Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-115-16.08.2017-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին»՝ Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի հոդված 15-ի 19-րդ կետում «մայրական կաթի,» բառակապակցությունից հետո լրացնել «դեղերի,» բառով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում դեղերի բարձր գները հանգեցնում են մի իրավիճակի, երբ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են անհրաժեշտ դեղեր ձեռքբերելու համար դիմել արտերկրում ապրող կամ արտերկիր մեկնող բարեկամներին եւ ընդհուպ դեղերի գնումներ իրականացնելու համար մեկնել հարեւան Վրաստան: Փորձագետների, պետական պաշտոնյաների մեկնաբանությունների համաձայն Հայաստանում դեղերի բարձր գների առանցքային պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում դեղերի իրացման վրա կիրառվում է ավելացված արժեքի հարկ: Ստեղծված իրավիճակը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման համար, որովհետեւ դեղերը Հայաստանում գնալով դառնում են ավելի եւ ավելի անմատչելի:

Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է դեղերի իրացումը ազատել Ավելացված արժեքի հարկից:

Ակնկալվող արդյունքները

Դեղերի իրացումը ԱԱՀ-ով հարկումից ազատելը կհանգեցնի դեղերի որոշակի էժանացման, դեղերը համապատասխանաբար կդառնան ավելի մատչելի ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բնակչության առողջապահական վիճակի վրա:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


N-98-021
«15» օգոստոսի, 2017թ.

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին.


Հարգելի պարոն Բաբլոյան.


ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածների համաձայն ներկայացնում ենք ««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ Արտակ Զեյնալյան:

Կից ներկայացնում ենք՝

- «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացնում ենք օրենքում առաջարկվող լրացումը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալություն: