարինել համապատասխանաբար «դատական ակտի» եւ «ակտը» բառերով.

2) 2-րդ կետում «վճիռը» բառը փոխարինել «դատական ակտը» բառերով.

3)  2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետ.

«2.1) դատական ակտը կայացվել է գործին մասնակից չդարձած անձի  իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ.»:

Հոդված 40. Օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բոնվանդակությամբ.

« Սույն կետի 1-ին պարբերությամբ նախատեսված դեպքերում վերաքննիչ բողոք չի կարող բերվել,  երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:»:

Հոդված 41. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 42. Օրենսգրքի 232-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 232. Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը

« 1. Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելուց հետո մինչեւ դատաքննության ավարտը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնել բողոքը հետ վերցնելու մասին:»:

Հոդված 43. Օրենսգրքի 233-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 233. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե`

1) վճռաբեկ բողոքը չի համապատաuխանում uույն oրենuգրքի 231-րդ հոդվածի պահանջներին, կամ.

2) վճռաբեկ բողոքը ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ, եւ բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ.

3) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին միջնորդությունը մերժվել է կամ.

4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը սույն օրենսգրքի 232-րդ հոդվածով սահմանված կարգով դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, կամ.

5) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, ով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի, կամ.

6) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով, կամ.

7) բացակայում են սույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձվելու դեպքում բողոք ներկայացրած անձն իրավունքի ունի կրկին բողոք ներկայացնել վճռաբեկ դատարանի որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվելուց հետո, վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրվում:

3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում uտանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:

4. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե բողոքի թերությունները սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում չեն վերացվել կամ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Սույն հոդվածի 1-ին կետի 3-6-րդ ենթակետերի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելուց հետո վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:»:

Հոդված 44. Օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետում`

1)  «վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ» բառերը հանել.

2) 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 3)առկա է նյութական կամ դատավարական իրավունքի նորմի առերեւույթ էական խախտում կամ.»:

Հոդված 45. Օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին կետում «քաղաքացիական եւ վարչական պալատի» բառերը հանել:

Հոդված 46. Օրենսգրքի 238-րդ հոդվածում`

1)  1-ին կետում «պալատի» բառը հանել.

2) 2-րդ կետում «անձն» բառից հետո լրացնել  «եւ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն» բառերով:

Հոդված 47. Օրենսգրքի 240-րդ հոդվածում

1) 1-ին կետի 1-ին ենթակետում «օրինական ուժի մեջ» բառերը փոխարինել «անփոփոխ» բառով.

2) 1-ին կետի 2-րդ ենթակետում «մնում է օրինական ուժի մեջ» բառերը փոխարինել «թողնում է անփոփոխ» բառով.

3) 1-ին կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Բողոքարկված եւ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.».

4) լրացնել նոր 3-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:»:

Հոդված 48. Օրենսգրքի 241.1-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 7-րդ ենթակետից հանել «գործն ըստ էության լուծող» բառերը.

2) 2-րդ կետում «վճռի» բառը փոխարինել «դատական ակտի» բառերով:

Հոդված 49. Օրենսգրքի 241.3-րդ հոդվածում «ողջամիտ» բառը փոխարինել «հետո` 7-օրյա» բառերով:

Հոդված 50. Օրենսգրքի 241.11-րդ հոդվածի 2-րդ կետում «վերաքննիչ քաղաքացիական» բառերը փոխարինել «վճռաբեկ» բառով:

Հոդված  51. Օրենսգրքի 247.6-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանը» բառերով:

Հոդված  52.   ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արխիվային գործի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսդրության բարելավման նախագծերի հիմքում դրված են ինչպես հիշյալ օրեսդրության կիրառման գործընթացում ի հայտ եկած հիմնախնդիրները լուծելու, այնպես էլ` միջազգային իրավական չափանիշներին ազգային  օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, քանի որ դատաիրավական բարեփոխումների նախորդ  փուլում կյանքի կոչված նորամուծությունները դեռեւս բավարար չեն նշված ոլորտների օրենսդրությունն ավարտուն եւ ամբողջական համարելու համար: Ըստ էության, վերոհիշյալ նախագծերով առաջարկվում է ապահովել դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը եւ, միաժամանակ, շտկել ու վերանայել իրենց չարդարացրած խնդիրները:

Հայաստանի Հանրապետության վարչական դտավարության օրենսգրքի ընդունմամբ, ինչպես նաեւ Հայաստնաի Հանրապետության քաղաքացիական  դատավարության օրենսգրքում կատարված մեծածավալ ու էական փոփոխություններով հիմք դրվեց քաղաքացիական դատավարությունից վարչական դատավարությունը տարանջատելու եւ, ըստ էության, արդարադատության նոր տեսակ հիմնադրելու գործընթացին: Վարչական դատավարության ստեղծումը նպաստեց սահմանադրական բարեփոխումների ոգուն համապատասխան մարդու իրավունքների դատական պաշտպանության առավել կատարյալ դատական համակարգի ձեւավորման եւ պետական կառավարման ոլորտում կամայականությունների կտրուկ նվազման գործընթացին:

Կարելի է փաստել, որ նշված օրենսդրությունների կտրվածքով ընդհանուր առմամբ նախորդ փուլի դատաիրավական բարեփոխումները էական դրական դերակատարում են ունեցել եւ հիմնականում համապատասխանել են այդ ոլորտի օրեսդրական կարգավորումներին ներկայացվող պահանջներին:

Ինչպես հայտնի է, դատաիրավական բարեփոխումների վերջին շրջանում նախապատվությունը տրվեց, այսպես  կոչված, մասնագիտացված քրեական եւ քաղաքացիական դատարանների լուծարմանը, այդ դատարաններին ընդդատյա բոլոր գործերի քննությունը վերապահվեց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններին: Այս դեպքում արդեն նախանշվեց մասնագիտացումն ապահովել հենց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների շրջանակում:

Այս եւ մի շարք այլ ինստիտուցիոնալ փոփոխություններ կարող են արդյունավետ գործել միայն այն դեպքում, երբ  դրանք կուղեկցվեն համապատասխան դատավարական լուծումներով:

Երկու օրենսգրքերի վերլուծությունը, թերեւս, բերում է այն եզրահանգման, որ դրանցում առկա են մի շարք ոչ լիարժեք ու երբեմն էլ հակասական լուծումներ, ինչի արդյուքնում վնասվում է ինչպես դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, այնպես էլ դատարանների բնականոն գործունեությունը:

Մասնավորապես, մտահոգող են ընդհանուր իրավասության դատարանների եւ վարչական դատարանի ոչ համաչափ ծանրաբեռնվածությունը, առանձին իրավական նորմերում առկա ոչ հստակ ձեւակերպումները, դատվարական անավարտ ու ոչ ամբողջական լուծումները եւ այլն:

Մեկ տարուց ավել վարչական դատարանների, ինչպես նաեւ քաղաքացիական դատվարության օրենսդրությունում կատարված փոփոխություններից հետո դատական ատյանների գործունեության վերլուծությունը վկայում է այն մասին, որ այս օրենսդրությունը կարիք ունի ոչ միայն խմբագրական այլեւ` բովանդակային էական փոփոխությունների:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատվարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք: Վարչական դատարանների ստեղծմամբ, ինչպես արդեն նշվեց, սկզբնավորվեց  արդարադատության նոր տեսակի ներդրումը: Այն լուրջ ձեռքբերումների հետ մեկտեղ, ուղեկցվել է որոշ խնդիրներով, որոնք  համակարգված տեսքով ունեն հետեւյալ պատկերը.

-վարչական դատավարությանը` առանձին բնույթի գործերով խիստ բնորոշ է գրավոր դատաքննության ինստիոտուտը, ինչը հաջողությամբ կիրառվում է Սահմանադրական դատարանի գործունեությունում: Գրավոր դատաքննության հաջողված տարբերակներ կարելի է հանդիպել նաեւ արտասահմանյան բազմաթիվ երկրների վարչական դատավարություններում:

Գրավոր դատաքննության ինստիտուտի ամրագրումը նախագծում ոչ միայն բխում է քաղաքացու շահերից, այլեւ` էապես կնպաստի վարչական դատարանների անհարկի ծանրաբեռնավածությունը թեթեւացնելուն,

-հաշվի առնելով այն հանգամանքը, որ  սկզբունքորեն վարչական դատավարությունն էապես չի տարբերվում քաղաքացիական դատավարությունից, Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրվել է դրույթ, որի համաձայն . «Վարչական դատարանում վարչական գործերով դատավարության կարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի են (muatatis mutandis) վարչական դատավարության նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենսգրքին եւ վարչական դատավարության էությանը»:

Նշված ձեւակերպումը բավարար չափով հստակ չէ եւ անհարկի անորոշության տեղիք է տալիս, քանի որ այն բովանդակում է ներքին հակասություն. մի կողմից հստակ ամրագրված է, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները կիրառվում են միայն կոնկրետ սահմանված դեպերում, մյուս կողմից` տեղ է թողնվում «muatatis mutandis»  (այնքանով որքանով) սկզբունքով այդ օրենսդրության  նորմերը կիրառելու համար:

Երկու տարբերակն էլ բավարար չափով հիմնավորված չեն, քանի որ նաեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը բավարար չափով չեն կարող ներառել վարչական դատավարության` իրավական կարգավորման բոլոր հարցադրումները: Ուստի անհրաժեշտություն է առաջացել վարչական դատավարության օրենսգրքում բոլոր կարգավորումները ներառելը,

-դատավարական իրավահաջորդության ինստիտուտը վարչական դատավարությունում  էապես տարբերվում է քաղաքացիական դատավարության նույնանուն ինստիտուտից: Ենթադրվում է, որ համպարփակ իրավահաջորդության դեպքում հարկ է բացառել հայցվորի կողմից համաձայնություն ստանալը, այլապես գոյություն չունեցող դատավարության անձի մասնակցությամբ ընթանալու է դատավարություն, ինչի արդյունքում կայացվելու է վարույթը կարճելու մասին դատական ակտ: Բնականաբար, հիշյալ իրավիճակը ինքստինքյան հանգեցնում է դատավարության սկզբունքների խախտմանը:

Տվյալ դեպքում նախագծով սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

-նախագծով հստակեցվել է ներկայացուցչին տրվող լիազորագրի բովանդակությունը եւ նրանց լիազորությունները: Հիշյալ մոտեցումը կբացառի անբարեխիղճ ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը,

-վարչական դատավարությունում հաշտության համաձայնությունը չի համարվում, որպես գործի վարույթը կարճելու հիմք (Օրենսգրքի 90-րդ հոդված), սակայն գիտագործնական հետզոտությունները եւ միջազգային փորձի բավականին խորը ուսումնասիրությունը վկայում են այն մասին, որ դա եւս պետք է համարվի վարչական դատվարության ավարտի ինքնուրույն տեսակ: Ուստի նախագծում ամրագրվել է ինչպես հաշտության համաձայնությունը կարգավորող նոր հոդված, այնպես էլ այն որպես գործի վարույթը կարճելու հիմք,

-դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ գործի քննության ժամանակ պարզ է դառնում, որ վարչական ակտը սպառել է իրեն , այն արդեն կատարվել է եւ ավարտվել է, իսկ ներկայացված դիմումով վեճն, ըստ էության, դարձել է առարկայազուրկ: Այդպիսի դեպքերում դատարանը հարկադրված քննում է վեճն ըստ էության, մերժում է դիմումը` պահանջի  առարկայազուրկ լինելու հիմքով, ինչի արդյուքնում արդարադատության իրականացումը, թերեւս, դառնում է ինքնանպատակ:

Այս առընչությամբ օրեսգիրքը լրացվել է նոր ինստիտուտով, մասնավորապես գործի կարճման հիմքերը համլրվել են նոր հիմքով, ըստ որի, վարույթը ենթակա կլինի կարճման, եթե վեճը սպառված է`,

-կանոնակարգվել է միմյանց հետ կապված մի քանի պահանջներով գործերի ընդդատությունը:   Նախ, սահմանվել  է հիմնական պահանջին ներկայացվող չափանիշները, իսկ, այնուհետեւ, դրույթ, ըստ որի ընդդատությունը կորոշվի այն հաշվով, թե որ դատարանին է ընդդատյա տվյալ հիմնական պահանջը:

Պահանջների միացման վերաբերյալ մոտեցումը հնարավորություն կտա զերծ պահել դատական համակարգն անհարկի քաշքշուկներից եւ կիրառման մեջ դնել կողմերի խախտված իրավունքների պաշտպանության առավել գործուն իրավական ընթացակարգեր: Տվյալ դեպքում կարող են այլ նոր խնդիրներ առաջանալ` կապված օրենքների միատեսակ կիրառման, մի դատավարության շրջանակներում մի քանի դատավարության նորմեր կիրառելու եւ այլ հարցադրումների առընչությամբ, բայց դրանք լուծելի են եւ չեն կարող խոչընդոտել արդարադատության բուն գործընթացին:

-վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթ գրեթե նույնությամբ նախատեսված է ինչպես Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական, այնպես էլ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (համապատասխանաբար` 361-րդ եւ 27-րդ գլուխներ):

Սակայն, լուծումը ոչ թե պարզապես այդ գործերն ընդհանուր իրավասության դատարաններին վերապահելն է, այլ` ընդհանրապես այդ վարույթի  տեսակը վերացնելն է, ինչպես արվել է ներկայացված նախագծերում, այդպես ստացվում է, որ վճարման կարգադրությունն ընկալում ենք, որպես սոսկ տեխնիկական բնույթի գործառույթ, սակայն փորձում ենք դա վերապահել ընդհանուր իրավասության դատարաններին:

Նախ, այդ գործերի վարույթն ամբողջովին չի կարելի վերապահել ընդհանուր իրավասության դատարաններին, քանզի հակնդդեմ հայց ներկայացնելու դեպքում քննության առարկան դառնում է վարչական ակտի օրինականությունը, ինչը հենց վարչական դատարանի խնդիրն է: Բացի այդ, դատարանը կոչված է արդեն իսկ ծագած վեճի վերաբերյալ գործ քննելու, դատարանը վեճի առկայությունը բացահայտելու մարմին չէ:

-նախագծով ներկայացված վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձի բռնագանձում իրականացնելու պահանջներով վարչական դատարան դիմելու իրավունքի բացառումը, եւս բխում է վերը նշված հիմնավորումից,

- Վարչական դատավարության սկզբունքների շրջանակը թերի է: Ըստ էության, ամրագրված չէ այնպիսի հիմնադրույթ, ինչպիսին է` հրապարակայնությունը:

Սակայն հրապարակայնության վերաբերյալ վերջինիս ձեւակերպումը տարբերվում է ՀՀ դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի ձեւակերպումից. մասնավորապես, այդ հոդվածում ամրագրված է . «գործի` դռնփակ նիստում քննված մասին եւ որդեգրման գործին անձը  կարող է ծանոթանալ միայն դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ»: Այս կարգի հակասության դեպքում անհարկի խնդիր է առաջանալու, թե դրանցից որը պետք է գործի, ուստի հարկ է այդ հարցին եւս անդրադառնալ: Բացի այդ, տրամաբանակ կլնի, որպեսզի չհրապարակվեն դատական ակտի այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննության համար: Այս վերջին դրույթն իր ամրագրումն է ստացել ՀՀ քրեական դատավարության 16-րդ հոդվածի 4-րդ մասով:

-Ավանդաբար, արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան նորմերի դիսպոզիցիաներում վարչական դատավարությունն անտեսված է, իսկ վարչական դատվարության օրենսգրքի բոլոր այն դրույթները, որոնցով ընդհանրացված ձեւով պատասխանատվություն է սահմանված, պարզապես որեւէ իրավական արժեք չունեն եւ չեն գործում: Օրինակ, օրենսգրքի 7-րդ հոդվածում խոսվում է թարգմանչին ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված բացառապես քրեական եւ քաղաքացիական գործերով թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար:

Այս դեպքոմ, անհրաժեշտություն է առաջանում «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում` վերը նշված նորմում կատարել համապատասխան խմբագրումներ` նկատի ունենալով նաեւ վարչական դատավարությունը:

-«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարությի մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարվել են վերջիններս` վերոհիշյալ նախագծերի հետ համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրեսնգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք:

Քաղաքացիական դատավարության օրենսդրության մեջ առկա որոշ խնդիրները համակարգված տեսքով ունեն հետեւյալ պատկերը.

-հարկ է հետեւողականորեն վերացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում առկա կրկնությունները, որոնք, ըստ էության, հակասություններ են»

-անհիմն սահմանափակված է դատավորին ինքնաբացարկ հայտնելու ինստիտուտը: Ըստ Օրենսգրքի 21-րդ հոդվածի, դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ` մինչեւ դատաքննությունը սկսվելը: Սահմանված են որոշ բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս ինքնաբացարկ հայտնել  նաեւ դատաքննության հետագա փուլում, սակայն այդ ինստիտուտը կարող է լիարժեք գործել միայն այն դեպքում, երբ ինքնաբացարկ, առանց որեւէ վերապահումի, հայտնվում է մինչեւ դատաքննության ավարտը: Ուստի ներկայացված նախագծով 21-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանվել է, որ ինքնաբացարկը կարող է հայտնվել մինչեւ դատաքննության ավարտը:

Բացի այդ, հարկ է միասնական մոտեցում ապահովել հիշյան ինստիտուտի առնչությամբ, մասնավորապես թույլատրելի չէ, երբ մի դեպքում ամրագրվում է ինքնաբացարկի, իսկ մեկ այլ դեպքում` բացարկի ինստիտուտը: Ուստի նախագծով համապատասխանություն է ապհովվել Օրենսգրքի 21-րդ եւ 28-րդ հոդվածների դրույթների միջեւ,

-գործող օրենսդրությամբ իրավաչափ լուծում չի տրված նաեւ  հայցվորի իրավունքների ծավալին. հայցվորը պետք է ունենա իրական հնարավորություն փոխելու հայցի հիմքը կամ առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը, հրաժարվելու հայցից մինչեւ դատարանում դատաքննության ավարտը, քանի որ հակառակ դեպքում, դա անհարկի քաշքշուկների տեղիք է տալիս եւ խախտում արդարադատության մատչելիության սկզբունքը: Այս փոփոխությունը եւս սահմանված է նախագծում,

- վերանայվել է նաեւ քաղաքացիական գործերով (բնականաբար, դա կվերաբերի նաեւ վարչական գործերին, քանի որ առկա է օրենսդրական հղում ՀՀ քաղաքացիական դատավրության օրենսգրքի վրա) պետական տուրքի վճարման հիմքերը, մասնավորապես, օրենսգրքի 70-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ առաջարկվում է պետական տուրք գանձել միայն գործն ըստ էության լուծող որոշումների բողոքարկման համար: Իսկ մյուս դատական ակտերի բողոքարկման դեպքում պետական տուրքի գանձումը կարելի է թողնել  անփոփոխ. դա նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ.

-բազմաթիվ դեպքերում ամրագրված չէ դատական որոշ ակտերի բողոքարկման ժամկետը, օրինակ, Օրենսգրքի 77-րդ եւ 221-րդ հոդվածներում: Ուստի ներկայացված նախագծում նախատեսվել է համապատասխանաբար բողոքարկման 7-օրյա եւ 15-օրյա ժամկետներ,

-դատավարության կողմերի իրավական կարգավիճակը ոչ միշտ է համապատասխանում դատավարություան սկզբունքներով ամրագրված պահանջներին: Օրինակ, հայցադիմումի պատասխան ուղարկելը օրենսդրությամբ ամրագրված է ոչ թե որպես պատասխանողի իրավունք, այլ` պարտականություն: Բնականաբար, հիմնավորված չէ պատասխանողին պարտավորեցնել անվերապահորեն պատասխանելու հայցադիմումին: Տվյալ դեպքուկ ապացուցման պարտականության պարտականությունը անհամարժեք է ընկալվել. դրանից ոչ թե ենթադրվում է, որ կողմը պարտավոր է անվերապահորեն ապացուցել իր կողմից բերված փաստարկները կամ հերքել մյուս կողմի փաստարկները, այլ` որ այդ դատավարական գործողությունը բացառապես ինքն է պարտավոր անել, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է. դրանով է պայմանավորված Օրենսգրքի 95-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

-Օրենսգրքի 103-րդ հոդվածում կատարված փոփոխությկամբ վերանայվել է հայցը կամ դիմումը առանց քննության թողնելու հիմքերը: Ըստ էության, գործող հիմքերը համարժեքորեն չեն արտացոլում հայցը կամ դիմումը առանց քննության թողնելու ինստիտուտի նպատակաուղղվածությունը: Նույն կերպ վերանայվել են գործի վարույթի կարճման հիմքերը: Վերը նշված հիմնավորմամբ, որպես կարճման հիմք օրենսգրքի 109-րդ հոդվածում նախատեսվել է նաեւ այն դեպքը, երբ վեճն  ըստ էության սպառվել է,

-Օրենսգրքում որոշ դեպքերում համարժեքորեն ամրագրված չեն դատաքննության փուլում հայցվորի դերը: Մասնավորապես, այն հանգամանքը, որ  հայցվորը հանդիսանում է քաղաքացիական գործի քննության նախաձեռնողը եւ վերջինիս բացակայության դեպքում անիմաստ է դատաքննություն իրականացնելը: Պատշաճ կարգով իրազեկված հայցվորի բացակայությամբ գործ  քննելը հանգեցնում է նրան, որ դատարանն ակամա իր պաշտպանության տակ է վերցնում հայցվորի պաշտպանությունը: Դրանով է պայմանավորված օրենսգրքի 118-րդ հոդվածում կատարված փոփոխությունը,

-գործի քննության ավարտին առնչվող հարաբերությունների իրավական կարգավորման չափանիշները եւս վերանայվել են նախագծով: Առավել տրամաբանական եւ հիմնավորված է թվում, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը կարող է ուղղված լինել այն մոտեցումը, երբ դատարանը գործի քննությունն ավարտելուց հետո, հեռանա վճիռ կայացնելու եւ նույն օրը հրապարակի վճռի եզրափակիչ մասը:

-կողմերի իրավունքների պաշտպանությունը պետք է իրատեսական լինի եւ չուղեկցվի անհարկի ձեւականություններով: Այսպես, գործող օրենսդրության համաձայն դատավորը պարտավոր է գործը դատաքննություն նշանակելու մասին որոշումը ուղարկել գործին մասնակցող  անձանց, մինդեռ առավել հիմնավորված է համարվում այն մոտեցումը, ըստ որի կողմը պատշաճ կարգով ծանուցվում է գործը դատաքննության նշանակելու որշման մասին,

-առանձին դեպքերում դատական ակտերի բողոքարկման համար սահմանված ժամկետները իրատեսկանա չեն: Այսպես, վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար նախագծով սահմանվել է 15-օրյա ժամկետ:

-նախագծով վերանայվել է նաեւ նոր հանգամանքներով դատարան դիելու համար ժամկետների հաշվարկման կարգը եւ փոփոխություն է կատարվել 204.22-րդ հոդվածում: Գործող օրենսդրությամբ, օրինակ, ժամկետը հաշվարկելու սկիզբ է համարվում Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը: Տվյալ դեպքում անտեսվել էր այն հանամանքը, որ Սահմանադրակն դատարանի առանձին որոշումներով սահմանված են դրանց ուժի մեջ մտնելուավելի ուշ ժամկետներ, այսինքն`որոշումը ամբողջությամբ մտնում է ուժի մեջ, սակայն դրա որոշ դրույթներ գործում են որոշ ժամանակ անց: Ընդ որում, այդ ժամկետը հաճախ սամանվում է, որպեսզի օրենսդիրը հնարավորություն ունենա լուծելու օրենսդրական վակուումով պայմանավորված խնդիրները: Ի դեպ, որպեսզի նոր եկած հանգամանքներով բողոք բերելու պարագայում դատարանը լուրջ խոչընդոտների առաջ չկանգնի` կապված գործի ոչնչացման հետ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու «Արխիվային գործի մասին» ՀՀ օրեքում` այն համապատասխանեցնելով  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.10-րդ  հոդվածի հետ.

-նախագծով հստակեցվել է նաեւ վերաքննիչ բողոք բերելու եւ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, մասնավրապես դրանք նույնացվել են վճռաբեկ բողոքի եւայն վարությ ընդունելու հիմքերի հետ,

-հայեցակարգային լուրջ խնդիր է վերաքնության իրավունքից հրաժաարվելու համաձայնագրի վերաբերյալ դրույթի նկատմամբ հստակ մոտեցում դրսեւորելը: Ըստ գործող օրենսդրության (213-րդ հոդված), վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, եթե գործին մասնակցող անձանց միջեւ առկա է վերաքննության իրավունքի հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն:

Նշված դրույթը, ըստ էության, հակասահմանադրական է, քանի որ Սահմանդրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքը սահմանափակելու հիմքերը հստակ ամրագրված են Սահմանադրության 43-րդհոդվածով:  Ընդ որում, դրանք ընդհանուր ոչինչ չունեն համաձայնության հիման վրա սահմանափակումներ ամրագրելու հետ, ուստի այդ կետը նախագծով ուժը կորցրած է ճանաչվել,

-նախագծով վերականգնվել է գործին մասնակից չդարրձված այն անձնաց, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ եւս դատական ակտ է կայացվել, դատական ակտը բողոքարկելու իրավունքը եւ հստակ սահմանվել է վերջիններիս իրավունքները վճռաբեկ դատարանում գործի քննության ընթացքում,

-էական բարեփոխումների անհարժեշտությւոն կա, հատկապես կապվծ վճռաբեկ բողոքների ընդունելիության ինստիտուտի հետ: Ձեւավորված կարծիքի համաձայն, քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ ամրագրված հիմքերը ոչ միայն բացառում են արդարդատության մատչելիության սկզբունքի հետեւողական կկրառումը, այլեւ բովանդակում են կոռուպցիոն էական ռիսկերը:

Հատկապես լուրջ վերանայման կարիք ուներ առերեւույթ այնպիսի դատական սխալի մատնանշումը, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ: Բնականաբար, դատական ակտի որոշակիության եւ կայունության սկզբունքը նշված դեպքում անհամարժեք է ներկայացվել, քանի որ գրեթե բացառվել է նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքովբողոքարկման իրավական հնարավորությունը, ուստի նշված հիմնավորումից ելնելով` փոփոխությւոն է կատարվել օրենսգրքի 234-րդ հոդվածում, որի  1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերը զերծ չեն նաեւ բազմաթիվ խմբագրական թերություններից, որոնք եւս հայտնի չափով խոչընդոտում են արդարադատության բնականոն իրականացմանը, ուստի նախագծերում  իրականացված մի շարք փոփոխություններն էլ նպատակաուղղված են նշված թերությունների վերացմանը:

Միաժամանակ, հարկ է նշել նաեւ, որ կից ներկայացված նախագծերում կատարված փոփոխություններն անհրաժեշտ են առաջարկվող օրենսդրական մի շարք դրույթների լիարժեք կիրառման համար: