Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-116-16.08.2017-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի հոդված 15-ի երկրորդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն մեջ գտնվող անձինք»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՈւՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասը գույքահարկից ազատում է միայն ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, ինչը նշանակում է, որ արտոնությունը չի տարածվում պայմանագրային զինծառայողների, այդ թվում` 20 տարուց ավել ծառայության մեջ գտնվող սպայական կազմի ծառայողների վրա, որոնք ծառայությունը շարունակում են պայմանագրային հիմունքներով: Նման կարգավորումը կարող է նպաստել ՀՀ Զինված ուժերից 20 տարվա պարտադիր զինվորական ծառայություն անցած սպայական կազմի հոսունությանը:

2. Առաջարկվող լուծումները

Սույն նախագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց:

3. Ակնկալվոող արդյունքները

Սույն նախագծի ընդունումը կբարելավի ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
N-98-020
«15» օգոստոսի, 2017թ.

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին.

Հարգելի պարոն Բաբլոյան.

ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածների համաձայն ներկայացնում ենք «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող` Նիկոլ Փաշինյան:

Կից ներկայացնում ենք`

- «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով` ջնջված եւ լրացված ներկայացնում ենք օրենքում առաջարկվող փոփոխությունը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ ենք: