Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1013-29.10.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-118, 16 հունիսի 1997թ.) 3-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ավելացված արժեքի հարկի մասին» (ՀՕ-118, 16 հունիսի 1997թ.) Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով նախատեսվում է անձանց, որոնց կողմից  նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ եւ (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար: Սակայն միեւնույն ժամանակ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանափակում է դրվում լիզենզավորման ենթական գործունեություն իրականացնող կամ լիցենզիա ունեցող այն անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելի:

Պետք է նշել, որ նման մոտեցումը տնտեսական գործունեություն իրականացնող փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ անարդարացի է, հիմնավորված չէ եւ ամենեւին էլ չի խթանում նման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների զարգացմանը: Տրամաբանական չէ  նաեւ, թե օրինակ ինչ տարբերություն կարող է լինել սույն օրենքից օգտվող այն ձեռնարկությունների հարկման մասով, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 10 մլն. դրամը եւ այն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների համար, որոնց տարեկան շրջանառությունը 57 եւ կամ 58 մլն. դրամի շրջանակներում է տատանվում: Հետեւաբար հարց է առաջանում, թե ինչու մեկը պետք է օգտվի այս արտոնությունից, իսկ մյուսը, որի գործունեության համար լիցենզիայի պետական տուրքի տարեկան գումարի չափը անցնում է 100 հազար դրամը, սակայն նրա տարեկան շրջանառությունը փոքր է, չպետք է օգտվի սույն օրենքով տրվող արտոնությունից: Լիցենզիայի պետական տուրքի չափից կախված նման սահմանափակումն հիմնավոր չէ եւ չի բխում «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ կառավարության որդեգրած ՓՄՁ աջակցության ծրագրի նպատակներից: