Armenian ARMSCII Armenian
Կ-075-17.07.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«20. Լիցենզիաների գրանցամատյանի վարումը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին) վարում է լիցենզիաների էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ՝ էլեկտրոնային գրանցամատյան), որը բաղկացած է լիցենզավորող մարմինների կողմից վարվող էլեկտրոնային գրանցամատյաններից:

2. Էլեկտրոնային գրանցամատյաններում պետք է նշվեն`

1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը եւ գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի եւ անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը եւ բնակության վայրը.

2) լիցենզիայի սերիան եւ համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը եւ գրանցման համարը.

4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.

5) գործունեության իրականացման վայրերը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).

6) գործողության ժամկետը.

7) գործողության ժամկետների երկարաձգումները.

8) տեղեկություններ՝ էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիայի վերաձեւակերպման, նրա գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին.

9) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ:

3. Էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի եւ համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը եւ էլեկտրոնային գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ պարբերության ՝«այլ անձանց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերը, իսկ «ծախսերի չափը:» բառերից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած վճարի եւ պետական տուրքի դիմաց այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում պահվող տեղեկությունները կարող են տրամադրվել առցանց:»:

2) 2-րդ մասի երրորդ պարբերության՝ «իրենց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերը, իսկ «ընթացքում՝ անվճար:» բառերից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկությունները անվճար կարող են տրամադրվել առցանց:»:

3) 4-րդ մասի «հրապարակող մարմին» բառերից հետո լրացնել «եւ համապատասխան  գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում:» բառերը:

4) ամբողջ տեքստում «լիցենզիաների» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային» բառերը:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի «Լիցենզիաների» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու մասին որոշումը ընդունելուց եւ պետական տուրքի վճարման մասին  հավաստիանալուց հետո 1-օրյա ժամկետում լիցենզիայի մասին որոշումը գրանցում է էլեկտրոնային գրանցամատյանում, որից հետո էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով  տրամադրվում է լիցենզիայի սերիան եւ հերթական համարը՝  էլեկտրոնային գրանցամատյանում հրապարակելով լիցենզիա տրամադրելու մասին որոշումը:»:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության «լիցենզավորող մարմինը լիցենզիայի» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը.

Հոդված 6.  Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի վերաձեւակերպման  մասին որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ են մտնում լիցենզավորված անձին էլեկտրոնային փոստի միջոցով դրա վերաբերյալ ծանուցելուց եւ միաժամանակ դրանք էլեկտրոնային գրանցամատյանում հրապարակելուց մեկ օր հետո՝ եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխությունները հրապարակելու հետո մեկօրյա ժամկետում պատշաճ ձեւով հանձնվում կամ ուղարկվում են լիցենզավորված անձին:»

Հոդված 7. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում  լիցենզավորող մարմինները պարտավորվում են մինչեւ սույն օրենքը ուժի մեջ մտնելը ընդունված լիցենզիաների տրամադրման  մասին որոշումները, որոնց գործողության ժամկետը չի ավարտվել, գրանցել էլեկտրոնային գրանցամատյանում: