Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10011-13.10.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի մարտի 18-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մասնագիտացված դատարաններն են վարչական դատարանը եւ վարչական վերաքննիչ դատարանը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի`

1) «նման» բառը փոխարինել «այդպիսի» բառով.

2) «նույն» բառը փոխարինել «վերաքննիչ վարչական» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «19» թիվը փոխարինել «16» թվով:

Հոդված 5. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.

«1.1 Վերաքննիչ վարչական դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վարչական դատարանի կայացրած դատական ակտերը:»:

Հոդված 6. Օրենսգրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  41.1-րդ հոդվածով.

«Հոդված 41.1 Մասնագիտացված վերաքննիչ վարչական դատարան

1. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ մասնագիտացված վերաքննիչ վարչական դատարան`դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով:

2. Վերաքննիչ վարչական դատարանի նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:

3. Վերաքննիչ դատարանում վարչական դատարանի ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 50-րդ հոդվածի`

1)  2-րդ մասից հանել «եւ վարչական» բառերը.

2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքով նախատեuված նոր uտեղծվող վերաքննիչ վարչական դատարանում դատավորների եւ դատարանի նախագահի պաշտոններում նշանակումները կատարվում են ոչ ուշ, քան մինչեւ 2010 թվականի նոյեմբերի 25-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 873 որոշումը:

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննարկելով վարչական դատարանի ակտերը միայն մեկ ատյան բողոքարկելու հարցը, սահմանադրության հետ առաջացող խնդիրները, իր 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 873 որոշման մեջ եզրահանգում է կատարում, որ իրավակիրառական պրակտիկայի վերանայմամբ այդ հիմնախնդիրը չի կարող լուծվել:

Սահմանադրական դատարանը իր` 2008 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 780 որոշման մեջ նշել է, որ ինչ վերաբերում է Վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասում առկա «mutatis mutandis» վերապահման կիրառմանը, ապա սահմանադրական դատարանը արձանագրում է, որ այդ վերապահումը որեւէ կերպ չի փոփոխում վարչական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու հիմքերի կամ պայմանների, վճռաբեկ դատարանում վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության կարգը եւ այդ կապակցությամբ վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակը: Փաստորեն այս նորմը վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի եւ գործերի վարույթի նկատմամբ տարածում է վճռաբեկ դատարանում վարույթի այն բոլոր կանոնները, որոնք կիրառվում են քաղաքացիական արդարադատության եռաստիճան համակարգում:

Անշուշտ, ներկա իրավակագավորումը չի կարող բացասաբար չանդրադառնալ վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտապանության իրավունքի իրականացման վրա, քանի որ հիմնավոր  չէ վերաքննիչ վարույթի բացակայության պայմաններում վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի եւ գործերի վարույթի նկատմամբ տարածել վճռաբեկ դատարանում վարույթի այն կանոնները, որոնք կիրառվում են քաղաքացիական արդարադատության եռաստիճան համակարգում, ուստի ներկայումս, երբ ՀՀ վարչական դատարանի կայացրած ակտերը կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով եւ նախատեսված են նույն պայմանները, ինչ եռաստիճան համակարգում, վճռաբեկ ատյանի մատչելիությունը եւ արդյունավետությանը սահմանափակում են այնքան, որ խաթարվում է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը` բացասաբար անդրադառնալով նաեւ վարչական արդարադատության համակարգի կենսունակ գործունեության վրա, որի արդյունքում կարող է խախտվել մարդու արդարադատության մատչելիության իրավունքը:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-780 որոշման մեջ նշում է նաեւ «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, իր հերթին, մեծապես կարեւորելով վարչական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը`որպես մարդու իրավունքների պաշտպանության էական տարր, 2004 թ. դեկտեմբերի 15-ին ընդունել է Վարչական ակտերի դատական վերահսկողության վերաբերյալ (2004) 20 հանձնարարականը: Վերջինս իր 4-րդ (i) կետում ամրագրում է. «Վարչական ակտը վերանայող դատարանի որոշումը պետք է, գոնե կարեւոր գործերում, ենթակա լինի բողոքարկման վերադաս ատյան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը, ներպետական օրենսդրությանը համապատասխան, ուղղակիորեն տրվում է վերադաս ատյանին»: Հանձնարարականը նաեւ ամրագրում է.

- Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի իրենց երկրի դատարանակազմությունը եւ դատական ընթացակարգերը համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին, որպեսզի երաշխավորվի վարչական ակտերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,

- դատական ակտը բողոքարկելու իրավունքը պետք է ճանաչվի յուրաքանչյուր անդամ պետությունում:»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը իրավունքի դատարան է եւ նրա սահմանադրաիրավական կարգավիճակն է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելը, առավել նպատակահարմար է խնդրին տալ դատարանակազմական լուծումներ, որի մասին նշում է նաեւ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ- 873 որոշման մեջ: (Այդ  բողոքարկման հնարավորության ապահովման անհրաժեշտությունից թելադրված պետք է փնտրվեն ու գտնվեն դատարանակազմական լուծումները) : Դա նկատի ունենալով է, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել է 2010թ. դեկտեմբերի 1-ը` «հաշվի առնելով, որ հիմնախնդրին համակարգային լուծումներ տալը պահանջում են օրենսդրական համարժեք կարգավորումներ»:

Ելնելով վերոգրյալից, որպես խնդրի լուծում, առաջարկվում է նախատեսել մեխանիզմ, որով վարչական դատարանի ակտերը հնարավոր է բողոքարկել վերաքննության կարգով` վերաքննիչ դատարանում:

Նման առաջարկության համար հիմք է ընդունվել նաեւ եվրոպական բազմաթիվ երկրների փորձը: Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Ռումինիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Լատվիայում գործում է վարչական արդարադատության եռաստիճան համակարգ: Նշված երկրներում վարչական դատարանի կայացրած ակտերը նախ բողոքարկվում են վերաքննության կարգով /երկրորդ ատյան/, ապա բարձրագույն ատյան /երրորդ ատյան/: Ինչպես տեսնում ենք զարգացած երկրների մեծամասնությունում գործում է վարչական արդարադատության եռաստիճան առանձնացված կամ ոչ ամբողջովին առանձնացված համակարգեր, եւ բնականաբար հենց նման իրավակարգավորումը կարող է երաշխավորել անձի իրավունքների եւ ազատությունների արդյունավետ պաշտպանությունը:

Նշված նախագծով սահմանվում է վարչական դատարանի ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով եւ հղումներ է կատարում այլ օրենքներին միայն այն դեպքում, երբ դրանք դուրս չեն գալիս դատական համակարգի ընդհանուր սահմանադրական սկզբունքների շրջանակներից: Նման փոփոխություն նախատեսելն իրավական պաշտպանության միջոցների արդյունավետությունն ապահովելու նպատակ է հետապնդում:

Ուստի կարծում ենք, որ մեր երկրի դատական համակարգում վարչական արդարադատության արդյունավետության աստիճանը կարող է բարձրանալ միայն այն դեպքում, եթե հնարավորություն տրվի վարչական դատարանի դատական ակտը բողոքարկել նաեւ վերաքննության կարգով, որպեսզի ապահովվի տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն ու լիարժեքությունը` արդարադատության այս տեսակին բնորոշ առանձնահատկությունների պահպանմամբ:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով է պայմանավորված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծը, որոնք կնպաստեն օրենսդրությունում առկա թերությունների վերացմանը եւ նպատակ ունեն այդ իրավունքից օգտվելը դարձնել մատչելի, որի արդյունքում կապահովվի մարդու իրավունքների համակողմանի եւ արդյունավետ պաշտպանությունը: